Վահագն Ալեքսանյանը չգիտի՞, որ Սու-30-ների ձեռքբերումից դժգոհել են նաև իշխանականներից, որին հետո «միացել» է նաև ինքը

Օգոստոսի 4-ին դեռ ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի օրոք գնված Սու-30-ներին՝ արձագանքելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որ «44-օրյա պատերազմի ընթացքում Սու-30 կործանիչները, որոնք  թանկ գնվեցին, օդ չբարձրացան»:

«Սու-երը դուք դարձրել եք պատմություն, ասում եք՝ տեսեք, իրենք Սու-30 են առել, բայց հրթիռը հետը չկար: Բա չգիտեք, որ երբ որ զենք ես առնում, մինչև ամբողջ լրակազմը ձեռք ես բերում, դա տևում է ժամանակ: Իսկ այդ Սու-ները հիմա կան, օդ-օդ» տեսակի հրթիռներով՝ ևս, և ամեն ինչ նորմալ է»,- շեշտել է ՔՊ-ական պատգամավորը:

Իհարկե, 44-օրյա պատերազմի ժամանակ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները  մարտական որոշակի խնդիր  լուծել են,  բայց ոչ այն, ինչին ի զորու էին: Այո, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն կար 8-12 միավոր ձեռք բերելու, բայց գործող իշխանություններն ընդամենը 4 հատ գնեցին և դրա վրա կանգ առան: Այո, և՛ Սու-30-ների, և՛ «Իսկանդերի» հետ կապված լինում են քաղաքական շահարկումներ, բայց հիմա խոսքը սրա մասին չէ:

Խնդիրն այն է, որ Վահագն Ալեքսանյանը եղել է նախորդ Ազգային ժողովի  պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, մասնակցել է 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նիստերին և զեկույցի տակ դրել իր ստորագրությունը, որտեղ անդրադարձ կա նաև Սու-30-ների ձեռքբերմանը, և, մեղմ ասած, ոչ այնքան դրական քողի տակ:

Կարդացեք նաև

Մոտ մեկ տարի առաջ 168.am-ը «Քննիչ հանձնաժողովի զեկույցի սուբյեկտիվ կողմը. Փաստերի հետքերով» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում գրել ենք, որ, մասնավորապես, Քննիչ հանձնաժողովում փորձագետ է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանը, որն անցնում էր 42 միլիոն դրամի զենքի հայտնի գործով՝ «մետաղաջարդոնների», որի համատեքստում հիշատակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը:

Ավելի ուշ  գրել ենք, որ Ավետիսյանն այս գործով այլևս մեղադրյալ չէ, սակայն, ինչպես ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին՝ «հաշվի առնելով քրեական վարույթի նախաքննության բարդությունը և մեծածավալ լինելու հանգամանքը՝ նախաքննությունը դեռևս շարունակվում է»: Այսինքն, գործը փակված չէ, որը վերաբերում էր 2017 թվականին:

Ըստ այդմ՝  44-օրյային վերաբերող զեկույցը կարող է նախ սուբյեկտիվ լինել, որովհետև այնտեղ, բնականաբար, անդրադարձ է լինելու ՌԷՊ միջոցների արդյունավետ լինել-չլինելու խնդրին, և եթե անգամ 2020թ. պատերազմի ժամանակ Վահան Ավետիսյանը պաշտոն չի զբաղեցրել զինված ուժերում, բայց նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել համապատասխան ոլորտում, և այդ տարիները չի կարող անտեսվել, հատկապես որ, իշխանությունները հայտարարել էին, թե նախապատերազմյան և ավելի վաղ շրջանի սպառազինության ձեռքբերումները ևս հաշվի են առնվելու:

Հիմա եթե հայկական կողմի ՌԷՊ միջոցներն արդյունավետ են աշխատել պատերազմի ժամանակ, ինչի մասին մի առիթով խոսել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ուրեմն ժամանակին մետաղաջարդոն չի գնվել, և Նիկոլ Փաշինյանը ստում էր, երբ մեղադրական սլաք էր ուղղում Սերժ Սարգսյանի դեմ: Այս դեպքում Ավետիսյանն  իր ղեկավարած  ոլորտի արդյունավետության վրա է շեշտը դնելու: Բայց եթե, ամեն դեպքում, եղել են ինչ-ինչ խնդիրներ ՌԷՊ միջոցների հետ կապված, ապա Վահան Ավետիսյանը դա կարող էր փորձել քողարկել: Սուբյեկտիվության համար բավարար հիմքեր են, չէ՞:

Ինչ վերաբերում է հոդվածի բուն թեմային:  2020թ. ապրիլին այդ ժամանակ դեռ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող գնդապետ Վահան Ավետիսյանը բաց նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ «ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում»՝ մասնավորապես, նշելով. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համարձակություն եմ ունեցել մասնագիտական հիմնավորված կարծիք հայտնելու և կասկածի տակ դնելու Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը ՀՀ ԶՈւ-ի համար»:

Սա՝ առաջին:

Երկրորդ, մենք  գրել ենք, որ շատ ուշացումով Անդրանիկ Քոչարյանը, ով դեմ է եղել Սու-30-ների ձեռքբերմանը,  44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցին կցել է  դրանց հետ կապված մի քանի էջանոց իր նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:

Երրորդ դրվագը, անցած տարի ԱԺ-ում Սու-30ՍՄ-ների գնմանն  անդրադարձել էր նաև այդ ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և ինչպես հայտնել ենք՝ դրանց ձեռքբերման «մեղքը» գցել էր զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարել, և ոչինչ, որ իրենց հետ են աշխատել իշխանափոխությունից հետո:

«Էդ որ ասում եք՝ Սու-երը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացել-նայել, թե ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: Այսինքն, նա, ըստ էության, չէր պաշտպանել Սու-30-ների ձեռքբերման գաղափարը:

Եվ հիմա, երբ ԱԺ-ում Վահագն Ալեքսանյանը նեղվում է ընդդիմությունից, որ Սու-30-ներից պատմություն են սարքում, ծանոթ չէ՞ իրենց գործընկերների դիրքորոշումներին, կամ՝ առանց ծանոթանալո՞ւ է իր ստորագրությունը դրել Քննիչ հանձնաժողովի զեկույցի տակ, որի տակ, ի դեպ, մինչև վերջերս, մեր տեղեկություններով, չեն եղել ՔՊ-ական արդեն նախկին պատգամավորներ  Քրիստինե Պողոսյանի և Հայկ Սարգսյանի ստորագրությունները:

Այստեղ, սակայն, պետք է ասել, որ Սու-30ՍՄ-ը շատ լավ կործանիչ է համարում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ուստի, ինչպես 168.am-ը գրել է, ապահովել է դրանց համար անհրաժեշտ «հավելումները»: Խոսքը, մասնավորապես, իրանական «Yasin» պլանավորող ավիառումբերի մասին է, որոնք միջազգային փորձագետները մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ նկատել էին Սու-30-ների թևերի տակ:

Ըստ բաց տվյալների, պլանավորող և շտկող մոդուլով օժտված «Yasin» բարձր ճշգրտության ռումբը կշռում է 300 կիլոգրամ, մարտական մասի զանգվածը 225 կիլոգրամ է, և այն պատկանում է MK-82 դասին: Ավիառումբը նախատեսված է անշարժ թիրախների խոցման համար՝ GPS արբանյակային նավիգացիայի և իներցիալ նավիգացիոն համակարգերի կիրառմամբ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ստանդարտ պայմաններում ռումբի հեռահարությունը 50-60 կիլոմետր է, իսկ օպտիմալ բարձրությունից բացթողնման կամ նետման դեպքում այն կարող է հասնել մինչև 120 կիլոմետրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31