Եվրամիության նոր խաղը՝ Հարավային Կովկասում․ ի՞նչ ուղերձներով էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ու Բաքվում
Ավարտվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հարավկովկասյան տուրնեն։ Հուլիսի 1-2-ին Բաքու և Երևան կատարած այցերը փաստացի ամրագրեցին՝ Եվրամիությունը Հարավային Կովկասում անցնում է շատ ավելի պրակտիկ ու գործնական քաղաքականության՝ որդեգրելով տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային ինտեգրման ռազմավարություն։
Եթե նախորդ տարիներին Բրյուսելի գլխավոր առաջնահերթությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում միջնորդական դերակատարությունն էր, ապա այժմ ԵՄ-ն անցել է կոնկրետ նախագծերի առաջմղմանը, ռեգիոնը ԵՄ-ին կապելու, ինտեգրելու և այն ռուսական ազդեցությունից լիովին դուրս բերելու ռազմավարության։ Բաքվում և Երևանում հնչած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ԵՄ-ն տարածաշրջանը դիտարկում է՝ որպես Եվրոպան Սև ծովի, Կասպիցի ավազանին և Կենտրոնական Ասիայի հետ կապող միջանցք։ Այդ պատճառով էլ ֆոն դեր Լայենը շեշտը դրեց հետևյալ մտքի վրա, որ խաղաղությունը տնտեսական և աշխարհաքաղաքական ներդրումների անհրաժեշտ պայման է։ «Մենք պետք է խաղաղությունը թղթից տեղափոխենք իրական կյանք»,- հայտարարեց նա Բաքվում՝ ներկայացնելով «Peace through Connectivity» նախաձեռնությունը։
Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահի ուղերձների առանցքում Ադրբեջանն էր՝ որպես տարածաշրջանային կապող հանգույց։ Ֆոն դեր Լայենը հայտարարեց մինչև 200 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին, որը պետք է խթանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածությունը՝ հետագայում ներգրավելով մինչև 2 մլրդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ։ Նա խոսեց Բաքվի նավահանգստի զարգացման, Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության, Հարավային Կովկասի տարածաշրջանային կապուղիների և նույնիսկ Հայաստանով անցնող էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների հնարավորության մասին։ Միաժամանակ ֆոն դեր Լայենը բարձր գնահատեց Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում՝ հիշեցնելով՝ «երբ Ռուսաստանն էներգիան վերածեց զենքի, Ադրբեջանն օգնեց Եվրոպային»։ Սա առանցքային ազդակ էր, Բրյուսելը վերահաստատեց՝ Ադրբեջանը շարունակում է մնալ ԵՄ-ի էներգետիկ առանցքային գործընկերներից մեկը։
Երևանում, սակայն, շեշտադրումները տարբերվում էին։ Այստեղ առաջնային թեման ոչ թե էներգետիկան էր, այլ Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և եվրոպական շուկաների հետ ինտեգրումը՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում։ Ֆոն դեր Լայենը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը կարող է «հույս դնել Եվրամիության վրա», ընդգծելով, որ Բրյուսելը պատրաստ է աջակցել Երևանին ռուսական տնտեսական սահմանափակումների ազդեցությունը մեղմելու գործում։
Այդ համատեքստում հայտարարվեց Հայաստանի համար ֆինանսական աջակցության, ինչպես նաև հայկական արտահանման շուրջ 80 տոկոսի մաքսատուրքերի վերացման նախաձեռնության մասին։ Ֆոն դեր Լայենը հատուկ ընդգծեց, որ խոսքը ոչ միայն ֆինանսական օգնության, այլ Հայաստանի տնտեսական ուղղության փոփոխության մասին է՝ եվրոպական տնտեսական համակարգին ինտեգրվելու միջոցով։
Նա նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է ոչ միայն տնտեսական դիվերսիֆիկացիային աջակցել, այլև էներգետիկ, շեշտելով, որ ԵՄ-ն հարուստ փորձ ունի նման հարցերում, որը կուտակել է Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակներով։ Ուստի, ըստ նրա, Եմ փորձագետները կժամանեն ՀՀ և կուսումնասիրեն հարցերը տեղում։ Նա նաև խոսեց էներգետիկայի մասին՝ այն կապելով տարածաշրջանին։
Եթե երկու այցերը դիտարկվեն մեկ ամբողջության մեջ, իսկ դրանք միանշանակորեն մեկ օրակարգի շրջանակում են, ակնհայտ է դառնում, որ Եվրամիությունը փորձում է կառուցել Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետություն։ ԵՄ-ի այդ նախագծում Հայաստանը և Ադրբեջանը դիտարկվում են՝ ոչ թե առանձին գործընկերներ, այլ՝ մեկ տարածաշրջանային համակարգի բաղադրիչներ։
Այս քաղաքական, տրանսպորտային ու էներգետիկ կապակցվածությունն է, որ ԵՄ-ին հնարավորություն կտա իրականացնել «Global Gateway»-ի շրջանակում նախատեսված հաղորդակցային, էներգետիկ և թվային նախագծերը։ Ի դեպ, օրերս ԵՄ-ն սկսեց «Կապակցվածության օրակարգի հարթակ» նախաձեռնություն, որը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։
Այսինքն՝ ԵՄ-ն ձգտում է ձևավորել միասնական լոգիստիկ առանցք, որն աստիճանաբար կնվազեցնի Ռուսաստանի տարածքով անցնող ավանդական հաղորդակցային ուղիների նշանակությունը և կմեծացնի եվրոպական ներկայությունը տարածաշրջանում։
Ռուսաստանի գործոնն այս այցերից բացակա չէր։ Թեև երկու մայրաքաղաքներում տարբեր կերպ էր ներկայացվում այն, իրականում ամբողջ այցի ենթատեքստն էր։ Բաքվում ֆոն դեր Լայենը հիշեցրեց, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի ժամանակ կարողացավ նվազեցնել կախվածությունը ռուսական գազից Ադրբեջանի շնորհիվ, իսկ Երևանում արդեն խոսեց Ռուսաստանի տնտեսական ճնշումների մասին և ԵՄ պատրաստակամության՝ փոխհատուցելու այդ ազդեցությունը։
Այսպիսով, Բրյուսելը միաժամանակ լուծում է մի քանի աշխարհաքաղաքական խնդիր։ Եվ դա անում է բավականին արագ ու ինտենսիվ ռեժիմում։ Հետևաբար՝ ֆոն դեր Լայենի այցը պետք է դիտարկել ոչ միայն՝ որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խթանման նախաձեռնություն, այլ նաև՝ որպես Եվրամիության երկարաժամկետ մրցակցային ռազմավարության մաս՝ ուղղված Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը Հարավային Կովկասում։
Եվրամիությունը տարածաշրջանում սկսում է հանդես գալ՝ ոչ թե որպես դասական միջնորդ, այլ՝ որպես ներդրող, տնտեսական դերակատար։ Այդպիսով, հուլիսի 1-2-ի այցերը կարելի է գնահատել որպես Եվրամիության նոր հարավկովկասյան ռազմավարության մեկնարկ, որտեղ ԵՄ-ն սկսում է այն ծրագրերը, որոնց մասին խոսվում էր տարիներ շարունակ։
Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունների կենսունակությունը մնում է պայմանական, քանի որ դրանց իրագործումը գտնվում է Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի շահերի բախման կիզակետում, որտեղ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական տեղաշարժ կարող է փոխել խաղի կանոնները։ Վերջին հաշվով, Հարավային Կովկասի ապագան կախված է ոչ միայն եվրոպական հավակնություններից, այլև Չինաստանի տնտեսական ընդլայնման և այլ դերակատարների հաշվարկների հավասարակշռությունից, որոնք տարածաշրջանը վերածում են դիմակայության բարդ կետի։

