Գազի սակագնի սպասվող բարձրացումից առաջ ՀԾԿՀ-ն փափուկ բարձ է դնում քաղաքացիների գլխի տակ
Չնայած այն բանին, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է սեփական նախաձեռնությամբ վերանայել բնակչությանը վաճառվող գազի սակագինը և այն թողնել անփոփոխ, դա դեռ չի նշանակում, որ հաջորդ տարվանից այն չի թանկանա։ Հանձնաժողովը հաստատել է սակագներ, լավ իմանալով, որ դրանք գործելու են հաշված ամիսների համար։
«Գործնականում այս որոշմամբ՝ մինչև տարվա վերջ, մինչև դեկտեմբերի 31-ը, մենք այդ հարցը փակեցինք։ Իսկ հունվարի 1-ից սկսած «Գազպրոմ Արմենիան» կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ, եթե օբյեկտիվ պատճառներ և այնպիսի խնդիրներ լինեն, որ սակագինը պետք է վերանայվի»,- ասում է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անուղղակիորեն հասկացնելով, որ հաջորդ տարվանից գազի սակագները կարող են բարձրանալ։
Ինչպես հայտնի է, գործող գնով ռուսական գազի ներմուծման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին։ Դրանից հետո սպասվում է, որը ռուսական գազը Հայաստանը կարող է ստանալ անհամեմատ ավելի թանկ գնով, քան այսօր է ստանում։ Այդ մասին Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն տեղեկացված են։ Ռուսական կողմն ամիսներ առաջ է զգուշացրել, որ կարող է միակողմանի կասեցնել կամ չեղարկել Հայաստանին մի շարք ապրանքների, այդ թվում՝ գազի արտոնյալ մատակարարումը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում առանց արտահանման մաքսատուրքի։ Իսկ արտահանման մաքսատուրքը 30 տոկոս է։ Եթե այն ներառվի գնի մեջ, Հայաստանին մատակարարվող ռուսական գազն այդքանով կթանկանա։ Այլ հնարավոր թանկացման մասին դեռ չենք խոսում։
Ռուսական կողմից բազմիցս են հնչել հայտարարություններ, որ Հայաստանը ռուսական գազն արտոնյալ գներով է ստանում՝ որպես ռազմավարական գործընկեր, ու դա ռուսական կողմի անհատույց ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ։ Այդ կարգավիճակից իրեն դուրս դնելու պարագայում, Հայաստանը կզրկվի ոչ միայն արտոնյալ գներով գազ ստանալուց, այլև ռուսական գազը կարող է գնել միջազգային գներով։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում խորացող լարվածությունը գնալով մեծացնում է դրա հավանականությունը։ Այդ լարվածության ֆոնին, ռուսական կողմն արդեն հասցրել է սահմանափակումներ դնել բազմաթիվ հայկական ապրանքների արտահանման վրա։
Իշխանությունները հույս ունեին, թե շուտով այդ խնդիրները կկարգավորվեն։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ընտրություններից անմիջապես հետո կգնա ու բոլոր հարցերը կլուծի։ Ասում էր՝ հանդիպման պայմանավորվածություն ունի Ռուսաստանի նախագահի հետ։
Ընտրություններից հետո արդեն 1 ամիս է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ էլ չի գնացել։
Ավելին՝ Ռուսաստանի նախագահը մինչև հիմա ոչ միայն չի շնորհավորել նրան, ոչ միայն պատրաստ չէ ընդունել, այլև կարծես կապի էլ դուրս չի գալիս հետը։ Հավանաբար դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ օրերս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի վարչապետի հետ։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր»,- հեռախոսազրույցից հետո հայտարարեց ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նույնը կրկնեց Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, իհարկե, առանց հիշատակելու, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Բայց խնդիրը բոլորովին էլ այն չէր, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը։ Դատելով դրա վերաբերյալ տարածված հայտարարության սեղմ բովանդակությունից ու առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի լռությունից, խոսակցությունն այնքան էլ հարթ չի ընթացել։ Խոսք չկա անգամ այն մասին, որ ՌԴ վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։
Հասկանալի է, որ այս հեռախոսազրույցի բուն նպատակը եղել է ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման խնդիրների հարթումը։ Բայց Նիկոլ Փաշինյանի լռությունը ցույց է տալիս, որ ոչնչի չի հաջողվել հասնել։ Այլապես հիմա Ֆեյսբուքը ողողել էր դրանով։
Սա մեկ անգամ ևս վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հայտնվել են բավական խոր տրանսֆորմացիայի մեջ, ու դրա հետևանքները կարող են զգալ ոչ միայն հայկական ապրանքները ռուսական շուկա արտահանողները, այլև Հայաստանի ամբողջ բնակչությունը՝ գազի գնի հնարավոր բարձրացման, անգամ՝ կտրուկ բարձրացման միջոցով։
Այն, ինչ ՀԾԿՀ-ն արեց բնակչության համար գազի սակագինը ժամանակավոր անփոփոխ թողնելով, դեռ չի նշանակում, թե այլևս չկա գազի սակագնի բարձրացման ռիսկ։ Ընդհակառակը՝ այդ ռիսկերը գնալով ավելի արդիական են դառնում։
Այսօր, քանի դեռ բնակչությունը չի բախվել սակագների բարձրացման, ՀԾԿՀ-ն լավություն չի արել քաղաքացիներին՝ սակագներն անփոփոխ թողնելով։ Սակագները վաղուց պիտի իջեցրած լինեին։ Բայց բնակչության փոխարենը, որոշել են իջեցնել ջերմային կայաններին մատակարարվող գազի սակագինը։
Օգոստոսի 1-ից ջերմային կայանները գազ կստանան ընդամենը 91.1 դոլարով՝ գրեթե կրկնակի ավելի ցածր, քան այն գինն է, որով Հայաստանը գնում է գազը։ Մինչև հիմա ՋԷԿ-երը գազը ստանում էին 146.2 դոլարով։ Չասենք, թե ո՞ւմ հաշվին են իջեցրել, բայց պարզ է, որ դա արել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելու համար։ Այս տարի էներգաարտադրության մեջ կտրուկ ավելացել է ջերմային կայանների բաժինը՝ էապես մեծացնելով ճնշումը հոսանքի սակագների վրա։
Այս քայլով, ըստ էության, փորձել են զսպել հոսանքի թանկացումը։ Բայց հասկանալի է, որ դա էլ ժամանակավոր է. եթե թանկացավ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը և դրան համարժեք փոխարինող ռեսուրսներ չգտնվեցին՝ հոսանքի թանկացումից էլ խուսափել չեն կարող։
Ի դեպ, բնակչությանը վաճառվող գազի սակագները նվազեցնելու փոխարեն՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների աշխատավարձերը՝ բացառություն անելով բարձրաստիճան ղեկավար անձնակազմի համար։ 45 հազարով ավելացրել է միջին աշխատավարձը՝ դարձնելով 303 հազար դրամ։
Բայց, հավանաբար հասկանալով գլխների գալիքը, զգուշացրել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում՝ այդ գումարները կարող են կրկին նվազեցնել սակագներից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

