Ուզում ենք օգնել ՀՀ-ին բազմազանեցնել էներգետիկ ոլորտը, փորձ ունենք Ուկրաինայում, Մոլդովայում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
«Էներգակիրների հարցում Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանին էներգետիկ ոլորտում։ Նա նշեց, որ այնպես, ինչպես օգնում են Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, ուզում են օգնել Հայաստանին բազմազանեցնել էներգամատակարարումները։
«Ահա թե ինչու հաջորդ շաբաթ ԵՄ-ից փորձագետների խումբ կժամանի Հայաստան, մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ՝ Ուկրաինայում, Մոլդովայում, անցել ենք դրա միջով, մեծ փորձ ենք կուտակել, ինքներս ԵՄ-ում բախվել ենք խնդիրների։ Միևնույն ժամանակ ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ, նոր էներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերի ձևավորմանն աջակցելով։ 25 միլիոն է ներառում այդ ծրագիրը»,- ասաց նա։

