«Փաստացի ամեն ինչ կատարվում է այն ուղղությամբ, որի համար Փաշինյանն ու Ալիևը գնացել էին ԱՄՆ, լավ ակնկալիքներ պետք չէ ունենալ». Գագիկ Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվելու Հայաստանին իշխանության վերարտադրության արդյունքում։
«Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն այս ճանապարհով վերածվելու է թուրք-ադրբեջանական վիլայեթի, այսինքն՝ բազմիցս եմ ասել, որ հիմա գնում է հիբրիդային ոճով կատարվող ցեղասպանություն։ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են այն զենքը, որն օգտագործվում է մեր դեմ։ Այս ամենի նպատակը պարզից էլ պարզ է՝ ոչնչացնել Հայաստանը։ Սա է նրանց ստրատեգիական նպատակը, և կանեն, եթե այս օրերին մեզ չհաջողվի իրավիճակ փոխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը՝ խոսելով Հայաստանում իշխանությունների վերարտադրության և դրա հետևանքով Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին։
Ըստ նրա, Հայաստանն իր պատմության մեջ երբեք նմանօրինակ դավաճան իշխանություն չի ունեցել, եղել են առանձին իշխաններ, որոնք «տարբեր նպատակներով ու նկատառումներով սրիկայություններ են արել», ներկայիս իշխանությունն իր տեսակի մեջ բացառիկ է։
«Դիտարկելով այս ամբողջ գործընթացները՝ կարող եմ ասել՝ մեր երկիրը լավ ճանապարհով չի գնալու, հասկանալի է, այս ղեկավարություն կոչվածն ավելի է ցինիկանալու, նրա ձեռքերն ազատվել են՝ եթե հաջողվի վերջնարդյունքում գրանցել հաղթանակ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Գագիկ Հարությունյանն ասաց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ներկայիս իշխանության քաղաքականությունն ուղղված է եղել Հայաստանը տանելու դեպի Ադրբեջան ու Թուրքիա։ Հիմա իշխանությունն ավելի եռանդով է աշխատելու այդ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրին», Գագիկ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանին որևէ բան չի կաշկանդում այդ թուղթը ստորագրելու համար, բայց հարց՝ ի՞նչ է փոխվելու դրանից հետո, պատասխանն ակնհայտ է՝ ոչինչ։
«Այսօր եթե Ադրբեջանի շահը պահանջի, որ այդ թուղթը ստորագրի, ապա կստորագրի, եթե քաղաքական որևէ մոտիվ չունենա, հեշտությամբ կարող է շրջանցել իր ստորագրությունը։ Փաստացի ամեն ինչ կատարվում է այն ուղղությամբ, որի համար Փաշինյանն ու Ալիևը գնացել էին ԱՄՆ, լավ ակնկալիքներ պետք չէ ունենալ այս ամենից»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

