Մեղր, թերխաշ ձու, հակաբիոտիկներ․ վտանգավոր սխալներ՝ սննդային թունավորումից առաջ և հետո

Մանկական սննդային թունավորումները հաճախ են հանդիպում։ Պատճառների, ինչպես նաև թունավորման դեպքում թույլ տրվող սխալների մասին զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ Լիա Անդրեասյանի հետ։

– Որո՞նք են մանկական սննդային թունավորման պատճառները։

– Սննդային թունավորումները մանկական պրակտիկայում հաճախ հանդիպող իրավիճակներ են։ Սովորաբար առաջանում են աղտոտված սնունդ կամ ջուր ընդունելու հետևանքով։ Աղտոտման պատճառ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, հազվադեպ մակաբույծները կամ բակտերիաների կողմից արտադրված տոքսինները։ Օրիակ՝ վիրուսային պատճառներից հաճախ երեխաների մոտ հատկապես ամռանը կարող ենք տեսնել նորովիրուսները, բակտերիալ պատճառներից սալմոնելոզը, դիզենտերիան (արյունային լուծ), Էշերիխիոզը։

– Ավելի շատ ինչի՞ հետևանքով են վարակվում երեխաներըջուր, սնունդ․․․

Կարդացեք նաև

– Շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ սննդային թունավորում կարող է առաջանալ դրսում պատրաստված սննդից, բայց կարող է առաջանալ նաև տանը պատրաստված սննդի հետևանքով, եթե սխալ լինեն պահպանման պայմանները, սննդի մշակումը, ոչ շատ լավ եփված մսամթերքը, կիսահում ձուն, թռչնամիսը, չպաստերիզացված կաթնամթերքը, սերուցքային կամ կաթնային հիմքով աղանդերը, հում ձկնամթերքը և մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում՝ մեղրը։ Սննդային թունավորման պատճառ կարող են լինել նաև մայոնեզով աղցանները։ Ամռանը հիմնական պատճառներից մեկը կարող է լինել սննդի ոչ ճիշտ պահպանումը։

Սննդամթերքը չպետք է դրսում մնա +4-ից բարձր ջերմաստիճանում՝ երկու ժամից ավելի, իսկ +30-ից ավելիի դեպքում ոչ ավելի, քան մեկ ժամ։ Այդ ժամանակից անցնելուց հետո սննդում կարող են արտադրվել տոքսիններ, ինչն էլ կհանգեցնի սննդային թունավորման։ Երբեմն մարդկանց թվում է, որ թունավոր սնունդը պետք է ունենա վատ հոտ կամ համ, բայց դա միֆերի շարքից է։ Նորմալ տեսք, հոտ ունեցող սնունդը ևս կարող է հանդիսանալ սննդային թունավորման պատճառ։ Որոշ դեպքերում թվում է, որ եթե փսխում, փորլուծություն չկա, ապա սննդային թունավորման հետ գործ չունենք, բայց այդպես չէ։

Փոքր երեխաների բերանում հաճախ մեղր են կաթեցնում, սա կարո՞ղ է վտանգներ պարունակել։

– Այո, կարող է խիստ վտանգավոր լինել։ Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում մեղրի կիրառումը կարող է հանգեցնել բոտուլիզմի զարգացման։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր ուղեցույցներով արգելված է մեղրի ընդունումը՝ մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում։

Երբեմն աղիքային վարակն ու սննդային թունավորումը շփոթում ենինչպե՞ս տարբերել։

– Սննդային թունավորումներն էլ են աղիքային վարակի տեսակներ։ Աղիքային ինֆեկցիաներ կարող են փոխանցվել ոչ միայն սննդի միջոցով, այլև այլ ճանապարհներով․ մարդը մարդու հետ կոնտակտի, օդակաթիլային ճանապարհով։ Ախտանշանները կարող են համընկնել։ Հիմնական ախտանշանները փսխումներն են, փորլուծությունը, արտահայտված թուլությունը, որովայնի ցավերը և որպես բարդություն՝ ջրազրկումը։

– Ծնողն ինչպե՞ս օգնի երեխային սննդային թունավորման դեպքում՝ նախքան շտապօգնությանը ժամանումը։

– Հաճախ ծնողներին թվում է, որ անմիջապես պետք է կանգնեցնեն լուծը, բայց պետք է իմանալ, որ լուծը կանգնեցնող դեղերը կիրառելի չեն երեխաների շրջանում։ Պետք չէ որևէ դեղ կիրառել՝ լուծն անմիջապես կանգնեցնելու համար։ Անվտանգ և ապահով օգնություն կարող է հանդիսանալ ջրազրկման կանխարգելումը՝ նախքան բժշկին դիմելը կամ մոտակա հիվանդանոց հասնելը։ Դա առաջարկվում է իրականացնել աղային լուծույթներով։

Սննդային թունավորումները սովորաբար սկսվում են փսխումներով, ու սխալ մոտեցում է, որ այդ ժամանակ պետք չէ երեխային հեղուկ առաջարկել։ Հեղուկ պետք է առաջարկել, սակայն ոչ անմիջապես փսխման դրվագից հետո, որովհետև կարող է հանգեցնել կրկնակի փսխման։ Պետք է 20-30 րոպե հետո առաջակել հեղուկ՝ ռեհիդրացիոն հեղուկներ կամ սովորական ջուր։

Ի՞նչ սխալներ են թույլ տալիս ծնողները։

– Լուծը դադարեցնելն ու հակաբիոտիկներ կիրառելը։ Դեպքերի միայն քիչ տոկոսում է, որ հայտնաբերվում է ինֆեկցիա, որը պետք է բուժվի հակաբիոտիկներով։ Հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի նշանակված բժշկի կողմից և հիմնավորված։ Մյուս սխալը հասարակ հեղուկներ տալը դադարեցնելն է։ Երբեմն մտածում են, որ անհագ ծարավի զգացումը լավ նշան է, որովհետև այն կարող է վկայել ծանր ջրազրկման մասին։ Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն արտահայտված թուլությանը, մեզի քանակի քչացմանը, արյունային լուծին։

Ռիսկի ավելի բարձր խմբում են գտնվում մինչև մեկ տարեկան երեխաները։ Փսխումը, ջրիկ կղանքը կարող է հանգեցնել արտահայտված ջրազրկման։ Ռիսկի խմբում են նաև իմուն համակարգի խնդիրներ ունեցող, ոչ հասուն ծնված, բազային թերսնուցում ունեցող երեխաները։

Սննդային թունավորումը միանգամից արտահայտվո՞ւմ է, թե՞ կարող է տրել օրեր, ժամեր և շաբաթներ։

– Ինչպես բոլոր ինֆեկցիաները՝ ունենում են գաղտնի շրջան։ Վարակի տեսակից կախված՝ գաղտնի շրջանը շատ տարբեր կարող է լինել. ժամերից սկսած՝ մինչև օրեր կարող է տևել։ Սննդային թունավորումներին ավելի կարճ գաղտնի շրջան է բնորոշ։ Սիմպտոմները կարող են սկսել սննդի ընդունումից երկու ժամ հետո։ Վարակի փոխանցման ռիսկի խմբում են չպաստերիզացված կաթնամթերքը, ոչ լավ եփված ձուն, մսամթերքը, թռչնամիսը, կաթնային կամ սերուցքային հիմքով աղանդերը, ոչ շատ լավ լվացված բանջարեղենը, մրգերը։

Բա երբեմն ասում են, որ թերխաշ ձուն լավ է։

– Ոչ, բավարար եփված պետք է լինի երեխաներին առաջարկվող ձուն։ Եփված և հում մթերքները սառնարանում պետք է պահվեն առանձին, քանի որ հում մթերքն իր բակտերիաներով կարող է արդեն եփված սննդամթերքի վարակման պատճառ հանդիսանալ։

Ձուն սալմոնելոզ է պարունակում, դրա համա՞ր է վտանգավոր, թե՞ ուրիշ խնդիրներ է առաջացնում։

– Այո, կարող է սալմոնելոզի պատճառ լինել։

Սննդային թունավորման դեպքում արհեստականորեն փսխում են փորձում առաջացնել, սա ճի՞շտ է, թե՞ սխալ։

– Ոչ։ Եթե երեխան ունի փսխելու ցանկություն, պետք է փսխի, եթե ոչ՝ ինչ-որ լուծույթներ խմեցնել, սոդայի, մարգանցովկայի լուծույթ տալը, կարող են ոչ միայն չօգնել, այլև խիստ վտանգավոր լինել, բազմաթիվ բարդությունների հանգեցնել։ Հակափսխումային դեղերը ևս պետք է նշանակվեն բժշկի ցուցմամբ՝ երեխայի զննումից հետո։

– Եթե տանն են կամ, ասենք, անտառում, և կա սննդային թունավորում, ո՞րն է առաջին օգնությունը։

– Միակ ապահով առաջին օգնությունը հեղուկների կիրառումն է։ Սովորաբար ծնողներին առաջարկում ենք, որ իրենց ճամփորդական դեղատուփում ունենան բերանացի ռեհիդրացիոն փոշիները, որոնք հեշտությամբ պատրաստվում և դառնում են աղային լուծույթներ, որն էլ հեղուկի դեֆիցիտը լրացնող շատ լավ տարբերակ է։ Պետք է ունենալ նաև ջերմիջեցնող դեղորայք, ախտահանիչ միջոցներ։

– Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում սննդային թունավորումն այլ կերպ է ընթանում, դրանից բարձր տարիք ունեցողների մոտ՝ ա՞յլ։

– Սիմպտոմները կարող են ավելի սակավ լինել, բայց ավելի մտահոգիչ։ Մինչև մեկ տարեկաններն իրենց թեթև քաշով պայմանավորված՝ շատ ավելի հեշտ կարող են ջրազրկվել։ Թուլությունը կարող է արագ զարգանալ։ Մինչև 3 ամսականները ռիսկի խմբում են և առաջին իսկ նշանների հայտնաբերման դեպքում երեխան պետք է զննվի մանկաբույժի կողմից։ Հաճախ ծնողները դադարեցնում են կրծքի կաթով կերակրումը կամ կաթնախառնուրդի առաջարկումը՝ մտածելով, որ դա կվնասի ինֆեկցիայի դեպքում, բայց պետք է շարունակել կրծքով կերկրումը, կաթնախառնուրդ տալը։

Շոգ եղանակին բնորոշ է ջրազրկումըսա ևս համարվում է թունավորո՞ւմ։

– Ոչ։ Իհարկե, պետք է մի քիչ ավելի շատ առաջարկել հեղուկ, քան այլ եղանակներին։ Կարող է լինել սովորական ջրազրկում՝ առանց այլ պատճառի։ Երեխաները միշտ ավելի շուտ են ջրազրկվում, քան մեծերը, որովհետև մեծահասակների պաշտպանական մեխանիզմներն ավելի զարգացած են։

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ սննդային թունավորման դեպքում։

– Ամենավտանգավորը և հաճախ հանդիպողը ջրազրկումն է, սակայն կարող են լինել համակարգային բարդություններ, ինչպես, օրինակ, որոշ ինֆեկցիաների դեպքում բնորոշ է երիկամների վնասումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31