Երջանիկ ապուշության վերջին հանգրվանը՝ երկիր-խրախճավայր
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին բացահայտել է Հայաստանի անոմալ իրականության խորքային պատճառը։ Մինչ տարիներ շարունակ բոլորը փորձում են գտնել հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է հնարավոր դարձել անհաշիվ աղետներից ու կորուստներից հետո դրանք Հայաստանին պատճառածների իշխանության պահպանումը, ԿԲ նախագահը հայտարարել է՝ Հայաստանում կա փող, շատ փող։
ԿԲ ղեկավարի հայտարարությունը, իհարկե, կարելի է վերլուծել մասնագիտական տիրույթում, առնչություններ գտնել վարկային շուկայի, արտաքին պարտքի, այլ կառուցակարգերի հետ։ Բայց իրականում Մարտին Գալստյանի հայտարարությունը՝ ֆորմալ առումով լինելով մասնագիտական, ամբողջությամբ քաղաքական բովանդակություն ունի և պատասխանում է հենց վերը նշված հարցին։
Հայաստանում անբնական մեծ փողի քանակությունը տեսանելի է անգամ ոչ մասնագիտական, անզեն աչքով՝ սկսած տնտեսագիտական հիմնավորում չունեցող շինարարության ծավալներից, անշարժ գույքի գների չդադարող աճից՝ մինչև զվարճանքների վայրերի բազմամարդություն։ Դրանք ու էլի մակերեսորեն աչք ծակող բազմաթիվ իրողություններ կարելի է բացատրել տարբեր ցուցանիշներով՝ տրանսֆերտների, զբոսաշրջիկների հոսք, և այլն։
Բայց հիմքում Հայաստանում շատ, ինչպես ԿԲ նախագահն է ասել՝ շատ-շատ փողի առկայությունն ունի քաղաքական դրդապատճառ, և ամենակարևորը՝ քաղաքական գործառույթ։ Անբնական շատ փողը ծառայում է գործող իշխանության կողմից իրականացվող քաղաքականության դեմ հնարավոր հանրային ընդվզում թույլ չտալու նպատակին։
Իհարկե, այնպես չէ, որ մեր հասարակությունն այնքան զգայուն է պետական, ազգային հարցերի նկատմամբ, որ իշխանության հակապետական ու հակաազգային ամեն քայլի առիթով բողոքի ալիք է գեներացնելու։ Բայց մյուս կողմից, իրավիճակն այլ կլիներ, եթե իշխանության այս քաղաքականությունն ուղեկցվեր նաև սոցիալական ծանր պայմաններով, փողի դեֆիցիտով։
Մինչդեռ այսօր Հայաստանում առկա շատ փողը, որի ծագումը նաև կասկածելի է ու կարող է ամենատարբեր վարկածներ ունենալ, օգնում է, որպեսզի մարդկանց գրպանի պարունակությունը կանխի ուղեղի աշխատանքը։ Եվ դա ուղեկցվում է տարիներ շարունակ իշխանության կողմից բոլոր հնարավոր միջոցներով «երջանիկ կյանքի» մասին կեղծ քարոզչությամբ։
Քչերին է հետաքրքրում, որ դա իրականում հայտնի «երջանիկ ապուշների» քարոզչություն է, որովհետև անվտանգային ու գոյաբանական նման խնդիրներ ունեցող երկրում միայն ստամոքսի պարունակությամբ երջանիկ լինելն ապուշության ախտորոշում է։ Բայց իշխանությանն անհրաժեշտ է հենց այդպիսի՝ կուշտ ու թվացյալ երջանիկ ապուշների հավաքականություն, որն այսրոպեական հաճույքը գերադասում է վաղվա օրվա մասին անգամ ամենապարզ դատողությունից։
Իշխանության համար կարևոր է այդ ապուշության ֆինանսավորման անդադարությունը, որն էլ ապահովում է շատ, չափից ավելի շատ փողի առկայությամբ։ Պարզ մարդկանց համար դա, իհարկե, ոչ թե ուղղակի փող է, այլ չափազանց թանկ բանկային փող՝ ամենատարբեր անուններով տրամադրվող վարկային միջոցների տեսքով։ Բայց «երջանիկ ապուշության» մեկ այլ կարևոր նախապայման է, որպեսզի մարդիկ չմտածեն ոչ միայն պետության, այլ նաև սեփական կյանքի ու ֆինանսական բեռի ապագայի մասին՝ ծախսելով թանկ տոկոսադրույքներով փողը, որն իրենցը չէ այնպես, ինչպես արդեն իրենցը չէ խրախճավայրի վերածված պետությունը։
Հարություն Ավետիսյան

