Պատրա՞ստ է քաղաքացին վճարել այդ գինը

Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ԵՄ անդամակցության միայն ապագայի մտադրությունների մասին։ Սակայն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ առաջիկայում Եվրամիության անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթաց կսկսի։

Իսկ թե այդ գործընթացում ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդպես էլ բաց է մնում։

Խնդիրն այն չէ՝ ԵՄ անդամակցությունը լա՞վ է, թե՞ վատ։ Խնդիրն այն է, որ դրա արդյունքը Հայաստանը կարող է ստանալ, լավագույն դեպքում, տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ անց։ Եթե, իհարկե, երբևէ ստանա։ Իսկ մինչ այդ երկիրը ստիպված է լինելու կրել այն ծանր հետևանքները, որոնք թելադրված են լինելու այդ գործընթացից։ Ու դա արդեն տեսնում ենք՝ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների տեսքով։

Ռուսաստանը սահմանափակումները հիմնավորում է բուսասանիտարական խնդիրներով, չնայած բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը միայն դա չէ, նաև քաղաքական է։ Ու մինչ այդ խնդիրները մնում են չլուծված՝ տուժում է Հայաստանի տնտեսությունը, որովհետև տնտեսական ու առևտրային կապերը հիմնականում Ռուսաստանի հետ են։

Կարդացեք նաև

Եվրոպայում հայկական ապրանքների վաճառք գուցեև հնարավոր է, բայց այնտեղ գնորդ գտնելը նույնը չէ, ինչ մաքսատուրքի զրոյացումը։ Պետք է ստանդարտների համապատասխանեցում, սերտիֆիկացում, հետագծելիություն, փաթեթավորում, կայուն ծավալներ և այլն։ Այդ բոլորը չկան, ու այն հայտարարությունները, թե Արարատյան դաշտում աճեցված լոլիկի համար ԵՄ-ն 450 միլիոնանոց շուկա է, ոչ մի արժեք չունի։

Ոչ մի արժեք չունեն նաև եվրոպացի պաշտոնյաների գրավիչ հայտարարությունները, որոնք շատ ավելի քաղաքական են, քան գործնական նշանակություն ունեն։ Երբ փակվեց ռուսական շուկան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում Հայաստանին առևտրային արտոնություններ ու մաքսատուրքերից ազատ մուտք էր խոստանում ԵՄ շուկայում, այն էլ՝ արագացված տեմպերով։ Գրեթե 2 ամիս է անցել, իսկ այդ առաջարկը դեռ նախապատրաստական փուլում է։ Ե՞րբ կավարտվի, հայտնի չէ։

Այս ընթացքում, որքան էլ հայկական ապրանքների որոշ արտահանումներ իրականացվել են այլ շուկաներ, դրանք դժվար է իրական այլընտրանք համարել ռուսականին։ Այդպես է, որովհետև նոր շուկաները դիվանագիտական հայտարարություններով չեն բացվում։ Այդ պատճառով էլ այսօր Հայաստանը ստիպված է ծանր գին վճարել ռուսական շուկայի սահմանափակումների դիմաց։

Այդ գինը շատ ավելի ծանր կարող է լինել, եթե ընդգրկի այլ ոլորտներ ու հատկապես՝ էներգետիկան։ Ռուսական կողմը բաց տեսքով հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ գնալու դեպքում, կարող է դադարեցնել կամ չեղարկել արտոնյալ պայմաններով գազի մատակարարման համաձայնագիրը։

Եթե գազի գինը բարձրանա, հետևանքը չի սահմանափակվի միայն քաղաքացու բնակարանի հաշվիչով։ Կաճեն ջերմոցային տնտեսությունների, սննդի արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների և էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը, որոնք փոխանցվելու են վերջնական գներին ու ծանրանալու են քաղաքացիների վրա։

Հաջորդ խոցելի կետը, որին Հայաստանը կարող է բախվել, աշխատաշուկան է։ Չնայած վերջին տարիներին որոշ չափով նվազել է աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, այնուհանդերձ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց եկամուտները շարունակում են վաստակել ռուսական աշխատաշուկայում։ Միայն 2026թ. առաջին եռամսյակում Հայաստանի ավելի քան 42 հազար քաղաքացի Ռուսաստան մուտք գործելու նպատակը նշել է աշխատանքը։

Ի՞նչ կլինի, եթե այս մարդիկ զրկվեն ռուսական շուկայում աշխատելու հնարավորությունից։

Մեկ այլ խոցելի խնդիր է զբոսաշրջությունը։ 2026թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 1.04 միլիոն զբոսաշրջիկ, գրեթե յուրաքանչյուր երկրորդ-երրորդ զբոսաշրջիկ Ռուսաստանից է։ Եթե քաղաքական հարաբերությունների վատթարացման հետևանքով այդ հոսքը նվազի, ասենք՝ կիսով չափ կրճատվի, առաջին հարվածը կստանան հյուրանոցները, վարձով բնակարաններ տրամադրողները, ռեստորանները, տաքսիստները, զբոսաշրջային ընկերությունները, խանութները, մարզերում գործող փոքր բիզնեսները։ Զբոսաշրջային հոսքերի անգամ մասնակի կրճատումը բերելու է հարյուրավոր միլիոն դոլարների հասնող կորուստների։

Այս կորուստները գուցե կարող են փոխարինվել Եվրոպայից ու այլ երկրներից զբոսաշրջային հոսքերի ավելացման հաշվին։ Բայց այս դեպքում էլ տարիներ են պետք։

Հայաստանի համար շատ զգայուն է նաև դրամական փոխանցումների հարցը։ Ֆիզիկական անձանց անունով կատարվող փոխանցումների առնվազն 65 տոկոսը Ռուսաստանից է։ Անցած տարի միայն բանկային համակարգով կատարված շուրջ 6 մլրդ դոլար փոխանցումներից գրեթե 4 միլիարդը ռուսական ծագում ուներ։ Այժմ էլ Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների ստացման հիմնական աղբյուրը։

Եթե Ռուսաստանը խստացնի Հայաստանի քաղաքացիների աշխատանքի պայմանները, սահմանափակի աշխատանքային միգրացիան կամ հայկական ընտանիքների համար բարդացնի փողի փոխանցումը, հետևանքը շատ արագ կտեղափոխվի ներքին սպառման վրա, որովհետև այդ գումարներով ընտանիքները սնունդ են գնում, վճարում են կոմունալ ծախսերը, վարկերը, ուսման և բուժման վճարները, վերանորոգում են բնակարանները։ Դրանց կրճատումն առաջին հերթին նշանակում է այդ ընտանիքների տնօրինվող եկամտի անկում։ Դա հատկապես ցավոտ կլինի այն մարզերում և ընտանիքներում, որտեղ Ռուսաստանում աշխատող անդամի եկամուտը ընտանիքի հիմնական ֆինանսական աղբյուրն է։

Սրանք այն ոչ բոլոր պատճառներն են, որոնք ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ գնալու տնտեսական գնահատականը չի կարելի սահմանափակել միայն Ռուսաստան արտահանվող ապրանքներով։ Հայաստանի տնտեսությունն ու քաղաքացին բախվելու են բազմաթիվ այլ խնդիրների։ Առանձին վերցրած դրանք գուցե կարող են կառավարելի թվալ, բայց միաժամանակ տեղի ունենալու դեպքում կարող են կաթվածահար անել ամբողջ տնտեսությունը։

Սա իհարկե, բնավ չի նշանակում, որ Հայաստանը պարտադրված է հավերժ մնալ ռուսական տնտեսական կախվածության մեջ։ Բայց պետք է նաև գիտակցել, որ այդ կախվածությունը թուլացնելու համար տարիների աշխատանք է պետք։ Վերջին տարիներին ոչ միայն այդ աշխատանքը չեն կատարել, այլև կախվածությունն ավելի են խորացրել, ինչի հետևանքով քաղաքական ու տնտեսական ապահարզանը կարող է շատ ավելի ցավոտ լինել։

Եթե իշխանությունը որոշել է գնալ այս ճանապարհով, պարտավոր է ոչ միայն ասել, թե ի՞նչ կարող են ստանալ Հայաստանի քաղաքացիները Եվրոպայում 5 կամ 10 տարի հետո, այլև այն, թե ո՞վ և ի՞նչ գին է վճարելու դրա համար։ Մարդիկ պիտի իմանան՝ արժե՞ վճարել այդ գինը, թե՞ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930