Աշխարհում կոշտ մրցակցություն է հազվագյուտ մետաղների համար. Սյունիքը դառնում է գլոբալ հետաքրքրությունների գոտի. առանցքային հարցը Հայաստանի սուվերենությունն է. Վահե Դավթյան
Միացյալ Նահանգները փորձում է արագ ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում լոգիստիկ, էներգետիկ և հանքահումքային ուղղություններով, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ (TRIPP)-ի, ռազմավարական գործընկերության և հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման մասին փաստաթղթերի ստորագրումը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ։
Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն՝ իր կարծիք հայտնելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթղթերի մասին։
«Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ փաստաթղթերի, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ։ Վաշինգտոնը փորձում է արագ ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ հատկապես լոգիստիկ, էներգետիկ և հանքահումքային ուղղություններով։ Սա մրցակցություն է միաժամանակ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»,- մեկնաբանեց Վահե Դավթյանը։
Ըստ փորձագետի՝ ԹՐԻՓՓ-ի մասով էլ պետք է հասկանալ, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Փորձագետի խոսքով՝ սա նաև Միջին միջանցքի դիվերսիֆիկացման փորձ է՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքով։
«Վաշինգտոնը փորձում է ձևավորել այնպիսի հաղորդակցային ճարտարապետություն, որը կնվազեցնի Իրանի դերը, կմրցակցի Ռուսաստանի «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ և ավելի խիստ վերահսկողություն կապահովի Եվրոպա-Ասիա կապերի նկատմամբ։
Այստեղ կա նաև խոշոր էներգետիկ հաշվարկ։ 2022 թվականից հետո Ասիան Եվրոպայի համար դարձել է կարևոր էներգետիկ այլընտրանքային ուղղություն։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի Եվրոպան երկարաժամկետ կախված մնա ամերիկյան հեղուկացված գազից։ Այդ պատճառով Վաշինգտոնի համար կարևոր է վերահսկել ոչ միայն էներգակիրների մատակարարումը, այլ նաև այն լոգիստիկ միջանցքները, որոնցով կառուցվում են Եվրոպա-Ասիա տնտեսական կապերը։ ԹՐԻՓՓ-ը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ:
Հայաստանի համար այստեղ կան լուրջ ռիսկեր։ Եթե չկա ամբողջական ապաշրջափակում, եթե տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները չեն բացվում, ապա ԹՐԻՓՓ-ը կարող է մնալ ավելի շատ քաղաքական նախագիծ, քան տնտեսական։ Այդ դեպքում Հայաստանը ստանում է մեծ աշխարհաքաղաքական բեռ ու միաժամանակ՝ սահմանափակ տնտեսական արդյունք։ Թմբկահարվող 15 մլն տոննա ցուցանիշը բացարձակ մերկապարանոց է և չունի իր հիմքում որևէ ռացիոնալ հաշվարկ: Հիշեցնեմ, որ, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը կազմում է 6 մլն տոննա, ընդ որում 2025 թվականին դրանով փոխադրվել է ընդամենը 0,5 մլն տոննա»,- նշեց Դավթյանը։
Խոսելով մայիսի 26-ին ստորագրված՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի մասին՝ Վահե Դավթյանն ուշադրություն է հրավիրում Սյունիքի նկատմամբ գլոբալ հետաքրքրության վրա՝ նշելով, որ եթե հետագայում այս համատեքստում շրջանառության մեջ մտնի նաև ուրանի հնարավոր պաշարների թեման, ապա տարածաշրջանի ռազմավարական արժեքն ավելի կբարձրանա։ Սակայն ըստ փորձագետի՝ առանցքային հարցն այստեղ Հայաստանի սուվերենությունն է։
«Հանքանյութերի վերաբերյալ փաստաթուղթն էլ պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ։ Այսօր աշխարհում ընթանում է հազվագյուտ մետաղների համար կոշտ մրցակցություն։ Դրանք անհրաժեշտ են չիպերի, ռազմական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և «կանաչ» էներգետիկայի համար։ Հատկապես Սյունիքը, սակայն ոչ միայն, այս իմաստով դառնում է գլոբալ հետաքրքրության գոտի։ Եթե հետագայում շրջանառության մեջ մտնի նաև ուրանի հնարավոր պաշարների թեման, ապա տարածաշրջանի ռազմավարական արժեքն ավելի կբարձրանա։ Բայց այստեղ առանցքային հարցը սուվերենությունն է։
Հայաստանը չպետք է վերածվի միայն հումքային կցորդի։ Եթե մենք պարզապես արտահանենք հանքանյութ, իսկ ամբողջ տեխնոլոգիական և արդյունաբերական շղթան մնա դրսում, ապա տնտեսական էֆեկտը կլինի մինիմալ, իսկ քաղաքական կախվածությունները՝ շատ ավելի մեծ»,- կարծում է փորձագետը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կարճատև այցով Երևան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը տեղում՝«Զվարթնոց» օդանավակայանում ունեցած հանդիպումից հետո ստորագրել էին երեք փաստաթուղթ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ նախագծի մասին շրջանակային համաձայնագիրը, Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման մասին շրջանակային հուշագիրը։



