Առողջապահության նախարարությունը շարունակում է կարմրուկի դեմ միջոցառումներ իրականացնել հայ-վրացական սահմանին

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է. մինչ այժմ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կարմրուկի 4 դեպք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Շատ բարեհաջող վիճակ է, 4 դեպքերով սահմանափակվել ենք: Արդեն անցել է այն գաղտնի շրջանը, որից հետո մենք սպասում էինք, որ դեպքեր կունենանք, սակայն դեպքեր չունենք, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց նա:

Գայանե Սահակյանն ասաց, որ Հայաստանից մարդիկ առանց խուճապի մեկնում են հանգստի: «Իրենց պլանները չեն փոխել: Ճիշտ է՝ Վրաստանում դեպքերը դեռ շարունակվում են, բայց այն ահավոր վիճակը չէ: Արդեն համեմատաբար կարգավորվում է, հոսպիտալացումներն այնտեղ բացարձակ չեն աճում: Պարզապես մարդիկ առաջին իսկ ախտանշանների դեպքում հավանաբար դիմում են»,- ասաց Գայանե Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարությունը շարունակում է միջոցառումներ իրականացնել հայ-վրացական սահմանին. «Ժամանողներին հարցվում է ախտանշանների, նրանց առողջական վիճակի մասին»:

Ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարությունը Վրաստան մեկնողներին խորհուրդ է տալիս մեկնելուց մեկ ամիս առաջ պատվաստվել կարմրուկի դեմ (իմունիտետը ձևավորվում է 4 շաբաթ անց): Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք՝ մինչ այժմ որքան մարդ է դիմել կամավոր պատվաստման համար: «Մենք ամփոփում ենք ամսական կտրվածքով: Բացի պլանային պատվաստումներից՝ լրացուցիչ պատվաստված անձանց թիվը մեզ համար պարզ կլինի միայն հուլիսի 15-ից հետո: Քանի որ պատվաստում կատարող բոլոր պոլիկլինիկաներին պատվաստումը բաշխվել է,  բոլորն էլ հրահանգվել են, որ իրենց ունեցած պատվաստանյութը կարող են ներարկել դիմող քաղաքացիներին: Այսինքն՝ մենք լրացուցիչ քանակություն չենք բաշխել: Եթե որևէ պոլիկլինիկայում ավելի մեծ հոսք է եղել, նրանք իրենց պահուստային քանակներն են օգտագործել»:

Գայանե Սահակյանը ժխտեց տարածված խոսակցությունները, թե կարմրուկը 26 տարի անց կարող է կրկնվել: Նա նաև ասաց, որ կարմրուկի դեմ մեկ անգամ պատվաստվելուց հետո իմունիտետ ձևավորվում է ամբողջ կյանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս