«3+3»-ի շուրջ նոր դիվանագիտական ակտիվություն. ինչո՞ւ հարթակը դեռ չի գործում, և ի՞նչ կարող է փոխվել

Երկարատև դադարից հետո Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը կրկին վերադարձել է քաղաքական օրակարգ։ Գործընթացի ակտիվացման ազդակը տրվեց վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Շուշիում կայացած IV Գլոբալ մեդիաֆորումի ընթացքում, որտեղ նա փաստացի ներկայացրեց Բաքվի վերանայված պատկերացումները հարթակի ապագայի վերաբերյալ։ Ալիևը հայտարարեց, որ կարևոր է՝ «3+3»-ը լինի լիարժեք վեցակողմ համագործակցություն։

«Քանի դեռ Վրաստանը չի միացել, առնվազն հնգակողմ, բայց շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որպեսզի այս մեխանիզմը չվերածվի հերթական Մինսկի խմբի, որը կզբաղվի բացառապես ադրբեջանա-հայկական հարցերով։ Այն պետք է ընդգրկի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցեր՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ հավասարության սկզբունքով»,- ասել էր նա։

Ալիևը նաև ընդգծել էր, որ եթե այս մոտեցումն ընդունելի լինի մյուս մայրաքաղաքների համար, ապա հնարավոր կլինի կազմակերպել առնվազն արտգործնախարարների մակարդակով հնգակողմ հանդիպում։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը գրեթե անմիջապես ստացավ Մոսկվայի արձագանքը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատեց, որ Ռուսաստանը շարունակում է «3+3»-ը դիտարկել՝ որպես Հարավային Կովկասի առանցքային տարածաշրջանային ձևաչափ, և հիշեցրեց` հարթակի ապագա նիստերի անցկացման հերթականության շուրջ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա հատուկ ընդգծեց, որ 2026 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած փորձագիտական հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են «կենտրոնանալ փոխշահավետ կոնկրետ տնտեսական նախագծերի վրա՝ խուսափելով գործընթացի քաղաքականացումից», հավելելով, որ Ռուսաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը։

«3+3»-ի թեման շարունակեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների շրջանակում։

Լավրովը հայտարարեց, որ Հարավային Կովկասի իրավիճակի քննարկման հետ մեկտեղ՝ կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափին՝ նշելով. «Մենք արձանագրում ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձն ու աճը»։ Բայրամովն իր հերթին՝ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ասաց, որ ձևաչափը տարածաշրջանային համագործակցության կարևոր մեխանիզմ է։

Ըստ նրա, հենց այդ պատճառով էլ 2024 թվականին կայացած վերջին հանդիպումից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանն առաջարկեց հաջորդ նիստն անցկացնել Ադրբեջանում։ «Մենք կարծում ենք, որ այս հարթակը կարևոր նշանակություն ունի մասնակից պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի քննարկման տեսանկյունից։ Հենց այս մոտեցումից ելնելով՝ մենք կրկին վերահաստատում ենք Ադրբեջանում հաջորդ հանդիպումն ընդունելու մեր պատրաստակամությունը»,- նշել էր Բայրամովը։

«3+3»-ի շուրջ վերջին դիվանագիտական ակտիվությունը, սակայն, դեռևս չի նշանակում, որ հարթակը մոտ է լիարժեք գործարկմանը։ Գործընթացի գլխավոր խոչընդոտը ոչ այնքան կազմակերպչական, որքան աշխարհաքաղաքական բնույթ ունի։

Հարթակը ձևավորվել է այն տրամաբանությամբ, որ Հարավային Կովկասի անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերը պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանի պետությունների և անմիջական հարևանների մասնակցությամբ՝ առանց արևմտյան դերակատարների ներգրավման։ Այս հեռանկարով այս փուլում առավելապես հետաքրքրված են Ռուսաստանն ու Իրանը, որոնց ազդեցության դեմ էլ ակտիվորեն պայքարում է Արևմուտքը Հարավային Կովկասում։

Հենց այս սկզբունքն է «3+3»-ը դարձնում մրցակցային Արևմուտքի համար, որն իր հերթին՝ վերջին տարիներին հետևողականորեն խորացրել է քաղաքական և անվտանգային ներգրավվածությունը տարածաշրջանում՝ Եվրամիության դիտորդական առաքելությունից մինչև Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ԵՄ ռազմավարական համագործակցության նոր ձևաչափեր։ Այս պայմաններում «3+3»-ի լիարժեք գործարկումը ենթադրում է տարածաշրջանային ուժային հավասարակշռության այնպիսի փոփոխություն, որի դեպքում արտաքին դերակատարների ազդեցությունը նվազագույնի կհասցվի, իսկ նման պայմաններ առայժմ չեն ձևավորվել։

Ոչ պակաս կարևոր գործոն է նաև հենց տարածաշրջանի ներսում առկա անվստահությունը։ Վրաստանը շարունակում է հրաժարվել մասնակցել «3+3»-ին՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը։ Առանց Թբիլիսիի մասնակցության հարթակը կորցնում է իր ամբողջական տարածաշրջանային բնույթը և փաստացի վերածվում է «3+2» կամ «3+2+1» ձևաչափի։ ԹեևՎրաստանը կարծես չի էլ հայտարարել, թե չի միանա այս հարթակին պաշտոնապես։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների համար ևս հարթակի շուրջ շարունակում են գոյություն ունենալ զգալի վերապահումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են Արևմուտքի հնարավոր վերաբերմունքով։ Ադրբեջանը ևս փաստորեն ունի լուրջ վերապահումներ, որոնք պայմանավորված են թե Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ, թե Մոսկվայի ու Թեհրանի հետ պարբերաբար բռնկվող խնդիրներով։

Այս պայմաններում «3+3»-ի լիարժեք գործարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ միաժամանակ կհամընկնեն մի քանի նախադրյալներ։ Նախ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում պետք է ձևավորվի հարաբերական կայունություն և կանխատեսելիություն, որը թույլ կտա տնտեսական և տրանսպորտային նախագծերը դուրս բերել անվտանգության մշտական ճգնաժամի ազդեցությունից։

Անհրաժեշտ է նաև, որ տարածաշրջանի հիմնական դերակատարները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, պահպանեն համագործակցության նվազագույն կոնսենսուսը։ Եվ վերջապես, հարթակի արդյունավետությունը կախված կլինի Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան դիմակայության դինամիկայից. որքան խորանա այդ մրցակցությունը Հարավային Կովկասում, այնքան «3+3»-ը կմնա ոչ թե լիարժեք գործող տարածաշրջանային ինստիտուտ, այլ քաղաքական հայտարարությունների հարթակ։

Ընդհակառակը, եթե ձևավորվի ազդեցության գոտիների հարաբերական հավասարակշռություն, «3+3»-ը կարող է աստիճանաբար վերածվել տարածաշրջանային համագործակցության իրական մեխանիզմի՝ կենտրոնանալով տրանսպորտային, էներգետիկ և տնտեսական նախագծերի վրա։

Հենց այս համատեքստում էլ, թերևս, պետք է դիտարկել պարբերաբար Մոսկվայի և Թեհրանի հետևողական շեշտադրումները «3+3» ձևաչափի շուրջ։ Երկու երկրներն էլ, փաստորեն, փորձում են թույլ չտալ, որպեսզի հարթակը դուրս մնա տարածաշրջանային քաղաքական օրակարգից՝ պարբերաբար հիշեցնելով դրա գոյության և ներուժի մասին։

Թեև ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում «3+3»-ը դեռևս չի կարողացել վերածվել լիարժեք գործող տարածաշրջանային ինստիտուտի, Ռուսաստանն ու Իրանը, ըստ ամենայնի, այն դիտարկում են՝ որպես ապագայի ռազմավարական ներդրում։ Եթե միջազգային հարաբերություններում ձևավորվի նոր ուժային հավասարակշռություն, իսկ Հարավային Կովկասում արտաքին դերակատարների մրցակցությունը որոշակիորեն թուլանա, հենց այս հարթակը կարող է դառնալ այն քաղաքական և տնտեսական մեխանիզմը, որի միջոցով տարածաշրջանի երկրները կփորձեն կարգավորել փոխգործակցությունը։

Այդ իմաստով, Մոսկվայի և Թեհրանի ներկայիս ակտիվությունը միգուցե ոչ այնքան այսօրվա արդյունքի ակնկալիք է, որքան փորձ՝ պահպանելու «3+3»-ը՝ որպես ապագա տարածաշրջանային ճարտարապետության արդեն իսկ պատրաստ քաղաքական հենք, որը համապատասխան աշխարհաքաղաքական պայմանների ձևավորման դեպքում հնարավոր կլինի արագ վերածել գործնական համագործակցության արդյունավետ ձևաչափի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031