«Պապոյանը գլուխը պատին է տալիս, բոլորը խաբում են… բանկրոտ ենք, ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք». Ծաղկագործ

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է՝ որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։

«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին,  շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի  ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։

Նախորդ տարի ամռանը հայ ծաղկագործները կրկին բախվել էին այս խնդրին, մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին, պահանջեցին լուծում տալ խնդրին, քանի որ ծաղիկներն ուղղակի թափում էին փողոցում։

Կարդացեք նաև

Այսօր Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպարույցում անդրադարձավ հարցին՝ ասելով, որ Հայաստանում «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ կան՝ կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։

«Դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր, եթե դրական եզրակացություն լինի, արտահանման հնարավորությունը կբացվի։ Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշակի ուժեր, որոնք փորձում են որոշակի այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի հայ արտադրողները ՌԴ-ում կանգնեն խնդիրների առաջ։ Նման տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք, բայց նաև կարողանում են նման խնդիրներ զուգահեռաբար լուծել»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծաղկագործ Արտակ Թովմասյանը բախվել է մեծ խնդրի, ավելին՝ նրա բարձրաձայնած խնդիրը չի լուծվել։

«Կոնկրետ ինձ հետ կապված այս խնդիրն ուղիղ 1 տարի է՝ ոչ մի լուծում չի ստացել։ Այս խնդրով երեկ արդեն որոշում են կայացրել, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից կրկին սահմանափակումներ են մտցում, բայց ով լիցենզիա ունի, այսինքն՝ մեկ տարի առաջ  խոշոր ջերմոցներից ում լիցենզիա տվեցին, նրանք մինչև հիմա կարողացել են արտահանել, բայց մենք ուղիղ մեկ տարի չենք արտահանել։

Ես կարող եմ տեսանյութ հրապարակել, այդ տեսանյութն ավելի խոսուն է, քան իմ ասած ցանկացած բառ»,- 168.am հետ զրույցում ասաց Արտակ Թովմասյանը։

Ըստ մեր զրուցակցի, արդեն մեկ տարի է՝ ծաղիկ է արտադրում, սակայն իրացնել ու արտահանել չի կարողանում՝ պարզապես թափում է։

«Կհավատաք, հիմա շուկայում ծաղիկն արժե 10 դրամ, բայց մեկ է՝ չի վաճառվում։ Շուկա ենք տանում 3000 հատ ծաղիկ, բայց վաճառվում է դրա միայն 10 տոկոսը։

Գևորգ Պապոյանը գլուխը պատին է տալիս, եկեք ինձ մոտից ուղիղ եթեր տվեք, Պապոյանի հետ խոսեմ, բոլորը խաբում են՝ դիփ խաբում ին ու խաբում։ Նախորդ տարի ամռանը, երբ գնացել էինք ՍԱՏՄ, մեզանից հասցեներ էին վերցնում, թե դուք գնացեք, մենք կգանք ու տեղում ամեն ինչ կտեսնենք։ Մի հատ հարցրեք էլի իրենց՝ մի հասցերով եկե՞լ են, լիցենզիա տվե՞լ են, խոսքս 8-10 հեկտարանոց ջերմոցների, այդ թվում՝ Քոքոբելյանի ջերմոցների մասին չէ, այլ գյուղացիների, որ 5, 3 հազար մետր հողատարածք ունեն»,- հավելեց Արտակ Թովմասյանը։

Ծաղկագործի խոսքով՝ պետությունը պահանջում է որպեսզի ինքը 16 մլն դրամ վճարի, որպեսզի իր սեփական ջերմոցն օրինական դառնա, դրան զուգահեռ՝ պետք է ջերմոցն ունենա խոհանոց, զուգարան, ամբողջը սալիկապատ լինի՝ համապատասխանի եվրոպական ստանդարտներին, որպեսզի «Ռոսսելխոզնադզոր»-ից տեսանյութը նայեն ու ասեն, որ այո՝ համապատասխանում է արտահանման չափորոշիչներին։

«Իրենց պատասխանում եմ՝ եթե ես կառուցապատեմ ու սիրուն լինի, բայց իմ ծաղիկի վրա բլոճ լինի, ՍԱՏՄ-ն  ինչպես կարող է ասել, թե համապատասխանում է։ Սա մեզ բացասական պատասխան տալու ձև է, ուղղակի մի 5 բառ ավելացրել են, որ կենկրետ բացասական պատասխան չտան։ Խաբում են, ժողովրդին խաբում են։ Հիմա ես չեմ ուզում ժամանակից շուտ գործողություն անեմ, բայց երբ վաղը լինի մայիսի 22-ը, որ իրոք խոչընդոտեն ու ծաղիկը չարտահանվի, կրկին ակցիա ենք անելու, եթե ջերմոցատերերը հավաքվեն»,- նշեց Արտակ Թովմասյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասց, որ նախորդ տարի 30 մլն չի աշխատել, որը ծախսել էր, ու այս տարի արդեն 15 միլիոնի ծաղիկ է թափել։

«Բանկրոտ ենք, մի տարի ոսկի ունեինք, դրեցինք լոմբարդ, գազի ու ջրի գումարը վճարեցինք, հույս ունենալով, որ հաջորդ տարի լավ կլինի, բայց այս տարի էլ ենք թափում։ Ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք, որոբվհետև մեր եկամտի միակ միջոցը մեր երկրում միայն ջերմոցն է։

5000 մետր իմ սեփական հողատարածքն է, 5000-ն էլ վարձակալել եմ, եթե այսպես շարունակվի, երկուսն էլ պետք է փակեմ»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031