Գիտնականների մեծ արտահոսք կա, թիվը հիմա ամենացածրն է. 150 մասնագիտությունների գծով դիմորդ չկա». Ատոմ Մխիթարյան
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը հերքում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե գիտնականների աշխատավարձը մի քանի անգամ բարձրացել է. ասում է՝ այստեղ թյուրիմացություն կա։
«Ինքս ԳԱԱ աշխատակից եմ, իմ աշխատավարձը վերջին 5 տարում որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ավելին ասեմ, որոշ գիտնականների աշխատավարձերը բարձրացել են, բայց ավելի շատ գիտնականների աշխատավարձն էլ իջեցվել է, որովհետև նրանք պիտի ինչ-որ աստիճանակարգման ենթարկվեն։
Կա գիտնականների ատեստացիայի կարգ, ինչպես որ կա ուսուցիչների դեպքում, և այն գիտնականները, որոնք անցնում են ատեստացիան, նրանց աշխատավարձերը բարձրացել են մինչև ամենաշատը 500 հազար դրամ։ Շատերինն էլ իջեցվել է, որովհետև պաշտոնի իջեցում է տեղի ունեցել, իսկ շատ գիտնականներ էլ դուրս են եկել համակարգից»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Նա շեշտում է՝ աշխատավարձի ֆոնդը, որը 2-3 տարի առաջ հատկացված էր ամբողջ ակադեմիական համակարգին, նույնն է մնացել, որովհետև գիտնականների թիվը պակասել է, և այդ պակասած գիտնականների աշխատավարձը վերաբաշխվել է մյուս գիտնականների միջև։
«Ամբողջ պատմության ընթացքում գիտնականների թիվը հիմա ամենացածրն է՝ 1 մլն բնակչի հաշվին 1004 գիտնական է ընդամենը, իսկ խորհրդային տարիներին եղել է մոտավորապես 8-9 անգամ ավելի շատ։
Լավ գիտնականները նույն աշխատանքն անելու համար գնում են արտերկիր ու ստանում են մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ, իսկ որոշ գիտնականներ դուրս են գալիս համակարգից, գնում են բիզնես ոլորտ կամ պետական կառավարման համակարգ, իսկ նրանց փոխարինող երիտասարդները չեն հասցնում այն տեմպերով համալրել շարքերը, ինչ տեմպերով այդ շարքերը լքում են ավագները։ Սա է պատճառը, որ գիտնականների թիվ նվազում է»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Խոսելով այս տարի բուհեր դիմորդների ընդհանուր թվի մասին, փորձագետն ասաց, որ 150 մասնագիտությունների գծով կա 0 դիմորդ բոլոր բուհերում, երբեք նման բան չի եղել։
«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դիմորդների թիվը 500-ով ավելի է, սակայն արդյունքներից պարզ կլինի՝ այդ 500 հոգին հենց այնպես դիմե՞լ են, թե՞ գոնե գիտելիքներ էլ ունեն, որովհետև 2 դիմորդներից մեկը սովորաբար չի ընդունվում։ Մենք քննությունների ավարտից հետո ամեն ինչ կիմանանք»,- շեշտեց Ա. Մխիթարյանը։
Խոսելով ԳԱԱ հետագա ճակատագրի մասին, Ատոմ Մխիթարյանն ասաց, որ ԳԱԱ նախագահը դառնալու է գործադիր պաշտոն, և նա ընտրվելու է նախագահության կողմից։
«Նախագահության նիստերը ղեկավարելու է ՀՀ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը, նախագահությունը բաղկացած է լինելու 11 հոգուց, նրանցից 1-ը, որը նախագահելու է այդ նիստերը՝ ՀՀ նախագահն է։ Եվս 2 հոգու նշանակելու է Կառավարությունը և 8 հոգու ակադեմիան է ընտրելու իր կազմից։ Այնուհետև այդ 11 հոգին ընտրելու է ԳԱԱ նախագահ, որը լինելու է գործադիր ղեկավարը։ Սա գրված է ԳԱԱ կանոնադրության մեջ, որի մեջ նշված էր, որ օրենքը հաստատելուց 6 ամիս հետո Կառավարությունը պետք է հաստատի ԳԱԱ կանոնադրությունը, այդ կանոնադրությունը հաստատվել է հունիսի 18-ին՝ 2 ամիս ուշացումով։
ԳԱԱ-ն համակարգ էր, հիմա մնացել է ակադեմիայի նախագահությունը, իսկ 30-ից ավելի գիտահետազոտական կազմակերպություններ դուրս են բերվել ԳԱԱ համակարգից ու ենթարկվում են ԿԳՄՍ նախարարությանը»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։

