Փաշինյանի խաղաղություն-պատերազմ կոնցեպցիան կոտրվել է. շողուլից այդ գնացքը գցեցին. Բռնել-նստեցնելու սցենարը չաշխատող է՝ նրան չի կարող ձայն ապահովել. Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այն կարծիքին է, որ մայիսի 8-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավն անցկացվել է ոչ հավասար պայմաններում։
«Քարոզարշավում ես չնկատեցի հավասար պայմաններ, քանի որ ազդեցիկ հիմնական քաղաքական ուժերից մեկի առաջնորդը գտնվում էր տնային կալանքում, նա հնարավորություն չունեցավ բնակավայրեր այցելել ու հանդիպել քաղաքացիների հետ։ Իսկ նման հանդիպումները բավականին մեծ ազդեցություն են թողնում քաղաքական ուժի վրա նախընտրական կամպանիայի ժամանակ, մի բան է, երբ քաղաքական ուժի ղեկավարն է անմիջապես այցելում մարդկանց, մեկ այլ բան է՝ երբ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Ըստ նրա, տարբեր լրատվամիջոցներ այս ընթացքում ցույց են տվել, թե իշխող ՔՊ կուսակցությունն իր քարոզարշավի ընթացքում որքան վարչական ռեսուրս է օգտագործել, ինչն էլ, բնականաբար, չի ապահովել քարոզարշավի հավասար պայմաններ՝ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համար։
«Բնական է, չէ՞, որ մյուս խոշոր ուժերը չեն կարող վարչական ռեսուրս կիրառել։ Երբ Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական ուժերը բանավիճում են, ծրագրային որոշակի դրույթներ ներկայացնում են, բայց լուսաբանման տեսակետից հավասար պայմաններ չի եղել, քանի որ Հանրայինը ցույց չի տվել ընդդիմադիր կոնկրետ ուժի նախընտրական քարոզարշավը և քարոզարշավի ռոլիկը։
Կան որոշակի գործոններ, որոնք խանգարել են, որպեսզի քարոզարշավը հավասար չափով անցկացվի, բայց այնպես էլ չէ, որ տոտալ անհավասար է եղել»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի բնորոշմամբ՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունն առհասարակ կապ չունի քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի հետ, այլ կապ ունի նրա հետ, թե քարոզարշավը որքան սուր է անցել։ Քարոզարշավը որքան սուր ու ճակատագրական է լինում, այնքան մարդկանց մասնակցությունը շատ է լինում։
«Նկատի ունեմ՝ կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանը կամ մեկ այլ քաղաքական ուժի ղեկավար ինչ է ասում, կարևորն այն է, թե այդ ասելուց հետո իրավիճակը որքան է թեժանում։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսի 8-ից ասում է, որ եթե չընտրվի, պատերազմ կլինի, ու այդ գիծը տանում է մինչև հիմա, այսօր էլ այդ կոնցեպցիան առաջ է տանում, բայց սա մարդկանց վրա չի կարող ազդել։ Քաղաքական 3 ուժերին՝ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին, հաջողվեց անհարմար իրավիճակում դնել Նիկոլ Փաշինյանին, կարողացան նրա սցենարը տապալել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց այս քաղաքական ուժերի ղեկավարներին բանտ նստեցնելու հայտարարություններ անել, դրա համար ժողովրդից պահանջելով իրեն մանդատ տալ։ Բռնել-նստեցնելու սցենարն այս պահին չաշխատող է՝ Նիկոլ Փաշինյանին չի կարող ձայն ապահովել»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ բռնել-նստեցնելու սցենարն աշխարհի տարբեր երկրներում օգտագործում են, սա հնացած մեթոդ է, որն այս պահին իմաստ չկար օգտագործել Հայաստանում։
«Օրինակ, Սամվել Կարապետյանը չունի հակավարկանիշ, որպեսզի մարդիկ գնան Նիկոլ Փաշինյանին ձայն տան, Գագիկ Ծառուկյանի հակավարկանիշն էլ շատ քիչ է, աննշան, իսկ Ռոբերտ Քոչարյանի հակաէլեկտորատը բավականաչափ պակասել է 2018 և 2021 թվականների հետ համեմատած։
Նիկոլ Փաշինյանի խաղաղություն-պատերազմ կոնցեպցիան կոտրվել ու դրվել է մի կողմ, շողուլից այդ գնացքը գցեցին։
Նիկոլ Փաշինյանն ունի իր ընտրազանգվածը՝ արևմտամետները, կգնան ու նրա օգտին կքվեարկեն, քվեարկեն նաև այն մարդիկ, ովքեր միշտ իշխանության կողմն են բռնում»,- ընդգծեցին Արմեն Բադալյանը։



