ԱՄՆ ռազմաօդային ուժերը Խաղաղ օվկիանոսում փորձարկել են LRASM հրթիռը՝ B-2 ռմբակոծիչից
Ամերիկյան B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչը Խաղաղ օվկիանոսում ընթացող զորավարժությունների ժամանակ խորտակել է թիրախավորած նավը՝ կիրառելով LRASM տեսակի մեծ հեռահարության նոր հականավային հրթիռ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ՌՕՈւ Գլոբալ հարվածների հրամանատարությունը։
Հրամանատարության հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը դրանով իսկ ցուցադրել է մեծ հեռավորություններից ռազմավարական թիրախներ խոցելու իր հնարավորությունները։ Գերատեսչությունից նաև հավելել են, որ ներկայումս LRASM հրթիռն ամերիկյան զինված ուժերի հեռահար ծովային հարվածային գործողությունների առանցքային նոր բաղադրիչն է, որը վճռորոշ առավելություն է ապահովում հակառակորդների նկատմամբ։
800 կմ հեռահարություն ունեցող հրթիռի փորձնական արձակումն իրականացվել է Մարիանյան կղզիներից դեպի հյուսիս։
«B-2-ի տպավորիչ հնարավորություններն ընդգծում են ամերիկյան զինուժի պատրաստակամությունը՝ անվտանգության նոր սպառնալիքների պայմաններում արագորեն հարմարվելու և ճկունություն ցուցաբերելու հարցում։ Ծովային հարվածային գործողություններին առաջնահերթություն տալը մեզ թույլ է տալիս վճռական առավելություն պահպանել հակառակորդների նկատմամբ, պաշտպանել մեր ազգային շահերը և ապահովել ազատ ու բաց Խաղաղ օվկիանոսը, ինչը հենց մեր գլոբալ անվտանգության հիմքն է»,- նշել է Խաղաղօվկիանոսյան ՌՕՈւ հրամանատար, գեներալ Քևին Շնայդերը։
B-2 ռազմավարական ռմբակոծիչից LRASM հրթիռի արձակումն իրականացվել է «Valiant Shield 26» զորավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են հունիսի 22-ից հուլիսի 1-ը Մարիանյան կղզիների, Գուամի և Ճապոնիայի հարակից տարածքներում։

