Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա
Սիրիան համագործակցում է բազմաթիվ երկրների հետ՝ իր ենթակառուցվածքները ամրապնդելու և դրա համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովելու համար. երկրում օտարերկրյա ռազմաբազաների անհրաժեշտություն չկա, Նյու Յորքում «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված երկխոսության նիստի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Սիրիայում օտարերկրյա ներկայության վերաբերյալ նախագահ աշ-Շարաան նշել է, որ Դամասկոսի մոտեցումը հիմնված է երկիրն օտարերկրյա բազաներից ազատելու, ազգային միասնությունը պահպանելու և բոլոր երկրների հետ համագործակցելու վրա՝ պետությունն ու նրա անկախությունը հզորացնելու նպատակով։
Նա նաև շեշտել է, որ ապագայում ցանկացած ռազմական ներկայություն պետք է ենթարկվի Ժողովրդական խորհրդի կողմից հաստատված և սիրիական պետության իրավունքները երաշխավորող իրավական շրջանակին։ Աշ-Շարաան ընդգծել է, որ Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմական բազաների կարիք չունի։
Այս համատեքստում նա անդրադարձել է ռուսական կողմի հետ ձեռք բերված արդյունքներին՝ շեշտելով, որ կկրճատեն ռազմաբազաների թիվը՝ հասցնելով մինչև երկուսի, և կհամաձայնեն դրանք վերածել սիրիական բանակը մարզելու բազաների:
Նա նաև նշել է, որ թուրքական ուժերը նախկինում մտել էին սիրիական տարածքներ անվտանգության հետ կապված բացառիկ հանգամանքներում, և որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում նրանց բազաների թիվը կրճատվել է։ Նախագահը նաև տեղեկացրել է, որ թուրքական կողմի հետ շարունակվում են քննարկումները՝ այդ ներկայության համար իրավական շրջանակ ստեղծելու համար:
Աշ-Շարան նշել է, որ Իսրայելը շարունակում է օկուպացնել Սիրիայի տարածքի որոշ հատվածներ։ Նրա խոսքով՝ Իսրայելը նաև շարունակում է իր ներխուժումները, ձերբակալությունները և կրկնվող հրետակոծությունները։ Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի հետ խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ սիրիական հողերը մնում են գրավված, և որ սիրիացիների իրավունքների վերականգնումը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու նախապայման է։


