G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Կողմերը դրական են գնահատել Հնդկաստան-Գերմանիա ռազմավարական գործընկերության նոր դինամիկան, քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և ռուս-ուկրաինական հակամարտության։ Նրանք նաև ողջունել են Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Սա այս տարի երկու ղեկավարների երկրորդ հանդիպումն է։ Մերցը հունվարի 12-ին այցելել էր Հնդկաստան, պաշտոնապես ավարտել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ երկու երկրների միջև ընթացող բանակցությունները։
G7-ի շրջանակում հանդիպման ժամանակ Մոդին և Մերցը վերահաստատել են իրենց հանձնառությունը գործակցության հետագա ամրապնդմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, պաշտպանության և անվտանգության, կանաչ զարգացման, տեխնոլոգիաների, նորարարությունների, կրթության։
Մերցը Մոդիին հրավիրել է Գերմանիայում այս տարի ավելի ուշ անցկացվելիք Հնդկաստան-Գերմանիա միջկառավարական 8-րդ խորհրդակցություններին։

