Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ». Խոսրով Հարությունյան

Իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այսպիսով ավարտվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման իրավական երկարաշունչ գործընթացը։

Այն որ Սահմանադրական դատարանը պետք է անտեսեր քվեարկության ընթացքում տեղ գտած ճչացող խախտումների վերաբերյալ ընդդիմության պաշտպանական թիմի մասնագիտական խորը վերլուծությունը և իր որոշմամբ պաշտպաներ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ակնհայտ ապօրինի որոշումը՝ միանգամայն սպասելի էր։

Անսպասելի էր, ընդ որում շատերիս համար, ընդդիմադիր ամենաազդեցիկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մանդատները վերցնելու մասին որոշումը։

Այդ որոշումը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր ուժերը 2026-ի խորհրդարանական ընտրությունները դիտում էին որպես իշխանությունը վերցնելու լավագույն հնարավոդություն։ Այսինքն իշխանության վերցնելը պատմական զարգացումների ներկա փուլում դիտվում էր որպես քաղաքական գլխավոր նպատակ։

Ոչ թե Հայոց պետականության գահավիժման ընթացքի բեկումը և արտաքին կործանարար սպառնալիքների, եթե ոչ չեզոքացումը, ապա գոնե մեղմումը, այլ իշխանության վերցնելը։

Մինչդեռ իշխանության վերցնելը պետք է դիտարկվեր որպես միջոց Հայոց Ինքնիշխան Պետականության ամրապնդմանը, արտաքին սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողությունների ձեվավորմանը հասնելու համար։

Փաստորեն իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան։

Կարծում եմ այսպիսին է այն ողջանիտ մեկնաբանությունը, որին կարելի է հանգել ընդդիմադիր ազդեցիկ ուժի կողմից մանդատները վերցնելու վերաբերյալ որոշման կապակցությանբ։

Եվ շատ տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք այլեվս վերացել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը եվ սահմանների անձեռնմխելիությանն ուղղված այն սպառնալիքնրը, որոնք ձեվավորվել էին նախորդ հինգ տարիների ընթացքում։ Պատասխանն առավել քան ակնհայտ է։ Հետեվաբար հարց. վերցնելով մանդատները մի՞թե ընդդիմությունը, գործող Սահմանադրության եվ ԱԺ Կանոնակարգ օրենքի պայմաններում, կարողանալու է քիչ թե շատ արդյունավետ պայքար մղել հայանպաստ պետական քաղաքականություն իրականացնելու համար։

Լավ անցած հինգ տարիները ձեզ համար դաս չեղա՞ն։ Ի դեպ հետաքրքիր է Հայաստան դաշի՞նքն էլ է պատրաստվում մանդատները. վերցնել։

Մի՞թե պարզ չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգում, այն էլ 52% «կայուն մեծամասնության» բոնուսի պարագայում եվ հատկապես 3/5 րդ մեծամասնության առկայության դեպքում ընդդիմությունը զուրկ է քաղաքական մեծամասնությանը զսպելու կամ հակակշռելու որեվէ իրավական հնարավորությունից։

Մի՞թե պարզ չէ, որ «իշխանության տարանջատման եվ հակակշռման» ջրբաժանը անցնում է ոչ թե Կառավարության եվ Խորհրդարանի միջեվ, այլ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության եվ փոքրամասնության միջեվ։

Մի՞թե պարզ չէ, որ առանց խորհրդարանական ընդդիմությանը որոշումների նախապատրաստման եվ ընդունման պրոցեսում գործնական մասնակցության գործիքակազմով ապահովելու, փոքրամասնության քաղաքական դերակատարումը վեր է ածվում ֆիկցիայի։

Սույն տողերի հեղինակը ամենատարբեր ընդդիմադիր հավաքներում եվ քննարկումներում բազմիցս առաջարկություններ է ներկայացրել քաղաքական փոքրամասնության կենսունակության ապահովման ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ։ Օրինակ առաջարկվում էր հանդես գալ նախաձեռնությամբ որոշ առանցքային պաշտոններում բացառապես ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուների նշանակման պահանջով (օրինակ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի, հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, կենտրոնական ընտրական հանձնաողովի նախագահի, գլխավոր դատախազի առաջին տեղակալի եվ այլ նմանատիպ պաշտոներում)։ Քննիչ եվ զննիչ հանձնաժողովները պարտադիր ձեվավորել քաղաքական մեծամասնության եվ ընդդիմության հավասար մասնակցությամբ եվ այլ նմանատիպ իրավական կարգավորումներ։

Ուստի կարծում եմ ընդդիմությունը կարող էր որոշում կայացնել մանդատները վերցնելու մասին միայն այն դեպքում, երբ հրապարակային առաջակ է ներկայացրել քաղաքական մեծամասնությանը գործող օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին, ստացել է նրա համաձայնությունը եվ այդ պայմանավորվածությունը ամրագրվել է համապատասխան Հուշագրում՝ նշելով վերջինիս կատարման գործում կողմերի պարտավորությունները։ Ընդ որում այս գործընթացը պետք է լիներ հանրության համար բաց եվ թափանցիկ։

Այս մարտավարությունը պետք է որդեգրեր ընդդիմությունը, որի արդյուքում կարող էր ձեվավորվել Խորհրդարանում արդյունավետ քաղաքական պայքար մղելու ինստիտուցիոնալ նախադրյալներ։

Իսկ եթե քաղաքական իշխանությունը մերժեր ընդդիմության նման կառուցողական առաջարկը կամ ստորագրեր Հուշագիրը, իսկ հետագայում դրժեր հրապարակավ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը ( պարզ ասած գցեր), ապա դա կդառնար բավարար իրավաքաղաքական հիմք մանդատները վայր դնելու եվ ԱԺ- ը բոյկոտելու համար։

Չեմ կարծում թե իշխանությանը ձեռք է տալիս 64 մանդատով, առանց Խորհրդարանում ընդդիմության մասնակցության, իշխանավարել։ Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»։ Ընդ որում իրերի նման պարագայում քաղաքական ճգնաժամի պատճառը դառնում է իշխանությունը։ Ավելին, նունիսկ փողոցային ոչ ուժեղ ճնշումների պայմաններում իշխանությունը ստիպված կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Այսպիսի մարտավարությունը պետք է իրականացնել գլխավոր ընդդիմադիր քաղաքական դերակատարների հետ միասին։ Ավելին, նման մարտավարության որդեգրումը կվկայեր քաղաքական հասունության մասին եվ կնպաստեր մեզանում որակյալ քաղաքական մշակույթի ձեվավորմանը։

Կարծում եմ նույնիսկ ներկայիս պայմաններում, թեկուզեվ փոքր ուշացումով, կարելի է ձեռնամուխ լինել նշյալ մարտավարության իրականացմանը։

Հակառակ պարագայուն, առանց իշխանություններին ներկայացվող պահանջների մանդատների վերցնելը ոչ այլ ինչ է, քան ընտրությունների արդյունքների լեգիտիմացում եվ քաղաքական հեղինակազրկում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031