Ո՞ւմ կհասնի 44-օրյա պատերազմի զեկույցի հանրայնացման դափնին, ի՞նչ զարգացումներ կլինեն
Օրերս ՔՊ վարչությունը որոշեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն պետք է լինի Վիլեն Գաբրիելյանը՝ մրցապայքարից դուրս թողնելով Արմեն Խաչատրյանին և Սասուն Միքայելյանին, ընդ որում, վերջինը դուրս էր մնացել հենց առաջին փուլում:
Ինչո՞ւ է որոշել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար չպայքարել Անդրանիկ Քոչարյանը, դրա համար նա իր բացատրությունն ունի, որով պնդում է, թե Վիլեն Գաբրիելյանի մասնակցությունը պայքարին, դրա հետ ոչ մի կապ չունի:
«Ես այդ հանձնաժողովը ղեկավարել եմ 8 տարի, և ամենամեծ խնդիրը, որ 8 տարի հետո գուցե արժի, որ…, հետո դուք ինձ շատ եք ընտելացել, պիտի նորը գա, որ փորձ անեք ինձ չմոռանաք՝ լավ թե վատ, դա կարևոր չի: Վերջին հաշվով, համեմատության մեջ է երևում՝ աշխատանքի որակը բա՞րձր է եղել, թե՞ ոչ»,- օգոստոսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա և շարունակել. «Այստեղ ընտրվել-չընտրվելու հարց չկա, ես ասել եմ, թե որն է ինձ համար ընտրվելու առաջին քայլը՝ դա առաջադրվելն է: Ես երբեք չեմ ինքնաառաջադրվել, 90-ականներին, երբ որ «Ղարաբաղ» կոմիտեն ինձ առաջարկեց գնալ Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնին, ինքն առաջարկեց, և այդպես առաջարկվել է միշտ՝ Պաշտպանության նախարարություն, ԱԺ»:
Լրագրողների հակադարձմանը՝ արդյո՞ք չի ստացվում, որ իրեն մերժել են, Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է՝ ո՞վ է մերժել, որպես այդպիսին՝ նման մեխանիզմ դրված չէր:
«Մեխանիզմը հետևյալն էր՝ ով ցանկանում է, թող ինքնաառաջադրվի: Ես չեմ ցանկացել, անհասկանալի բան չկա, շատ պարզ է ամեն ինչ»,- շեշտել է նա:
Ըստ էության, այստեղ խնդիրը նույնիսկ մեխանիզմը չէ, այլ՝ չցանկանալը հրապարակավ պարտված հռչակվել. եթե քեզ առաջարկում են, նշանակում է՝ քո հաղթանակն ապահովված է «ընտրապայքարում», ըստ այդմ՝ չի բացառվում, որ եթե Անդրանիկ Քոչարյանն իմանար, որ ՔՊ վարչությունն իրեն է ընտրելու, կինքնառաջադրվեր: Սա էլ ոչ պակաս պարզ է, որքան Անդրանիկ Քոչարյանի բացատրությունը, և ինչո՞ւ չէ՝ հասկանալի և բնական:
Բայց հնարավոր չէր, որ ՔՊ վարչությունը նախընտրեր Անդրանիկ Քոչարյանին, եթե մինչ այս մի քանի անգամ տեղեկություններ են եղել, որ քննարկվելու է նրա հարցը՝ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ: Իհարկե, չենք բացառում, որ «սվոյ» չլինելու հարց էլ կար:
Բայց պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանը որոշել է փոխել իր «խորհրդարանական գործունեության» սլաքները, ինչպես ասվում է Մեսչյանի հայտնի երգում, և առաջադրվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, քանի որ դրա տիրույթում են քննչական մարմինների զեկույցները, այդ թվում՝ Գլխավոր Դատախազի, և ըստ Քոչարյանի՝ դրանք առնչվում են նաև անվտանգային խնդիրներին: Ի դեպ, այս հանձնաժողովի նախագահի թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է, որի, այսպես ասած, ենթակայությամբ Անդրանիկ Քոչարյանը չի կաշկանդվի աշխատել, երևի որովհետև չի ղեկավարել այս հանձնաժողովը:
Իսկ Անդրանիկ Քոչարյանին անդրադառնալու հիմնական նպատակը նրա՝ որպես 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ, արածն ու չարածն է, և այն, որ տարբեր ժամկետներ փոխելով՝ այդպես էլ զեկույցը չներկայացվեց: Հիշում ենք Անդրանիկ Քոչարյան-Ալեն Սիմոնյան «իրավաօրենսդրական» բանավեճն այս առումով:
Եվ որքան էլ ընդունենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանար, կշրջանցվեր օրենքը, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի մատնանշած իրավական խոչընդոտները, միևնույն է՝ չենք կարող մոռանալ, թե ինչպես էր Անդրանիկ Քոչարյանն իր «սեյֆում» պահում պատրաստի զեկույցը, թե որքան է ուշացումով այն փոխանցել ԱԺ նախագահին և որոշել ներկայացնել լիագումար նիստում, ինչպես է խախտվել ԱԺ կանոնակարգով սահմանված պահանջը, որի 22-րդ հոդվածը հրավիրված անձանց իրավունքների վերաբերյալ սահմանում է, որ Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար կամ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն՝
–ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ,
– պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:
Բայց Անդրանիկ Քոչարյանը շատ ուշ պատրաստ եղավ միայն արձանագրությունները փոխանցել ռազմական նախկին ղեկավարությանը, իհարկե, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նման ցանկություն չէր էլ հայտնել, միայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի այս պահանջով գրությունները մերժեց նաև այն ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ 44-օրյայի զեկույցը դեռ ճանապարհ ունի անցնելու, ամեն ինչ ավարտված չէ:
«Զեկույցը կարող է «քնել», բայց քանի որ այն ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, և էլի կբարձրանա վերև: Այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որ խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարդա։ Մենք նաև օգտվել ենք զեկույց կազմելուց պաշտպանության նախարարության վերլուծություններից, բայց մեզ ավելի շատ տեղեկատվություն է հաջողվել է հավաքել, որովհետև մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասել։ Ես մի քանի օր առաջ «Հետքի» գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ «ինչու»-ի պատասխանը այնտեղ կա»,- լրագրողներին ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ շատ կցանկանար, որ այդ զեկույցին ծանոթանար հասարակության այն շերտը, որի ընտանիքում զոհ է եղել 44-օրյայի ժամանակ: Թե որքան է մեր զոհերի թիվը, ավելորդ է ասել:
Իսկ ինչ է ասել
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Մենք մի քանի միտք ենք առանձնացրել նրա հետ փոդքաստից՝ ինչո՞ւ պարտվեցինք 44-օրյա պատերազմում թեմայով:
■ 44-օրյա պատերազմում պարտության հիմնական պատճառը՝ կառավարում չկար, բանակը չէր կառավարվում:
■Հատուկջոկատայիններին տարել են դիրք պահելու, թիկունքում ոչինչ չեն արել նրանք (սա այն դեպքում, երբ Ադրբեջանը շեշտը նաև իր հատուկջոկատայինների վրա էր դրել.- Մ.Պ.)
■Մարդ կար՝ կամավորներից առաջին անգամ էր զենք բռնում:
■ 2020-ից չի եղել ադրբեջանական կուտակումները, դա շատ ավելի վաղ է եղել, իրենք ավելի վաղ են զորախմբեր տեղավորել, բլինդաժներ սարքել, դիրքեր փորել: Բայց պատերազմից առաջ էլի հետախուզական տվյալներ ենք ունեցել, օրինակ, Մատաղիսում, Ստեփանակերտում քեֆ էին անում, իսկ Ջաբրայիլում սեպտեմբերի 25-ին արդեն համար մեկ հրաման էր տված և ամբողջ զորքը դիրքերում էր, այսինքն, իրենց հրամանատարը որոշել է… բայց անհնար է, որ ԳՇ պետը, նախարարը չիմանար:
■ Իսկ Կամո Վարդանյանը, ով եղել է ՊԲ շտաբի պետը, չի հիշում ամենակարևոր մանրամասները գործողությունների, այդ թվում՝ հակահարվածի հայտնի օպերացիայի մասին, որի դեպքում հաշվի չի առնվել ոչ մի բան, այդ թվում՝ զորքի բարոյահոգեբանական:
Արդյո՞ք ինչպես Անդրանիկ Քոչարյանն է ասում, 44-օրյայի զեկույցում այս հարցերի պատասխանները կան, այդ թվում՝ հակահարվածի հայտնի օպերացիայի, որը հաստատել է Նիկոլ Փաշինյանը, որի ձախողման համար սկզբում մեղադրեցին Ջալալ Հարությունյանին, ավելի ուշ նա արդարացվեց: Եվ սրա համար ոչ հիմնական պատասխանատու պատասխան չի տալիս, գուցե մի օր Փաշինյանը գտնի նրան, հատկապես, երբ Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ մեղադրական սլաքն ուղղել էր Օնիկ Գասպարյանին: Իսկ հիմա դատարանում հակահարվածի օպերացիայի «բաղադրիչ» մասով՝ «Լելե Թեփեի»-ի գործով անցնում է Սեյրան Օհանյանի որդին՝ Ցորի զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը և ոչ միայն: Նա դատարանում խայտառակ փաստեր է ջրի երես հանում և պահանջում պատասխանատվության կանչել վերադասներին:
Ի դեպ, զեկույցը չի կարող լինել ամբողջական, եթե հարցաքննության չեն հրավիրվել պատերազմի ժամանակ եղած Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները, ՊԲ հրամանատարները և այլն: Քննիչ հանձնաժողովն իր սուբյեկտիվ կողմն ունի նաև այլ առումով, ինչին անդրադարձել ենք: Մենք գրել ենք նաև, որ դրան շատ ուշացումով Անդրանիկ Քոչարյանը կցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գրավոր վերլուծությունը՝ 70-80 էջի սահմանում և Սու-30-ների հետ կապված մի քանի էջանոց իր նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ: Թե ինչի համար 44-օրյայի զեկույցը չի կարող լինել ամբողջական և օբյեկտիվ, կարելի է այլ փաստեր ևս բերել:
Իսկ հիմա քանի որ նորընտիր ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի՝ Վիլեն Գաբրիելյանի օգտին քվեարկությունն է, նրան հարցեր են տալու, նա է ելույթ ունենալու, 44-օրյայի զեկույցի մասին առաջիկայում, կարծում ենք, դեռ խոսելու առիթ կլինի, հատկապես, երբ ամիսներ առաջ հարցին՝ ինչո՞ւ զեկույցը չի հրապարակվում, Փաշինյանը պատասխանել էր.
«Հիմա էլ եկել են, թե՝ բա քննիչ հանձնաժողովի զեկույցը… ասենք, ձեզ պարզ չի՞՝ հես ա էդ էլ ինչ-որ ձևով պիտի հրապարակվի»:
Գուցե իրապես քաղաքական հարմար պահի Փաշինյանը դա հրապարակի, և այդ «հաջողությունը» Վիլեն Գաբրիելյանն իրեն վերագրի, կամ՝ նոր ԱԺ նախագահը: Իսկ Անդրանիկ Քոչարյանը հարազատ հանձնաժողովից հեռանալու է 44-օրյայի մասին բավարար տեղեկատվությամբ, գուցե մի օր իրեն դա պետք գա: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

