Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել՝ որպես «բեկում» կամ վերադարձ նախկին իրավիճակին, վստահ չեմ․ Մարկեդոնով
Ռուս կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ՌԴ կատարած այցին, որի շրջանակում Փաշինյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Մարկեդոնովը հիշեցրեց, որ Թեհրանից հետո հաջորդել է Փաշինյանի այցը Եկատերինբուրգ: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Ուրալի դաշնային օկրուգի մայրաքաղաք: Նա մասնակցել է «Իննոպրոմ-2026» ֆորումի «Արդյունաբերություն 360՝ արտադրություն առանց սահմանների» լիագումար նիստին և հանդիպել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև հիշեցրել է, որ ՌԴ-ն մնում է (և, հավանաբար, կմնա) այդ երկրի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն ու ներդրողը:
Միաժամանակ, հայ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ իր երկիրը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և շահագրգռված է ԵԱՏՄ-ին մասնակցությամբ, ինչպես նաև պատրաստ է «խնդրահարույց» հարցերի կարգավորմանը: Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել՝ որպես «բեկում» կամ վերադարձ նախկին իրավիճակին: Վստահ չեմ: Ավելի շուտ՝ խոսքը լարվածության շրջանից հետո կառավարելի երկխոսության ցուցադրման մասին է:
Գլխավոր ազդանշանը՝ Երևանը չի խզում տնտեսական կապը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, սակայն ցանկանում է կուտակված խնդիրները քննարկել պրագմատիկ հիմքերի վրա: Սա հրավեր է կայունացման, բայց դեռևս ոչ բուն կայունացում»,- գրում է Մարկեդոնովը։ Շարունակելով վերլուծել՝ Մարկեդոնովը պարզաբանում է, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, այս այցը բեկում չէ:
Նրա խոսքով, Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա հակասությունները: «Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը ԵՄ-ին, սակայն այն առաջ է ընթանում թռիչքային քայլերով (տե՛ս Ուրսուլա ֆոն դեր Լայենի Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքները, սակայն դրան կհետևեն նաև «հավակնոտ փոխարինողներ»):
Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների «պրագմատիկ ձևափոխումը» (ինչպես ինքը՝ Փաշինյանն է սահմանում դրանց ներկայիս վիճակը) և Երևանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացիան էկլեկտիկ տեսք ունի: Վերցնում ենք ամեն լավ բան և միավորում ընդդեմ ամեն վատի։
ԵՄ+ԱՄՆ+Ռուսաստան+Իրան+ՉԺՀ+Հնդկաստան+Ադրբեջան՝ Թուրքիայի հետ: Ի՞նչ կա արդյունքում: Ոչ թե կայունություն, այլ՝ բոլորը բոլորի դեմ աճող հակասություններ և առճակատումներ, բայց արդեն հայկական տարածքում: Այնուամենայնիվ, և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը ցույց տվեցին, որ շահագրգռված չեն լիակատար խզմամբ: Սկզբի համար վատ չէ, բայց շարունակության համար հարկավոր է ավելին»,- այսպես է ավարտել միտքը Սերգեյ Մարկեդոնովը։

