Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն
Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը իրանցի ժողովրդի հաղթանակն է և Միացյալ Նահանգների պարտությունը ավելի քան 100 օր տևած պատերազմում։ Երկուշաբթի առավոտյան այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:
«Իրանցի ժողովրդի կամքը հաջողությամբ պարտադրվել է թշնամիներին»,- ասված է հայտարարության մեջ: Կենտրոնական շտաբը, ողջունելով զինծառայողների «անսասան վճռականությունը», ընդգծել է, որ իրանցի ժողովրդի պողպատե կամքն անհաղթահարելի պատնեշ է ցանկացած տեսակի ագրեսիայի դեմ և մնում է հաղթանակի միակ ուղին:
«Ամենակարող Աստծո ողորմությամբ և Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանատարությամբ՝ իրանցի ժողովուրդն ու իր մարտիկներն ապացուցեցին, որ չարամիտ ամերիկացի և սիոնիստ թշնամիները պարտությունն ընդունելուց ու հանձնվելուց բացի այլ ընտրություն չունեն», — նշվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի մշակման աշխատանքների ավարտի մասին, որը պաշտոնապես կստորագրվի ուրբաթ օրը Շվեյցարիայում:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հաստատել էր, որ հուշագրի տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և ըստ այդ փաստաթղթի՝ անհապաղ ու վերջնականապես դադարեցվում են տարբեր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում տիրող պատերազմն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև վերացվում է Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը:

