Պատերազմ Պարսից ծոցում. ջո՞ւր, թե՞ նավթ, ո՞րն է այժմ ավելի կարևոր
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուն պես վերլուծաբաններն ավանդաբար կենտրոնանում են հումքային շուկաների կոնյունկտուրայի վրա՝ լինի դա ածխաջրածիններ, ալյումին, թե պարարտանյութեր։ Սակայն իսկական ռազմավարական ռեսուրսը, որը հարվածի տակ է հայտնվում, քաղցրահամ ջուրն է։
Քաղցրահամ ջրի պակասի խնդիրը մեր ժամանակների ամենասուր մարտահրավերներից մեկն է, սակայն դրա քննարկումը հազվադեպ է տեղավորվում ընթացիկ զինված հակամարտությունների համատեքստում: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այս տարվա փետրվարին սկսված գործողությունը հստակ ցույց տվեց, թե որքան կործանարար կարող է լինել ռազմական գործողությունների ազդեցությունը ջրային անվտանգության վրա: Վերջերս Fortune ամսագիրը նշել է․ Իրանի հետ պատերազմում որոշիչ գործոնը ոչ թե նավթն է, այլ ջուրը։
Վաշինգտոնի սանձազերծած պատերազմը չափազանց բացասական ազդեցություն է ունենում ջրային ռեսուրսների դեֆիցիտի խնդրի վրա՝ ինչպես ուղղակի ավերածությունների, այնպես էլ միջնորդավորված տնտեսակլիմայական մեխանիզմների ներգործության հետևանքով։ Խնդրի տարածաշրջանային ասպեկտն առավել ակնհայտ է։ Խոսքը կենսական նշանակության ենթակառուցվածքների անմիջական ոչնչացման մասին է։ Հակամարտության ամենաակնառու և տագնապալի դրսևորումներից մեկը դարձավ նպատակաուղղված հարձակումը ջրամատակարարման օբյեկտների վրա։ Այն պայմաններում, երբ Պարսից ծոցի երկրները հանդիսանում են աշխարհի ամենաջրասակավ պետությունները, նրանց կախվածությունն աղազերծման կայաններից վերածվում է ռազմավարական խոցելիության։ Տարածաշրջանն արտադրում է աշխարհի ողջ աղազերծված ջրի շուրջ 40 տոկոսը՝ ափամերձ գոտու երկայնքով շահագործելով ավելի քան 400 գործարան։
The Economist-ի բերած տվյալների համաձայն՝ Պարսից ծոցի չորային արաբական երկրներն ավելի ու ավելի շատ են հենվում աղազերծման վրա, ինչն ապահովում է Բահրեյնի, Քուվեյթի և Քաթարի խմելու ջրի 90 և ավելի տոկոսը, և գրեթե նույնքան՝ Օմանի համար։ Սաուդյան Արաբիայի համար այս ցուցանիշը կազմում է 70 տոկոս, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) համար՝ մոտավորապես 40 տոկոս։ Այս պայմաններում ջրային ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված ցանկացած լուրջ վնաս հավասարազոր է հումանիտար աղետի։ Պարսից ծոցի երկրները կախված են հազարավոր ջրամաքրման կայաններից, որոնցից ամենաարտադրողականները տեղակայված են ափամերձ գոտու երկայնքով։ Եվ հենց սա դրանք դարձնում է հեշտ հասանելի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների համար։
Չնայած Իրանը շատ ավելի քիչ է ապավինում աղազրկման հզորություններին, արևմտյան աղբյուրները հաղորդում են, որ երկրում ջրի պակասը դեռևս բավականին լուրջ է: Տասնամյակների ընթացքում շինարարության ամբարտակների և լայնածավալ ջրառը սպառել են պաշարները։ Իրանցիների գրեթե մեկ երրորդը ջրի պակասի առջև է կանգնած: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ պատերազմը դժվար թե կօգնի Թեհրանին հարևան երկրների հետ ջրային հարցերի շուրջ արդեն իսկ համեստ համագործակցությանը: Միևնույն ժամանակ, հակամարտության շարունակմանը զուգընթաց, Իրանը կարող է դադարեցնել ջրամատակարարումը Պարսից ծոցի իր հարևաններին։ Սակայն այն բանի հավանականությունը, որ հենց իր մոտ նույնպես կվերջանա ջուրը, մեծանում է, ամփոփում է The Economist-ը։
Քաղաքացիական ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումն ավանդաբար համարվում է պատերազմական հանցագործություն: Արդեն տեղեկություններ են ստացվել, որ ամերիկյան զորքերը հարված են հասցրել իրանական Քեշմ կղզու ջրամաքրման կայանին։ Բահրեյնն իր հերթին՝ մեղադրել է Իրանին իր աղազերծման կայաններից մեկի վրա հարձակման մեջ: Ավելի վաղ, երբ Դոնալդ Թրամփը հրաժարվեց իրանական էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքից, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ ի պատասխան՝ հարվածներ կհասցնի Պարսից ծոցի երկրների ջրային օբյեկտներին:
Macquarie-ի վերլուծաբանները նախազգուշացնում են. հարվածը հանգուցային օբյեկտներին, ինչպիսիք են աղազերծման գործարանները, կդառնա էսկալացիայի (լարվածության մեծացման) կտրուկ փուլ։ Մի քանի տարի առաջ հրապարակված վերլուծական զեկույցներից մեկում հաշվարկվել է, որ եթե Սաուդյան Արաբիայի ջրային ենթակառուցվածքը շարքից հանվի, ապա մայրաքաղաքը՝ Էր Ռիադը, իր ութուկես միլիոն բնակիչներով, ստիպված կլինի տարհանվել մեկ շաբաթվա ընթացքում։
Մեկ օբյեկտից կախվածության մասշտաբը զարմանալի է. Ջուբայլում գտնվող համալիրն օրական 1,6 միլիոն խորանարդ մետր ջուր է տալիս: Թագավորությունում ամերիկյան դեսպանատունը մի անգամ նման գնահատական է տվել. առանց ջուբայլյան կայանի՝ Սաուդյան կառավարությունը պարզապես կդադարի գործել։
Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանի արևմտամետ երկրների ջրային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց Իրանի հրաժարվելը ոչ թե թուլություն է, այլ գիտակցված դիվանագիտական քայլ։ Խուսափելով հարևանների ենթակառուցվածքների ամենախոցելի օղակի վրա հարձակումներից՝ Թեհրանը փաստացիորեն նրանց հստակ ու միանշանակ ազդակ է հղում. «Մենք ի վիճակի ենք կտրուկ սրել իրավիճակը, բայց գիտակցաբար դա չենք անում: Գուցե դուք պետք է ճնշում գործադրեք ԱՄՆ-ի վրա և պահանջեք դեէսկալացիա, նախքան մենք կանցնենք այդ սահմանը»։
Միևնույն ժամանակ, բացի ուղղակի ավերածություններից, հակամարտությունը գործարկել է մեխանիզմներ, որոնց ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա ժամանակի մեջ հետաձգված է, սակայն դրանից ոչ պակաս կործանարար։ Այս մեխանիզմները գլոբալ բնույթ են կրում և տարածաշրջանային պատերազմը վերածում են համաշխարհային ջրային անկայունության գործոնի։
Այսպիսով, Հորմուզի նեղուցի համընկնումը, որով անցնում է կարբամիդի և ծծմբի համաշխարհային արտահանման գրեթե 50 տոկոսը, հանգեցրել է պարարտանյութերի շուկայի փլուզմանը: FAO-ն իրավիճակը բնութագրել է՝ որպես «վերջին շրջանում գլոբալ ապրանքային հոսքերի ամենաարագ և լուրջ խախտումներից մեկը»: 2026 թվականի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում կարբամիդի գներն աճել են գրեթե 46 տոկոսով: Սա ուղղակիորեն ազդում է գյուղատնտեսության վրա. ամբողջ աշխարհում գյուղատնտեսական արտադրողները բախվում են պարարտանյութ գնելու անհնարինության հետ, ինչը հանգեցնում է բերքատվության նվազմանը:
Պարարտանյութերի և ջրային ռեսուրսների միջև կապը երկակի է։ Մի կողմից՝ բերքատվության անկումը ֆերմերներին ստիպում է ընդլայնել ցանքատարածությունները կամ ավելացնել ոռոգման համար ջրի ընդունումը՝ կորուստները փոխհատուցելու համար, ինչը մեծացնում է ծանրաբեռնվածությունը սպառված ջրաշերտերի վրա։ Մյուս կողմից՝ երկարաժամկետ հեռանկարում պարենային ճգնաժամը հանգեցնում է պետությունների ապակայունացմանը և, որպես հետևանք, ջրի խնայող տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու և ջրային ենթակառուցվածքներին աջակցելու նրանց կարողության թուլացմանը:
Տեղի է ունենում նաև կլիմայական վնաս և դրա հետևանքները հիդրոլոգիայի համար: Ըստ առկա տվյալների՝ հակամարտության առաջին երկու շաբաթվա ընթացքում մթնոլորտ են արտանետվել մի քանի միլիոն տոննա ջերմոցային գազեր, ինչը գերազանցում է 84 երկրների տարեկան ածխածնի հետքը միասին վերցրած: Նավթի հանքավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծությունները հանգեցրել են, այսպես կոչված, «սև անձրևների»՝ մուր և թունավոր նյութերով հագեցած տեղումների, որոնք ոչ միայն սպառնում են բնակչության առողջությանը, այլև աղտոտում են մակերեսային ջրերը: Արդյունքում, ռազմական գործողությունների նման հետևանքները երկարաժամկետ բացասական ազդեցություն են ունենում կլիմայի փոփոխության վրա, որոնք, իրենց հերթին, հանդես են գալիս՝ որպես ջրային անվտանգության համար «սպառնալիքների բազմապատկիչ»: Հոռետեսական գնահատականների համաձայն, այս պատերազմի կլիմայական հետքը կզգացվի տասնամյակներ շարունակ՝ սրելով համաշխարհային ջրային ճգնաժամը պատերազմի թատրոնից դուրս:
Հակամարտության քաղաքական հետևանքները կարող են ծայրաստիճան բացասական լինել ջրի միջազգային համագործակցության համակարգի համար: Քաղաքացիական ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք որակվում են՝ որպես Ժնևյան կոնվենցիաների խախտում, անպատժելիության վտանգավոր նախադեպ են ստեղծում: Այնտեղ, որտեղ անդրսահմանային ջրային վեճերը սրվում են, միջազգային իրավական նորմերի էրոզիան հղի է ջրի աղբյուրների վերահսկողության համար հակամարտությունների աճով: Վերլուծաբաններն ընդգծում են, որ աղազերծման գործարանների վրա հարձակումների շարունակումը սպառնում է շարքից հանել շուրջ 100 միլիոն մարդու սպասարկող կենսապահովման համակարգերը: Միակ գործարանի ոչնչացումը կարող է առանց ջրի թողնել ամբողջ քաղաքներ այն երկրներում, որտեղ այլընտրանքային աղբյուրներ գործնականում չկան:
Մինչդեռ ջրի հասանելիությունը գյուղատնտեսությանը թելադրում է նոր կանոններ։ Բերքատվության աճն արդեն իսկ թույլ է կախված տարածքներից և ագրոտեխնոլոգիաներից. գրեթե ամեն ինչ որոշում է ջուրը։ Համաշխարհային բանկի փորձագետները հաշվարկել են, որ մոլորակի բնապահպանական սահմանների շրջանակներում մենք կկարողանայինք կերակրել ընդամենը 3,4 միլիարդ մարդու: Սննդի մնացած մասը ռեսուրսների անխնա սպառման արդյունք է։ Գլխավոր խնդիրը ոչ թե այն է, թե որքան ջուր է ծախսվում, այլ երկրների ու ոլորտների միջև դրա ծայրահեղ անհավասար բաշխվածությունը։ Բանկի մասնագետները համոզված են, որ թե ագրարային ոլորտի ճարտարապետությունը, թե բյուջետային քաղաքականությունն անտեսում են այդ գործոնը: Արդյունքում, արտադրանքի ծավալներն աճում են, բայց դրանց հետ մեկտեղ՝ կուտակվում են նաև համակարգային սահմանափակումներ։
Վերջերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ջրային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Վիկտոր Դանիլով-Դանիլյանը նշել է․
«Աշխարհում սրվում է ջրային ճգնաժամը. սպառումը մեծանում է, իսկ օգտագործման համար պիտանի քաղցրահամ ջուրը դառնում է ավելի քիչ: Ռուսաստանը, որն իր ծավալով երկրորդն է ջրային պաշարներով մոլորակի վրա, դրա շնորհիվ ստանում է և տնտեսական օգուտներ, և լուրջ դժվարություններ»։
Փորձագետն ընդգծում է, որ գլխավոր դերը խաղում են վերականգնվող ջրային ռեսուրսները։ Նրա գնահատմամբ՝ վերջին հարյուր տարվա ընթացքում, հաշվի առնելով աղտոտվածությունն ու ավելորդ սպառումը, մարդկությունն արդեն զրկվել է հասանելի ջրի մոտ 20 տոկոսից: Մարդկանց կյանքի համար ուղղակի սպառնալիք այս դեֆիցիտը դեռ չի ներկայացնում, բայց այն անխուսափելիորեն կհանգեցնի գլոբալ տնտեսության վերաձևման, քանի որ էժան ջուրը գնալով պակաս կլինի։ Գիտնականի կարծիքով՝ ելքը կլինի արտադրությունների տեղափոխումն այլ շրջաններ և սպառման կառուցվածքի փոփոխությունը։
Այս առումով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը կարող է շրջադարձային լինել ջրային անվտանգության խնդրի՝ որպես գլոբալ կայունության անբաժանելի մասի գիտակցման հարցում։ Հակամարտությունը հստակ ցույց տվեց, որ ջրային ենթակառուցվածքը կոմունալ տնտեսության պասիվ տարրից վերածվել է ռազմավարական թիրախի և ճնշման գործիքի։
Տարածաշրջանային ճգնաժամը Մերձավոր Արևելքում՝ պարենի և պարարտանյութերի մատակարարման շղթաների խախտման, կլիմայական վնասների և միջազգային իրավունքի էրոզիայի միջոցով, հզոր բացասական ազդեցություն է թողնում ջրային ռեսուրսների քաղաքականության վրա ամբողջ աշխարհում:
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի հակամարտությունում համաշխարհային հանրության հիմնական ուշադրությունը սևեռված է ուղղակի կորուստների և աշխարհաքաղաքական հետևանքների վրա։ Իսկ ահա ջրային ռեսուրսներին և ենթակառուցվածքներին հասցված վնասը, ըստ երևույթին, մնում է չհաշվարկված։ Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի հերթական պատերազմը ոչ միայն բացահայտեց ջրային համակարգերի կրիտիկական խոցելիությունը Մերձավոր Արևելքի չոր տարածաշրջանում: Այն հրահրել է մի շարք գլոբալ հետևանքներ, որոնք կարող են խորացնել առանց այդ էլ լարված իրավիճակը ջրային ռեսուրսների հետ մոլորակի զգալի մասում։
Հետևանքների մասշտաբը թելադրում է ջրային համակարգերի պաշտպանության մոտեցումների արմատական վերանայման անհրաժեշտությունը։ Ազգային կառավարությունները պետք է դիվերսիֆիկացնեն ջրամատակարարման աղբյուրները, ինչպես նաև ապակենտրոնացնեն ջրային տնտեսության ենթակառուցվածքը և ամրապնդեն դրա կայունությունն ու անվտանգությունը: Միջազգային մակարդակում հասունացել է ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև խաղաղապահության և կլիմայական դիվանագիտության օրակարգում ջրային անվտանգության հարցերի ինտեգրման անհրաժեշտությունը: Փորձագետները ընդգծում են՝ առանց դրա ջրի պակասի դեմ պայքարի ցանկացած ջանք կարող է զրոյացվել նոր պատերազմներով, որոնց գլխավոր թատերաբեմը կարող են դառնալ արդեն ոչ թե նավթային հանքավայրերը, այլ աղազերծման գործարաններն ու ջրամբարները:
Անդրեյ Կադոմցև
քաղաքագետ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

