Բաժիններ՝

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները․ Արդարադատության նախարարություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախընտրական շրջանում ստացվող ահազանգերի կապակցությամբ հիշեցնում է, որ քաղաքացիներին նախընտրական թեմաներով զանգեր, կարճ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ կամ այլ ուղիղ հաղորդակցություն իրականացնելը պետք է կատարվի բացառապես օրինական հիմքով և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

«Վերջին շրջանում ստացվում են ահազանգեր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր կամ դրանց հետ առնչվող անձինք քաղաքացիներին և իրավաբանական անձանց ուղարկում են նախընտրական բովանդակությամբ զանգեր, հաղորդագրություններ և փոստային նամակներ։ Հատկապես մտահոգիչ են այն դեպքերը, երբ տվյալ անձինք նախկինում որևէ կապ չեն ունեցել համապատասխան ուժերի հետ, չեն տրամադրել իրենց կոնտակտային տվյալները այդ նպատակով օգտագործելու համար և տեղեկացված չեն, թե իրենց անձնական տվյալները որտեղից և ինչ եղանակով են ձեռք բերվել։

Գործակալությունը շեշտում է, որ անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի հասցեների և այլ կապի միջոցների օգտագործումը նախընտրական նպատակներով չի կարող իրականացվել կամայական կերպով։ Անթույլատրելի է անձնական տվյալների հավաքումը, օգտագործումը կամ փոխանցումը, եթե բացակայում է դրա օրինական հիմքը, իսկ տվյալների սուբյեկտը տեղեկացված չէ իր տվյալների աղբյուրի, օգտագործման նպատակի և հիմքերի մասին։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ անհատ ձեռնարկատերերին ուղարկվող հաղորդակցություններում ևս կարող են օգտագործվել նույնականացնող կամ կապի տվյալներ, որոնց մշակումը նույնպես պետք է համապատասխանի օրինականության և համաչափության պահանջներին։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, նախընտրական շտաբներին, նրանց անունից գործող անձանց, ինչպես նաև տվյալների հնարավոր մշակողներին՝ խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց դեպքում անհայտ է տվյալների ծագումը, բացակայում է օրինական հիմքը կամ անձը ողջամտորեն չի կարող ակնկալել նման հաղորդակցություն ստանալ։

Միաժամանակ քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին կոչ ենք անում նման դեպքեր արձանագրելու դեպքում հնարավորինս պահպանել ստացված զանգերի, հաղորդագրությունների կամ նամակների վերաբերյալ տվյալները և համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու նպատակով դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Կոմիտաս 54Բ հասցեով, կամ նամակ ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031