Հերթական բլեֆը. ոչ մի ներգաղթ էլ չկա, եկողները նույնիսկ պակասել են
Որ վերջին շրջանում Հայաստան ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի հաշվեկշիռը, պաշտոնական տվյալներով, դրական է դարձել, դա դեռ չի նշանակում, թե ներգաղթ ու հայրենադարձություն է տեղի ունենում։ Առավել ևս՝ դրա հետևում Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը» չէ, «Իրական Հայաստանը» կամ այն, որ Հայաստանի տնտեսությունն «աննախադեպ» տեմպերով զարգանում է։
Ինչքան էլ Հայաստան մուտք ու ելքի թվերի որոշ փոփոխությունները Նիկոլ Փաշինյանն անվանի հայրենադարձություն և փորձի վերագրել իր ու իր կառավարության բերած խաղաղությանն ու Հայաստանի բարգավաճմանը, դա այդպես չէ։
«Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- օրերս կառավարությունում կայացած մի հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հետագայում այդ մասին խոսեց նաև Ազգային ժողովում՝ կառավարության առաջիկա տարիների գործունեության ծրագրի ներկայացման շրջանակներում։ Անդրադառնալով նկատվող միտումներին, հայտարարեց, թե այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է Հայաստան ՀՀ քաղաքացիների մուտքերի դրական հաշվեկշիռ։
Իրականում այս տարվա առաջին կեսին Հայաստանի քաղաքացիների մուտքերն ավելին են եղել, քան ելքերը։ Բայց տարբերությունն այնպիսին չէ, որը թույլ է տալիս խոսելու «Մեծ հայրենադարձության» կամ ընդհանրապես հայրենադարձության մասին, ինչպես ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ տարեսկզբի առաջին 6 ամիսներին Հայաստանի քաղաքացիների մուտքերը 1346-ով գերազանցել են ելքերին։ Սակայն դրա պատճառը բնավ էլ ներգաղթը չէ։
Իրականում ոչ մի ներգաղթ կամ հայրենադարձություն էլ տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Հայաստանի քաղաքացիների մուտքերն այս տարի նույնիսկ նվազել են։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներով, անցած տարվա առաջին կեսին սահմանը հատած ՀՀ քաղաքացիների 938.8 հազար մուտք էր եղել Հայաստան։ Այս տարվա նույն ժամանակահատվածում մուտքերը կազմել են 871.4 հազար։ Այսինքն՝ 67.4 հազարով ավելի քիչ։
Փոխարենը՝ դուրս գնացողներն են պակասել։ Անցած տարի 958.9 հազար էր, այս տարի՝ 870 հազար։
Սրա պատճառով է, որ մուտքերի ու ելքերի տարբերությունը դրական է։ Բայց դա չի նշանակում, թե ներգաղթ է տեղի ունենում։ Եթե նույնիսկ որոշ քաղաքացիներ վերջին շրջանում վերադառնում են Հայաստան, դա էլ կապ չունի ներգաղթի, իշխանությունների բերած «խաղաղության», տնտեսական կամ սոցիալական «վերելքի» հետ։ Պատճառները թաքնված են ոչ թե Հայաստանում, այլ դրսում, մասնավորապես՝ Ռուսաստանում։
Գալիս են հիմնականում Ռուսաստանում բնակության հաստատած Հայաստանի քաղաքացիները։ Գալիս են ոչ թե նրա համար, որ Հայաստանի իշխանությունները «խաղաղություն» են հաստատել ու տնտեսական իրավիճակ են փոխել, այլ, որովհետև ռուս-ուկրաինական ձգվող պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանում տնտեսական պայմաններն այնքան էլ այն չեն։ Իսկ որ ավելի վատ է՝ անվտանգային խնդիրներն ու ռիսկերն են ավելացել։
Նույն խնդիրներով պայմանավորված՝ նվազել են Հայաստանից գնացողները։
Այս պատկերը շատ արագ փոխվելու է, երբ իրավիճակը Ռուսաստանում կարգավորվի։ Հայաստանի քաղաքացիներն այս պահին Ռուսաստանում իրենց անվտանգ չեն զգում ու որոշում են ժամանակավոր տեղափոխվել։ Սա իշխանությունների բերած ո՛չ խաղաղության, ո՛չ էլ տնտեսական զարգացումների հետ կապված չէ։ Բայց դա առիթ է, որպեսզի անգամ այս հարկադիր միգրացիոն տեղաշարժերը վերագրեն իրենց ու տպավորություն ստեղծեն, թե ժամանակին Հայաստանից հեռացածներն այլևս նախընտրում են վերադառնալ Հայաստան, որովհետև Հայաստանը դարձրել են ապրելու ու աշխատելու համար «դրախտավայր»։
Ինչքանո՞վ է այդպես, երևում է ոչ թե միգրացիոն տեղաշարժերով, այլ նրանով, թե Հայաստանում ապրող հայերը որքանո՞վ են իրենց ու իրենց սերունդների ապագան կապում երկրի, առավել ևս՝ իշխանությունների հետ։ Դրա համար շատ կարևոր մի ցուցիչ կա՝ ծնելիության ցուցիչը։ Ծնելիությունն իշխանությունների բերած «խաղաղության» պայմաններում վերջին տարիներին մշտապես կրճատել է։ Եթե 2024թ. Հայաստանում 33.593 երեխա էր ծնվել, անցած տարի ծնվեց 32.042 երեխա՝ 1551-ով պակաս։
Իսկ գիտե՞ք, թե քանի երեխա էր ծնվել 2023թ.։ Ծնվել էր 36.590 երեխա՝ 4548-ով ավելի շատ, քան 2025թ.։
Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները դեռ իշխանության չէին, «խաղաղություն ու բարգավաճում» չէին հաստատել Հայաստանում, անհամեմատ ավելի շատ երեխաներ էին ծնվում, քան հիմա են ծնվում։
Օրինակ՝ 2016թ. Հայաստանում 40.592 երեխա էր ծնվել՝ 8550-ով ավելի շատ, քան ծնվել է անցած տարի։
Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ 10 տարի առաջ Հայաստանում 8550-ով ավելի շատ երեխա էր ծնվում, քան այսօր, երբ իբր խաղաղություն են հաստատել։
Այս տարի էլ Հայաստանում ծնվող երեխաների քանակը կրճատվել է։ Առաջին կիսամյակում 14.281 երեխա է ծնվել, որը 283-ով պակաս է նախորդ տարվանից։
Ու դա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ հայերը ներգաղթում են Հայաստան։
Ծնունդները նվազել են նույնիսկ այն պարագայում, երբ վերջին մեկ տարում բնակչության քանակը գրեթե 20 հազարով ավելացել է։ Անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը, պաշտոնական տվյալներով, 3084 միլիոն էր, այս տարի դարձել է շուրջ 3104 միլիոն։
Թե ինչի՞ հաշվին է աճել, դժվար չէ հասկանալ։ Աճել է գերազանցապես Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղափոխման ու հարկադրված Հայաստանի քաղաքացիություն ստանալու հաշվին։ Բայց դա էլ չի նպաստել, որ ծնունդներն ավելանան։ Ավելանալու փոխարեն՝ ծնունդները շարունակել են կրճատել, ինչը քաղաքացիների ուղիղ արձագանքն է՝ իշխանությունների իրականացրած քաղաքականությանը, այդ թվում՝ «խաղաղության» քաղաքականությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

