Ինչ կլինի, եթե Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը, արդյո՞ք դա արմատապես կփոխի իրավիճակը Կովկասում․ Մարկեդոնով
Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչումը․ Realpolitik-ի և բարոյական նկատառումների միջև» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է վերջին օրերին մամուլում ու համացանցում ակտիվորեն քննարկվող՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային։
Մարկեդոնովը նախ տեղեկացրել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, իսրայելական առաջատար պարբերականներից մեկը՝ «The Jerusalem Post»-ը, հատուկ նյութ է նվիրել այս թեմային, իսկ ինքը՝ նախարարը, հունիսի 25-ին X սոցիալական ցանցի իր էջում գրել է հետևյալը. «Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտք է»։ Ուստի նա նաև հստակեցրել է՝ եթե Սաարի նախաձեռնությունը հավանության արժանանա Իսրայելի կառավարության նիստում, այն կդրվի Քնեսեթի քվեարկությանը:
Մարկեդոնովն ուշագրավ մի մանրամասն է ներկայացրել․ իսրայելական քաղաքական դիսկուրսը կառուցվում է հրեական պատմական փորձի բացառիկության սկզբունքների վրա։
Նրա խոսքով, որպես կանոն, հիմնավորելով այս կամ այն գաղափարներն ու որոշումները, իսրայելցի քաղաքական գործիչները զերծ են մնում այլ դեպքերին հղում անելուց։ «Սակայն «The Jerusalem Post»-ի վերը նշված հոդվածում կա աչքի զարնող մի ենթավերնագիր, որն ազդարարում է, որ 2026 թվականի դրությամբ 32 պետություն, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
Իսրայելի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման նոր չէ։ Այս հարցով հայտնի մասնագետ Էլդադ Բեն Ահարոնի կարծիքով, այս խնդիրն առաջնային պլան մղվեց 1982 թվականին, երբ Թուրքիան ճնշում գործադրեց հրեական պետության վրա՝ պահանջելով չեղարկել Հոլոքոստին և Ցեղասպանությանը նվիրված համաժողովը։ Այն ժամանակ Իսրայելը համաձայնեց կազմակերպիչներից պահանջել չեղարկել միջոցառումը, որպեսզի ապահովի հրեաների անվտանգ ելքն Իրանից և Սիրիայից՝ թուրքական սահմանով։ Հենց այդ ժամանակ ձևավորվեց իսրայելական ոչ պաշտոնական մոտեցումը. հասարակության մեջ և ակադեմիական միջավայրում թեմայի շուրջ՝ լայն քննարկումների հնարավորություն՝ առանց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման։
Դեռևս մինչ թուրքական քաղաքական օլիմպոսում էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (որը գաղափարական առումով ներկայացնում է «ժողովրդավարական իսլամիզմի», նեոօսմանիզմի՝ կայսերական ռեսենտիմենտի երանգներով և թյուրքական համերաշխության սկզբունքների համադրումը) հաստատվելը, Անկարա-Թել Ավիվ ռազմավարական առանցքը ճաք էր տվել։ Վերջին քառորդ դարի ընթացքում Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերելքներ ու վայրէջքներ են ապրել։ Բայց ամեն անգամ, երբ կորագիծը գնում էր դեպի վար, հրեական պետությունում վեր էր բարձրանում Հայկական հարցի» քաղաքականացումը։ Քնեսեթ մի քանի անգամ ներկայացվել են համապատասխան օրինագծեր։ Այս համատեքստում կարելի է հիշատակել պատգամավորներ Թամար Զանդբերգի, Յաիր Լապիդի և Գիդեոն Սաարի նախաձեռնությունները։
2025 թվականին գործի անցավ իսրայելական քաղաքականության «ծանր հրետանին»։ Ինքը՝ Բենիամին Նեթանյահուն, ամերիկացի հայտնի գործարար և փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեվիդի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի իրադարձությունները ճանաչում է որպես Հայոց ցեղասպանություն։ Սակայն խոսքերը պետականորեն ձևակերպված որոշումներ չեն։ Ամեն դեպքում, այսօր, երբ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները գահավիժել են հերթական կտրուկ անկման մեջ, իսրայելական քաղաքականության մեջ նոր խոսքի հնարավորություններն ավելի շատ են։
Այդուհանդերձ, ակնհայտ պարզունակություն կլիներ ամեն ինչ հանգեցնել բացառապես ցինիկ հաշվարկների, թեև դրանք, անշուշտ, հիմարություն կլիներ հերքել։ Բայց իսրայելական իրավապաշտպան և ակադեմիական հանրույթում վաղուց է ձևավորվել կարծիք հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման և կայսրության տարբեր ժողովուրդների նկատմամբ ուշօսմանյան իշխանությունների գործելակերպի դատապարտման։ Վերցնենք թեկուզ պրոֆեսոր Յաիր Աուրոնի գիտական աշխատություններն ու հասարակական գործունեությունը։ Իշխանությունները նույնպես ստիպված են հաշվի նստել խնդրի բարոյական կողմերի հետ»,- մանրամասնել է Մարկեդոնովը:
Նա ընդգծում է՝ ենթադրենք՝ Իսրայելը դառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 33-րդ պետությունը, արդյո՞ք դա արմատապես կփոխի իրավիճակը Կովկասում և Մերձավոր Արևելքում։
«Պատասխանը բացասական է։ Նման ճանաչումը չի կործանի ադրբեջանա-իսրայելական ռազմավարական կապը։ Եվ Միացյալ Նահանգները կանեն ամեն ինչ՝ Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում հրդեհը մարելու համար։ Սակայն ամենակարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և կողմնակիցների «Իրական Հայաստանի» հայեցակարգը չի կենտրոնանում անցյալի տրավմաների վրա, իսկ ցեղասպանության ճանաչման համար պայքարն այսօր Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ»,- կարծում է Մարկեդոնովը։

