Բանակը վերածել են աքսորավայրի. այնքան ճղճիմ են՝ զորահանդեսին «Իսկանդերը» չհանեցին, որովհետև այն Սերժ Սարգսյանն էր բերել. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- ՀՀԿ-ում այս պահին բավականին քանակությամբ մարդիկ են քաղաքական հետապնդումների ներքո, բայց ոչ մեկի համար գաղտնիք չեմ ասի, որ Արմեն Աշոտյանը գլխավոր հարվածային ուժերից է ՀՀԿ-ում, և նրա մեկուսացումն իշխանության համար նպատակ է: Արմենն իրեն վերագրվող արարքի հետ կապ չունի, իշխանությունը պարզապես նպատակ է դրել մեկուսացնել նրան: Արդեն իսկ 2 տարի անհիմն կալանավորված եղել է Աշոտյանը, հիմա էլ արդեն 2-րդ ամիսն է, որ կրկին կալանավորված է կրկին շինծու մեղադրանքով:
- ՀՀԿ-ի համար Արմենը դրսո՞ւմ, թե՞ բանտային կամ տնային կալանքի տակ՝ նույնը չէ: Արմենը ոչ միայն հրապարակային խոսքով է հանդես գալիս, այլև դրսում ֆունկցիոնալ լրիվ այլ խնդիր է լուծում: 8 տարիների ընթացքում Հանրապետականը շարունակում է լինել իշխանության թիրախում, նախագահ Սերժ Սարգսյանից սկսած՝ բոլորի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:
- 44-օրյա պատերազմին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում Պաշտպանության բանակի հակահարձակման պլանն էր ներկայացնում: Դա պետական գաղտնիքի հրապարակում չէ՞ր: Այս իշխանության համար, եթե կա թիրախ, քրեական հոդվածը գտնում են, կալանավորում են: Գնդապետ Էդիկ Մալոյանին վաղուց եմ ճանաչում, 2016թ.-ից, երբ նա Մարտակերտում գումարտակի հրամանատար էր: 44-օրյա պատերազմից հետո, երբ ԱԱԾ-ն Արցախում մարտական ստորաբաժանումներ էր տեղադրում, դրանցից մեկի տեղակալն էր: Մալոյանն իր տեսակով միշտ ըմբոստ է եղել: Այն զինվորականները, ովքեր հրաժարվում են իշխանության քարոզչական գործիքը դառնալ, քվե ապահովել նրանց համար, դառնում են խոցելի: Ընդհանուր առմամբ ես տեղյակ եմ, որ Զինված ուժերում չիստկաներ են ընթանում: Ու դա նոր չէ, այլ սկսած 2018թ.-ից: Լևոն Մնացականյանին աշխատանքից 2018թ. ազատեցին նրա համար, որ նա պաշտպանել էր ադրբեջանցիներին ջարդ տվող իր զինվորներին: Սկզբունքներ ունեցող մարդիկ չեն կարող սրանց հետ ուխտերթի մասնակցել, գնդերեցներին հեռացնել… Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իր համար միատարր համակարգ չի ձևավորել, բոլոր գերատեսչություններին չի դարձրել կուսակցական կցորդներ:

Հիշեցնենք. նախօրեին իրավապահները խուզարկություն իրականացրեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո նրան ձերբակալեցին, ապա
2 ամսով կալանավորեցին: Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս 2 ամսով կալանավորվեց:
Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը, նրանից բացի, ևս մեկ ձերբակալված կա։ Ըստ ԶԼՄ-ների՝ Էդիկ Մալոյանն իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել է այն պատճառով, որ կինն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի, և գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ: Ավելին, իբրև թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։ Մալոյանը Վարդենիսի Ախպրաձորի հրամանատարն էր, ճանապարհ անցած և վաստակ ունեցող խիզախ զինվորական է, որը երկար տարիներ ծառայություն է իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքում, 2020 թվականից հետո, երբ Արցախի ԱԱԾ-ում հատուկ նշանակության վարչություն է ստեղծվել, նա նշանակվել է՝ որպես տեղակալ։ Նա մասնակցել է ապրիլյան, 44-օրյա պատերազմներին, 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն, նրան դասում են «բաեվոյ աֆիցեռների» դասին, Հայաստան բռնի տեղահանվելուց հետո, թերևս, այդ պատճառով են նրան վերցրել ԶՈՒ-ում ծառայության՝ ամենաթեժ կետերից մեկում։
Մալոյանի մասին ազատամարտիկ Արման Պետրոսյանը հետաքրքիր մի պատմություն էր ներկայացրել։ Պատմությունը տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմից հետո։
«Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրանց կամանդիրը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում ա Մալոյանը ու անզեն ա լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով ա հետևում ընթացքին։
Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի կամանդիրը ոտքով թեթև խփում ա խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Էդքանը որ Մալոյանը տեսնում ա, թե չէ՝ էլ աջ ու ձախ չի նայում, միանգամից սկսում ա ծեծել ադրբեջանցուն, ով խփել էր զինվորի կասկին։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։ Ու դրանից հետո, գիտե՞ք՝ ինչ ա լինում։ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից»,- նշել էր Պետրոսյանը։
- Բանակն այս իշխանությանը պետք է՝ որպես քարոզչության բաղադրիչ: Սրանց «համազգեստային հեղափոխությունը» նույն այդ պերճանքի ու թշվառության համատեքստում է: Նույն զորահանդեսի էֆեկտը ո՞րն է: Մեր հանրությունը տեսնում է զինատեսակը, բայց չգիտի՝ ի՞նչ զինատեսակ է, ինչպե՞ս է դա օգտագործվում, ժամանակակից պատերազմների ժամանակ պիտանի կլինե՞ն, թե՞ չէ: Նույն ՍՈՒ-երը հիշո՞ւմ եք, ինչի՞ համար բերեցին. նկարվելու համար:

- Հայաստանում սամադելկա զենքե՞ր են եղել: Շահարկում են, թե գործարանային զենքեր ունեն, բա նախկինում ի՞նչ էր:
- Ժամանակակից պատերազմների ժամանակ շեշտը դրված է անօդաչու ավիացիայի, հեռահար հրթիռային համակարգերի և մոբիլ խմբերի վրա: Հիմա մենք ի՞նչ պատերազմի ենք պատրաստվում: Միակ կարևոր բանը ռազմարդյունաբերւթյունն է, որտեղ պետք է ներդրումներ կատարվեն: Ի դեպ, ցուցադրվող ԱԹՍ-ները, որ ասում էին՝ հայկական արտադրության են, այդ ընկերությունները դեռևս 2015թ. Արցախում փորձարկվել են, մասնակցել պատժիչ գործողությունների:
- Դու կարող ես ունենալ հազարավոր ԱԹՍ-ներ, բայց կարևոր է հասկանալ՝ Ադրբեջանի ռադիոէլեկտրոնային պայքարի ու հակաօդային պայքարի միջոցները քեզ հնարավորություն տալո՞ւ են խնդիր լուծել: Կարող ես ունենալ մեծ թվով տեխնիկա, որոնք նույնիսկ անգարներից չկարողանաս դուրս բերել…
- Մեր երկիրն ու Զինված ուժերն այսօր պատրաստ չեն եղել պարտադիր զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելուն: Դա արվել է մեր պետական անվտանգության հաշվին, որ Նիկոլ Փաշինյանը մի 5% ավելի ձայն ստանա: Երբ դու հողի վրա նայում ես՝ ինչ է կատարվում առաջնագծում, հասկանում ես՝ զինծառայության 6 ամսով կրճատումն ազգային անվտանգության սպառնալիք է: Մեր փոխարեն՝ որևէ պետություն իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ…
- Բանակում դու կարող է պայմանական բոլոր պոստերը պահես, բայց քո անձնակազմը կա՛մ շատ ծանրաբեռնված լինի, կա՛մ ֆիզիկապես չկարողանա իր առաջ դրված խնդիրները լուծել: Բայց մարդկանց մոտ էմոցիոնալ ֆոնն է առաջին պլան գալիս. խորքը տեսանելի չէ:
- Սրանք բանակը վերածել են աքսորավայրի ու տարբեր իրավիճակներում փորձում են որպես սպառնալիք օգտագործել: Վարժական հավաքներն ուսումնական պրոցեսներ են, դրանց նպատակն օրենքով է սահմանված: Հիմա երբ դու որպես պատիժ ես օգտագործում ընդդիմադիրներին մեկուսացնելու համար, դու զրոյացնում ես օրենքով սահմանված նպատակը: Բացի դրանից, դա դառնում էր նաև ներազգային թշնամանքի պատճառ:

- Երբ 2018թ. մարդիկ գալիս էին, որ իրենց օգտին քվեարկեն, պուպուշ էին, հիմա արդեն թշնամի են: ՌԴ մեր հայրենակիցների նկատմամբ գեներացվող այդ ատելությունը դեռ երկար ժամանակ է իր հետևանքները թողնելու:
- Աշոտ Փաշինյանի ստացած մասնագիտացումն իր ակտուալությունը չի կորցրել: Այդ մասնագիտացմամբ բազմաթիվ մարդիկ հիմա մասնակցում են վարժական հավաքների: Այնպես որ, այստեղ գաղտնիության էլեմենտ չեմ տեսնում:
- Երբ դու անդադար ասում ես՝ մենք միայն պաշտպանվելու ենք, պատերազմ չենք ուզում, խաղաղություն, ենթագիտակցորեն դու մարդկանց պատրաստում ես մի բանի, որ մարդիկ գաղափարապես պատրաստ չեն լինում այլ խնդիր լուծելու, նրանց մոտ պարտվողական տրամադրություններ ես սերմանում: Հիմա հասել է նրան, որ զինվորականներն ասում են՝ գնում ենք աշխատանքի, մինչդեռ դա ծառայություն է: Մարդիկ հայրենիքին ծառայելը որպես աշխատանք են դիտարկում, ոչ թե՝ որպես առաքելություն:
- Սրանք այնքան ճղճիմ են, որ «Իսկանդերը» զորահանդեսի ժամանակ ցույց չտվեցին, որովհետև նախ վարկաբեկել էին այդ գերճշգրիտ և արդյունավետ զինատեսակը, և բացի դրանից՝ այն Սերժ Սարգսյանն էր բերել Հայաստան: Ռուսական այլ զինատեսակներ կային, բայց «Իսկանդերը» չկար: Երբ դու բանակն ես վերածում «սվոյի» ու «չուժոյի», ոչ մի հաջողություն չես ունենալու:
- Նախկինում բոլոր պաշտպանության նախարարները, անկախ նրանից՝ որ կուսակցությունն էին ներկայացնում, աշխատում էին և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ: Սրանց «խերն» այն էր, որ դա էլ ապականեցին:

- Բարդ որոշում է մանդատները վերցնելու հարցը, բայց պետք է հասկանալ՝ մանդատ վերցնես՝ ինչ ես անելու, չվերցնես՝ ինչ ես անելու: 2021-2026թթ. ընթացքում, որքան էլ ես դժգոհ եմ եղել վերջնարդյունքից, 2-3 խոշոր շարժումներ են եղել, որոնք ճիշտ աշխատելու դեպքում կարող էին հանգեցնել իմպիչմենտի: Հիմա շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերն օրակարգ ձևավորեն, որը կհամախմբի ընդդիմադիր ուժերին: 1-2 ուժը խնդիր չեն կարող լուծել, համախմբում է պետք: Խորհրդարան մտած ուժերի օրակարգն ընկալելի պետք է լինի բոլոր ուժերի համար, որովհետև նրանք առանց արտախորհրդարանական ուժերի՝ հաջողության հասնելու հնարավորություն չեն ունենալու:
- Մենք շատ երկար ժամանակ զերծ էինք մնում խոսել այն ուժերի ու գործիչների մասին, ովքեր աջակցել էին 2018թ. հեղափոխություն կոչվածին: Բայց ոմանք սա որպես թուլություն ընդունեցին ու սկսեցին մեզ զրպարտել՝ իրենցից պատասխանատվությունը գցելու ու Հանրապետականի վրա կենտրոնացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:

