Իջևանում ՈւԵՖԱ–ի չափանիշներով մարզադաշտի համար ևս 3 հողամաս կգնեն. 57,75 մլն դրամ հատկացվի
ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել` Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք, ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։
Նախագծի համաձայն՝ գումարը կտրամադրվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, այնուհետև կհանձնի Հայաստանի Հանրապետությանը։
2029 թվականին Հայաստանը Վրաստանի հետ համատեղ կհյուրընկալի Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի անցկացման համար անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։
Ավելի վաղ Գետահովիտում արդեն ձեռք էր բերվել 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառակուսի մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր շուրջ 329,9 մլն դրամ։ Սակայն, ըստ կառավարության, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառակուսի մետր մակերեսով։
Հիմնավորման համաձայն՝ սեփականատերերը համաձայնել են հողերը վաճառել 1 քառակուսի մետրը 5000 դրամով, ինչի արդյունքում լրացուցիչ պահանջվող գումարը կազմում է 57,75 մլն դրամ։
«Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,– նշված է նախագծում։
Բացի Իջևանից, մինչև առաջնության անցկացումը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ է նախատեսվում կառուցել նաև Վանաձորում, իսկ ազգային՝ 35 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք` հունիսի 25-ին կառավարությունը որոշել էր 177 մլն 820 հազար դրամ հատկացնել Իջևանում մարզադաշտ կառուցելու նախագծային աշխատանքների համար։

