Բաժիններ՝

ԱԱՀ-ի գանձումը հետաձգելու գաղտնիքը՝ ըստ վարչապետի

Այսօր նիստում կառավարությունը մերժեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապրանքների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության կատարման 90-օրյա ժամկետ սահմանել:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը զեկուցեց, որ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում ՀՀ սահմանին հաշվարկված և գանձված ԱԱՀ-ն մեծ տեսակարար կշիռ ունի: Մասնավորապես, 2011 թվականին այն կազմել է 207.3 մլրդ դրամ կամ պետական եկամուտների 24.3 տոկոսը, 2012 թվականին` 231.4 մլրդ դրամ կամ պետական եկամուտների 23.4 տոկոսը:

Հաշվի առնելով ՀՀ մաքսային սահմանին հավաքագրված ԱԱՀ աճի միտումները` կարելի է հաշվարկել, որ այլ հավասար պայմաններում, 2013 թվականին ՀՀ մաքսային սահմանին հավաքագրման ենթակա ԱԱՀ-ն կկազմի շուրջ 260.5 մլրդ դրամ կամ ՀՀ պետական եկամուտների 24 տոկոսը: Այսինքն, նախարարի խոսքով, ներկայացված նախագծի ընդունման դեպքում, կստացվի, որ պետական եկամուտների զգալի մասի` 260.5 մլրդ դրամի հավաքագրումը կհետաձգվի առնվազն մեկ եռամսյակով, ինչը ՀՀ հարկաբյուջետային հարաբերությունների ներկա պայմաններում անիրագործելի է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ԱԱՀ-ն սահմանից տեղափոխել և երկրի ներսում գանձելու հարցը ԱՄՀ-ի հետ քննարկվում է:

«Գաղտնիքը կայանում է նրանում, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ: Քանի որ այն պահը, որ մինչև իրականացվի, հավաքագրվի, կարող է անցնել 1-3 տարի: Ռազմավարության առումով սա համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին, սակայն միանգամից այդքան գումար կպահանջվի»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս