Այս շրջանն անվանում ենք «արատավոր» շրջան. Փորձագետները` TRIPP-ի և ադրբեջանական նկրտումների մասին
«Խաղաղության» վաշինգտոնյան հռչակագրից 1 տարի անց հնչեցին շնորհավորանքներ, ուղերձներ, միջազգային մի քանի խաղացողների աջակցող տեքստեր, իսկ Ադրբեջանը շարունակեց ի ցույց դնել հավակնությունները՝ պետական հեռուստաալիքով՝ AZ TV-ով, TRIPP-ը համարելով «Զանգեզուրի պատմական միջանցք», իսկ Սյունիքը՝ «պատմական հայրենիքի մաս»։
Ինչո՞վ է պայմանավորված ընկալումների բացարձակ տարբերությունը․ արդյոք ադրբեջանական կողմը հասկանո՞ւմ է, որ Հայաստանը սահմանափակվել է միայն TRIPP-ով ու չի դիտարկում այլընտրանքներ, Հայաստանն ի վիճակի՞ է այս պահին այլընտրանքներ դիտարկել, և արդյո՞ք Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո բոլոր վտանգները նորից կվերականգնվեն ու TRIPP-ը Թրամփի անվան ճանապարհից կդառնա Թրամփի անվան հուշաքար․ ԱՊՐԻ Արմենիայի՝ «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» խորագրով մամլո ասուլիսի ժամանակ այս հարցադրումները հնչեցրեց 168․am-ը:
Ի պատասխան՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Բենիամին Պողոսյանը նշեց․ «Նախ՝ վերջին հարցերի հետ կապված․ մի քանի օր առաջ Հայաստանում էր ամերիկյան բավականաչափ մեծ պատվիրակություն, այդ թվում՝ նաև Արյեհ Լայթսթոունը։ Եվ երբ նրան հարց տվեցին, թե արդյո՞ք այն, ինչ ձեռք է բերվել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին, 100 տոկոսով բացառում է ռազմական գործողությունների վերսկսումը և տալիս է երաշխիքներ, որ տարածաշրջանում կլինի խաղաղություն առաջիկա տասնամյակների համար, նույնիսկ նա հստակ նշեց, որ այս պահին, հաշվի առնելով, թե ինչ հարափոփոխ աշխարհում ենք մենք, ոչ մի բան չի կարող երաշխավորել 100 %-ով։
Հետևաբար, բնականաբար, այո՛, առնվազն գոնե 2029 թվականի հունվարից հետո, չեմ կարծում`ռացիոնալ է պնդել, թե կարելի է բացառել, օրինակի համար, Ադրբեջանի կողմից առնվազն ռազմական շանտաժի կիրառում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը, որքանով ես եմ հասկանում, այս պահի դրությամբ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է՝ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հետաձգվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բոլորս գիտենք այդ նախապայմանի մասին՝ Սահմանադրության փոփոխության, «տարածքային պահանջների հանման», բայց չեմ կարծում, որ կան հստակ երաշխիքներ, որ նույնիսկ, եթե մենք ունենանք Սահմանադրություն, որը չի ունենալու հղում Անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը հաջորդ օրը կստորագրի խաղաղության պայմանագիրը և կվավերացնի, այլ հանդես չի գա նոր պահանջներով։ Հետևաբար, Ադրբեջանի նպատակը առաջին հերթին՝ ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, օգտագործել խաղաղության պայմանագրի բացակայություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու համար։
Եվ «Ապրի Արմենիա»-ում այս ողջ գործընթացը կոչում ենք «արատավոր շրջան»․ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրելու։ Մենք այս իրավիճակում ենք մինչ այսօր։
Ի ՞նչ կլինի հետո, իհարկե, բարդ է ասել, բայց մի բան հստակ է, որ առայժմ խոսել ինստիտուցիոնալիզացված խաղաղության մասին, քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված ու վավերացված չէ, բնականաբար, մենք չենք կարող»։
«Ապրի Արմենիա»-ի փորձագետ Սերգեյ Մելքոնյանն էլ այս հարցադրումների համատեքստում անդրադարձավ ՀՀ այլընտրանքներին։
«Որպեսզի պատասխանենք այլընտրանքների մասին հարցին, պիտի հասկանանք, թե որո՞նք են շահերը, որպեսզի գտնենք այլընտրանքները։ Եթե հիմնական շահն այն է, որ թույլ չտալ Ադրբեջանին ուժով բացել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, ապա աշխարհում այդ պահին կար (խոսքը 22-23 թթ․-ի մասին է) ընդամենը մեկ պետություն, որը պաշտոնապես հայտարարում էր, որ իր համար դա կարմիր գիծ է, ու ինքը պատրաստ է այդ կարմիր գիծը պահել։
Այդ պետությունն Իրանն էր։ Բայց երբ որ տեղի ունեցավ 2023 թ․-ի հոկտեմբերի 7-ը, ստեղծվեց ընկալում, որ Իրանն արդեն այն ուժային կենտրոնը չի տարածաշրջանում, հետևաբար դժվար կլինի Իրանին դիտարկել որպես զսպման միջոց։ Մենք հիմա տեսնում ենք, որ Իրանը կարողացավ դիմադրել գերտերության և տարածաշրջանային տերության կողմից հարձակմանը, և փաստացի հիմա Իրանն է թելադրում Պարսից ծոցի և մասնավորապես Հորմուզի նեղուցի օրակարգը։ Հետևաբար, այդ շրջանակները գուցե թերագնահատում են Իրանի հնարավորությունները․ եթե դու դիմադրում ես Միացյալ Նահանգներին և Իսրայելին, ինձ թվում է՝ խնդիր չի լինի դիմադրել Ադրբեջանին»,- մանրամասնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

