Հակասություններ և ներքին-արտաքին առնչություններ

Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարևոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձևով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին և սպառազինության նոր ոստումին:

Եվ բնական է, անշուշտ, որ երևույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր և առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առեւտրական հսկայական գործարքներով առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:

Ռուսական դիրքորոշումների այս ելևէջները ևս զգայացունց իբրև նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից և մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն և Ալիևը իր հոխորտանքներին և ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչև իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:

Զուգահեռ, Երևանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ և համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, և որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որևէ քայլի դիմելուց առաջ:

Ալիևյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։

Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի և ուժի կիրառման բացառման (ընդգծումը մերն է):

Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում և որևէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում և չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիևի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: Եվ եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:

Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական և լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ: Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաև իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:

Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիևի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը և ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով և ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:

Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու եւ իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության և ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի և մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս