Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Վեց օր առաջ Էվերեստ լեռան վրա անհետ կորած նեպալցի լեռնագնացը ողջ է մնացել. նա կարողացել է հասնել բազային ճամբար: Այս մասին հաղորդում է France 24-ը։
Փորձառու լեռնագնաց Հիլարի Դավա Շերպան անհետացել էր աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վերին հատվածներում մայիսի 30-ի առավոտյան։
Նա հայտնաբերվել է հունիսի 4-ի առավոտյան բազային ճամբարի մոտ Սագարմաթայի աղտոտվածության վերահսկման կոմիտեի (SPCC) կողմից, որը նեպալական թիմ է և օգնում է Էվերեստի վրա երթուղիներ սահմանել և մաքրել մնացած թափոնները։
Որոնողափրկարարական աշխատանքները վերահսկող պաշտոնյան հայտնել է, որ նա սողալով իջնում էր ներքև։
Շերպային Կատմանդուի հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռ է ուղարկվել։
Բրիտանացի լեռնագնաց Քրիս Թրալը պատմել է, որ մայիսի 29-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Շերպայի հետ հաջողությամբ բարձրացել է 8849 մետր բարձրությամբ գագաթը։ Թրալը նկարագրել է, թե ինչպես է մայիսի 30-ին սկսել իջնել մոտ 7950 մետր բարձրության վրա գտնվող «Չորրորդ ճամբարից», որը թթվածնի ցածր պարունակությամբ «մահվան գոտու» անմիջապես ներքևում է։ Նա ասել է, որ իջնելիս Շերպան կանգ է առել և իրեն ասել է շարունակել ճանապարհը։
Որոնողական խմբերը մեկնել են Շերպային գտնելու, սակայն նա ինքնուրույն իջել էր լեռից։
Ըստ տեղեկությունների՝ այս սեզոնին մահացել է առնվազն հինգ մարդ՝ երկու հնդիկ և երեք նեպալցի լեռնագնաց։
Նեպալցի պաշտոնյաների նախնական հաշվարկների համաձայն՝ այս սեզոնին Էվերեստի գագաթ է բարձրացել ավելի քան հազար լեռնագնաց՝ այդպիսով սեզոնը դարձնելով ամենածանրաբեռնվածը պատմության մեջ։



