Թվերին մի խաբվեք

Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։

«Առանձին հայաստանյան արտահանողների նկատմամբ ռուսական ժամանակավոր սահմանափակումների կիրառումը կրիտիկական ազդեցություն չի ունեցել երկրի ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, իսկ Հայաստանի տնտեսությունը շարունակում է բարձր ակտիվություն ցուցաբերել։

Ինքներդ կարող եք տեսնել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը միայն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 11 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում, գերազանցել է 8 տոկոսը։ Ազդեցությունը միշտ էլ առկա է, բայց թվերն ինքնին խոսում են իրենց մասին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մինչ արտադրողները լաց են լինում, որ չեն կարողանում իրացնել իրենց քրտինքով աճեցրած բերքը, վնասներ են կրում, ի վիճակ չեն կատարված ծախսերի տակից դուրս գալ, սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, թե արտահաման ռուսական սահմանափակումները, Հայաստանի տնտեսության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել։

Կարդացեք նաև

Ունեցե՞լ են, թե՞ չեն ունեցել, հետո կերևա։ Մեկ կամ երկու ամսում չէ, որ տնտեսության ու տնտեսական ցուցանիշների վրա զգացվելու են այդ ազդեցությունները։

Այս ամենի հետևանքները հետո են արտահայտվելու։ Հատկապես որ, այդ սահմանափակումները սկսել են գործել հիմնականում հունիսից ու մայիսի ցուցանիշների վրա դրանք բնականաբար չէին կարող շոշափելի ազդեցություն ունենալ։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հավանաբար գիտի, բայց միտումնավոր շեղում է հասարակության ուշադրությունը։ Ուզում է ցույց տալ, թե իշխանությունները հաջողությամբ հաղթահարում են տնտեսական խնդիրները, արտահանման հետ կապված դժվարությունները, անգամ ռուսական սահմանափակումների պայմաններում՝ Հայաստանի տնտեսությունը բարձր տեմպերով աճում է ու անհանգստանալու առիթ չկա։

Հավանաբար ուզում է նաև ռուսական կողմին հասկացնել, թե սահմանափակումներից Հայաստանի տնտեսությունը վնասներ չի կրում։ Էկոնոմիկայի նախարարը նույնիսկ պնդում է, թե այս ամենից Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղացված են դուրս գալու։

«Մի այսպիսի բան պետք է լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվեր, հակառակ դեպքում համոզելով, խնդրելով որևէ բան տեղի չէր ունենա»,– արտադրողներին, արտահանողներին, թե իրեն է հույս տալիս էկոնոմիկայի նախարարը։

Ինչ դեվերսիֆիկացիայի մասին է խոսում էկոնոմիկայի նախարարը, հավանաբար միայն ինքը գիտի։ Արտադրողները շվարած նստած են ու չգիտեն ինչ անեն աճեցրած բերքը, իսկ էկոնոմիկայի նախարարը այսպիսի դատարկություններով է փորձում կերակրել մարդկանց։ Մի քանի բեռնատար ծիրան, կեռաս կամ լոլիկ այլ շուկաներ արտահանելը, դիվերսիֆիկացիա չէ։ Եթե այդքան հեշտ լիներ տնտեսության ու արտահանման դիվերսիֆիկացիան, հիմա շատերը վաղուց էին գնացել դրան։ Չեն գնացել, որովհետև նոր շուկաներ մտնելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես կառավարության ղեկավարն ու անդամները կարծում են։ Դրա համար տարիներ են պետք։

Ինչ մնում է նրան, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է բարձր լինել, ապա դա դեռ չի նշանակում, թե տնտեսությունը, առավել ևս՝ տնտեսության իրական հատվածը, զարգանում է։ Այդքան խոսում են ջերմոցային տնտեսության աջակացության, նոր ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման, սուբսիդավորումների մասին, բայց գյուղատնտեսությունն էլի անկումային է։

Ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում, երբ արդյունքներն այսպիսին են, հայտնի չէ։

Այս տարվա առաջին եռամսյակում, պաշտոնական տվյալներով,  գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալների 5.2 տոկոսանոց անկում գրանցվեց։

Երկրորդ եռամսյակի ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, բայց կասկած չկա, որ երկրորդ եռամսյակում էլ գյուղատնտեսությունն անկումային է եղել։

Արդյունաբերության մեջ, թվում է՝ բավական բարձր աճեր են գրանցվում։ Հինգ ամսում, աճը 12 տոկոսից նույնիսկ մի փոքր բարձր է։ Բայց այդ աճն արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում արդյունաբերության մեջ տեղի ունեցած ավելի քան 14 տոկոսանոց անկումից հետո։

Այսպիսին է արդյունաբերության աճի հիմքը։ Դրանում էլ չափազանց մեծ է հանքարդյունաբերության դերը։ Արդյունաբերության աճի մեծ մասը հիմնված է հենց հանքարդյունաբերության աճի վրա, որը հասնում է ընդհուպ 35 տոկոսի։

Հանքարդյունաբերությունն աճել է՝ ընդերքի շահագործման ծավալների ավելացման հաշվին։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, ընտերքը քանդել-ծախսել են ու ցուցանիշներ նկարել։ Ընդ որում, ոչ միայն արդյունաբերության, այլև արտահանման ոլորտում։ Այդքանից հետո, արտահանման առումով նույնիսկ չեն կարողացել աճ ապահովել։

Տարեսկզբի 5 ամիսների արդյունքում էլ արտահանումը շարունակում է անկումային լինել։ Ու չնայած հումքային ապրանքների արտահանման ծավալները մեծ տեմպերով ավելացել են, դա չի փրկել արտահանումը անկումից։

Վերջին ամիսներին արտահանման ծավալները Հայաստանից անընդմեջ նվազում են։ Փետրվարին արտահանումը կազմել էր 708 մլն դոլար, մարտին կազմեց 594 միլիոն, ապրիլին՝ 548 միլիոնն, մայիսին իջավ 522 միլիոնի։ Ամսե-ամիս արտահանումը նվազում է, չնայած հումքային ապրանքների արտահանումն այդ ընթացքում կտրուկ՝ գրեթե կրկնակի ավելացել է։

Պատկերացրեք ի՞նչ կլիներ, եթե ընդերքի հաշվին էլ այդքան չավելանար արտահանումը։

Այսպիսի երևույթներին բնականաբար պատասխանատուները գնահատականներ չեն տալիս։ Կարևորն իրենց համար ցուցանիշների ցուցադրական կողմն ապահովելն է։ Թքած, թե ինչ խնդիրներ կա դրանց հետևում։

Տարեսկզբի 5 ամիսների տնտեսական ակտիվությանը մեծապես նպաստել են հատկապես շինարարությունն ու ծառայությունները։ Շինարարության աճն անցնում է 24 տոկոսից, ծառայություններինը՝ 9 տոկոսից։ Իսկ ՀՆԱ-ում ամենամեծ կշիռն ունեցող առևտուրն աճել է ընդամենը 1.2 տոկոսով։

Եթե մի պահ, ամսական կտրվածքով, առևտրի գոնե 0.1-0.2 տոկոս աճեր կային, մայիսին դա էլ է անհետացել։ Առևտրի ծավալները մնացել են նախորդ տարվա մակարդակին։ Մինչդեռ՝ թվում է, թե պիտի ավելանային. թոշակներն ու նպաստներն են բարձրացրել, ընտրություններով պայմանավորված՝ սոցիալական աջակցություններն են ավելացրել, տարբեր նախընտրական ծրագրեր են իրականացրել։ Բայց ինչպես տեսնում ենք, դրանից առևտրի շրջանառությունները չեն ավելացել, մնացել են նախորդ տարվա մակարդակին։

Շինարարությունն ու ծառայություններն են, որ աճել են բարձր տեմպերով, բայց դրանք տնտեսական զարգացումների հետ շատ քիչ կապ ունեն։ Դա է պատճառը, որ Հայասանի տնտեսության մեջ, առաջին հայացքից, բարձր աճեր են, բայց իրական զարգացումներ չկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031