
Աջ կենտրոնամետները հաղթել են Պորտուգալիայի խորհրդարանական ընտրություններում

Աջակողմյան և կենտրոնամետ կուսակցությունների «Դեմոկրատական դաշինք» կոալիցիան՝ Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար Լուիշ Մոնտենեգրուի գլխավորությամբ, հաղթանակ է տարել մայիսի 18-ին կայացած արտահերթ ընտրություններում։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ «Դեմոկրատական դաշինք» կոալիցիան ստացել է ձայների գրեթե 33%-ը և խորհրդարանում ավելացրել է իր տեղերը՝ հասցնելով առնվազն 89-ի:
Սակայն կոալիցիային չի հաջողվել մեծամասնություն ապահովել, իսկ դա նշանակում է, որ վարչապետը կգլխավորի փոքրամասնության կառավարությունը։
Դեմոկրատական դաշինքի առաջնորդ Մոնտենեգրուն հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմադիր կուսակցությունների հետ քաղաքական գործարքների։
«Մենք բոլորս պետք է հնարավորություն ունենանք միմյանց հետ խոսելու և ազգային շահերը դնենք առաջին տեղում», – ասել է նա՝ ընտրություններից հետո հանդես գալով իր կողմնակիցների առջև։
Ծայրահեղ աջ Chega («Բավական է») կուսակցությունն առնվազն 58 տեղ է ստացել խորհրդարանում։
Սոցիալիստները ցուցադրել են, թերևս, 1987 թվականից ի վեր ամենավատ արդյունքը՝ նույնպես ստանալով 58 մանդատ։
Սոցիալիստների առաջնորդ Պեդրո Նունու Սանտոսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։
Ներկայիս ընտրություններին հանգեցրել էր այն, որ խորհրդարանը մարտին անվստահություն էր հայտնել աջ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մոնտենեգրուի կառավարությանը: Քվեարկությունը կազմակերպվել էր շահերի բախման մեջ մեղադրանքների պատճառով։ Վարչապետը հերքել էր մեղադրանքները, բայց հրաժարական տվել։