Այս ամենից հետո Փաշինյանը չի կարող մնալ իշխանության. Եկեղեցու հարցում Նիկոլը բախվելու է պատնեշի ու փոշեհատիկի նման ցնդի օդում. Հուսիկ Արա
Այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որոշեց կրկին ճեպազրույց տալ։ Էրեբունի համայնքում նա Տիգրան Ավինյանին և թիմակիցներին հորդորեց շարունակել քարոզարշավը, իսկ ինքը մեկ ժամով նրանցից առանձնացավ և պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցերից մեկը վերաբերում էր Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով օրերս այցելել էր տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։
Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ բառերով նկարագրեց Վեհափառի այդ քայլը, կրկին սպառնաց՝ հունիսի 7-ի ընտրություններով լուծելու է նաև Կաթողիկոսի հեռացման հարցը։
Բանաստեղծ Հուսիկ Արան վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին չի վերընտրվելու, որովհետև հայ ազգը, ժողովուրդը կույր չէ, տեսնում է նրա բոլոր արածները։
«Նախ, հունիսի 7-ին ՔՊ-ն չի վերարտադրվի, ախր բոլորն այս ամենը լսում են, որ Հայ Առաքելական եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ սեփական իշխանությունների կողմից ենթարկվում է հալածանքների։ Ժողովուրդը տեսնում է, չէ՞, որ Արցախն իր իշխանության օրոք ամբողջովին հայաթափվեց, մինչ այդ պայմանավորված պատերազմ է եղել, Հայաստանի տարածքներից մոտ 240 կմ զիջվել է թշնամուն։ Այս ամենը մարդիկ հոյակապ տեսնում են, որ այս ամենը կախված է մեկ մարդու քմահաճույքից, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ իշխանության»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հուսիկ Արան։
Ըստ բանաստեղծի՝ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքն ասելու է։ Վերջին 8 տարիների ընթացքում իշխանությունը կարողացավ տարբեր ձևերով ու մեթոդներով խաբել մարդկանց, բայց այս պահին հասարակության մեծ մասը սթափ է։ Թեպետ չի բացառում, որ մարդկանց մի փոքր զանգված կա, որ շարունակում է հավատալ Նիկոլ Փաշինյանին ու մնալ նրա կողմնակից։
«Այս զանգվածը հստակ գիտի, որ Նիկոլը երկիրը կործանում է ու շարունակում է կործանել, չգիտեմ՝ այս զանգվածին «աբիժնի՞կ» են ասում, թե՞ «զոմբի»։ Սա ոչ թե հակահայ, այլ հակամարդ տեսակն է։
Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ մեր ազգը ճակատագրական պահերին դիմակայել գիտի։ Եթե հանկարծ Նիկոլը վերընտրվի, նշանակում է, որ հայ ազգը 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտում պարտվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հուսիկ Արայի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վստահ է, որ հունիսի 7-ին վերընտրվելու է ու հեռացնի Վեհափառին, այլ նրան այդ ամենն ասում են Ալիևը, Փաշազադեն՝ թուրք ու ազերին հրաման են տալիս, նա էլ Հայաստանում կատարում է։ Բայց նույնիսկ նրանք են համոզված, որ չեն հաջողելու, որովհետև պատմության մեջ ոչ մեկին ու ոչ մի ուժի չի հաջողվել հասնել հաջողության Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում։
«Ասել եմ՝ Առաքելական եկեղեցու հարցում Նիկոլը բախվելու պատնեշի ու փոշեհատիկի նման ցնդի օդում, ինչպես և եղավ։
Բայց դե թշնամին հավանաբար ասում է՝ «դե, հերն էլ անիծած, էլի, ինչ լինում է՝ լինի», ճիշտ այնպես, ինչպես Եվրոպան է Ուկրաինային զենք տալիս ու ասում՝ «հերն էլ անիծած, թող կոտորվեն»։ Բայց Նիկոլը գիտի, էլի, որ ոչինչ չի կարող անել, նույնն էլ թշնամին չի կարող անել։ Գիտեն, որ մեր ինքնությունը, արժեքները հիմնականում կապված են եկեղեցու հետ, եթե կործանում են եկեղեցին, կործանում են հային, այսինքն՝ հստակ գիտեն, թե ինչն են թիրախավորել, միևնույն է՝ չեն հաջողելու»,- ընդգծեց Հուսիկ Արան։



