Շղթայական նախապայմաններ. Արդյո՞ք հնարավոր է հայ-թուրքական հաշտեցում առանց Բաքվի համաձայնության

«Հայ-թուրքական երկխոսությունն այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում»,- այսօր այս մասին հայտարարել է  արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա արձանագրել է, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ, սակայն վստահություն հայտնել, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»:

«Արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով՝ ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա, Վրաստանով տարանցում կարվի ու կմտնի Հայաստան»,- ասել է Միրզոյանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանն ու Անկարան ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նշել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում էր արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Նա կիսվել էր Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել.

«Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ՝ երկու երկրների բնակիչների, ապա և՝ մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։

ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների այս հանգրվանը։

Մայիսի 4-ին էլ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել էր Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայ-թուրքական քաղաքական շփումներում ակնհայտորեն նկատվում է  ձևավորված կոնսենսուսը, որը հանգեցնում է փոքր քայլերի դեպի հայ-թուրքական կարգավորում։

Սակայն, ըստ նրա, վստահաբար կա նաև պատկերացում ու ընկալում, որ հայ-թուրքական լիարժեք կարգավորումը երևի թե լինելու է ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Այլապես բարդ է հասկանալ, թե ինչու այդ կարգավորումն արդեն տեղի չի ունեցել, ինչու դիվանագիտական հարաբերությունները չեն հաստատվել, իսկ սահմանը՝ չի բացվել։ Թուրքիան պարզապես սպասում է հայ-ադրեջանական գործընթացում վերջնական ամրագրումների, քանի որ նախ՝ տնտեսապես, հետևաբար՝ քաղաքականապես հետաքրքրված չէ Հայաստանի հետ շուտափույթ կարգավորմամբ, ինչպես նաև գործում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։

Այսինքն՝ Ադրբեջանը դեռ «կանաչ լույս» չի վառել հայ-թուրքական վերջնական կարգավորման համար այն դեպքում, երբ հայտարարում են, թե խաղաղությունն արդեն կա տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ այս փոքր քայլերը շարունակական կլինեն, սակայն խոշոր արձանագրումները կլինեն գուցե ամիսներ անց»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ խաղաղությունը,  բաց սահմանները դրական են հատկապես այն երկրների համար, որոնք փոքր են ու տևական ժամանակ ապրել են փակ սահմանների պայմաններում։

«Սակայն Հայաստանում նաև պետք է ճիշտ պատկերացում լինի այն մասին, թե ինչ է սպասվում Թուրքիայի հետ բացված սահմաններից հետո, առևտրից հետո, հարկավոր են անկախ հետազոտություններ, քանի որ արդյունքները կարող են էականորեն տարբերվել մարդկանց և քաղաքական ուժերի ակնկալիքներից։ Թուրքիան ունի չափազանց զարգացած արտադրություն, էժան, որի մուտքը հայկական շուկա նոր իրավիճակ է ստեղծելու, գուցե խնդիրներ կամ հնարավորություններ։

Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, հաշվի առնելով  թուրքական ուժեղ կապիտալը, զարգացած արդյունաբերությունը, արդյոք կա՞ն համապատասխան հետազոտություններ, թե ինչպես նաև հայկական շուկան, տեղական արտադրողը պետք է դիրքավորվի, պատրաստվի նման սցենարի, ինչպես պետք է գործի տնտեսությունը։ Սա պետք է մեկնաբանեն տնտեսագետները, սակայն սխալ է, երբ իրադարձությունները մենք մեկնաբանում ենք քաղաքական տեսանկյունից»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով, գնահատականը, որ հայ-թուրքական երկխոսությունը հասունացած է, թերևս ճիշտ է, սակայն ակնկալիքը, որ ամեն պահի իսկապես կարող է լինել ամբողջական կարգավորում, ուռճացված է։

«Ինչո՞ւ է ուռճացված, քանի որ Ադրբեջանն ակնկալում է սահմանադրական փոփոխություններ, որից հետո միայն՝ հայ-ադրբեջանական կարգավորում, միայն դրանից հետո պետք է լինի հայ-թուրքական լիարժեք կարգավորումը։ Սրանք շղթայական նախապայմաններ են, որոնցով պայմանավորված է ռեգիոնում լիարժեք կարգավորումը։ Ուստի առանց  Ադրբեջանի հետ բոլոր հարցերի լուծման և այն հարցերի, որոնք  Ադրբեջանն անընդհատ շրջանառում է, կարծում եմ, թուրքական ուղղությամբ լիարժեք ապաշրջափակում չի լինելու»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031