44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին օգնած, 210 միլիոն եվրոյի պայմանագիր կնքած Սլովակիան «օկուպանտ» Հայաստանին զե՞նք կվաճառի
Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին Վարշավայում հանդիպել է նաև Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, ով ևս «Defence24 Days» համաժողովին է մասնակցել:
Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:
Երկուստեք կարևորել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։
Նշենք, որ 2024 թվականին էլ Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ Բրատիսլավայում IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել էր պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, քննարկվել էին Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Իսկ թե կոնկրետ ռազմատեխնիկական ինչ համագործակցության մասին է խոսքը, ինչ որակի, ավելին, ինչպե՞ս, ի՞նչ չափով Հայաստանին կհաջողվի հասնել Սլովակիայի հետ ռազմատեխնիկական պայմանավորվածությունների գործնական ընթացքին, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, գործ ունենք մի երկրի և մի պաշտոնյայի հետ, որը վաղուց ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:
2025 թվականին մենք հայտնել ենք, որ Ալիևը մտադիր է Սլովակիայից հրետանային ավտոմատ համակարգեր ձեռք բերել, և ոչ միայն: Արդեն այս տարի գրեցինք, որ Սլովակիան և Ադրբեջանը խոշոր գործարք են կնքել: Խոսքը 210 միլիոն եվրո արժողությամբ շրջանակային պայմանագրի մասին է, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Սոլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել է, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ:
Բացի այս, Ադրբեջանը և Սլովակիան պայմանավորվել են համագործակցել ինքնագնաց հրետանային կայանքների, զինամթերքի արտադրության ոլորտում. տեխնոլոգիաները՝ Սլովակիայից, ֆինանսական միջոցներն էլ՝ Ադրբեջանից: Այսինքն, ինչպես Ալիևն էր նշել, «խոսքը սիներգիայի ձևավորման մասին է, երբ սլովակական տեխնոլոգիաների և Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունների համատեղմամբ՝ հնարավոր է ստեղծել նոր արտադրանք, որը կհետաքրքրի նաև համաշխարհային շուկաներին»:
Նշենք, որ, ըստ տարբեր տեղեկությունների, չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը Սլովակիայից՝ Իսրայել, ապա` Ադրբեջան են հասել և կիրառվել 44-օրյա պատերազմում: Ընդ որում, այս մասին հայկական կողմից տարբեր մակարդակներով զգուշացումներ են եղել Սլովակիային, Չեխիային դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, ինչի մասին մանրամասն գրել ենք:
Ուստի այս պարագայում ինչ-որ առումով օրինաչափ է դառնում 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-րդ տարվան նվիրված Բաքվի զորահանդեսին Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի ներկայությունը: Հրապարակված լուսանկարներում զորահանդեսին ներկա պատվավոր հյուրերի շարքում երևացել էր նաև Սլովակիայի արտաքին գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը, որը ևս մեծ դերակատարում ունի Ադրբեջանի զինման հարցում:
Իսկ Ռոբերտ Կալինյակը 2006-2010 և 2012-2018 թվականներին եղել է Սլովակիայի ներքին գործերի նախարար ու փոխվարչապետ, 2023 թվականից նա Սլովակիայի պաշտպանության նախարարն ու փոխվարչապետն է:
Հիշեցնենք, որ 2025 թվականին «Հետքը» գրել էր, որ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել էր, թե իբր Հայաստանն «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»:
Այս հայտարարություններից հետո պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, արդյո՞ք նրա հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր իր դժգոհությունը նշվածի առնչությամբ, հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ Հայաստանին Կալինյակի՝ «Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու» մեղադրանքի հասցեագրումից հետո առնվազն երկու ամսվա ընթացքում չի հետևել Փաշինյանի կառավարության պարզաբանումը, բացատրությունը, ոչ էլ բողոքի նոտա է ուղարկվել Սլովակիային:
Եվ հիմա միամտություն կլինի ակնկալել, որ ավելի քան մեկ տարի հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այս հարցը քննարկված լինի, իսկ թե որքանո՞վ կհաջողվի Սլովակիա-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցությունը, ցույց կտա ժամանակը:
Նշենք, որ Ադրբեջանը Սլովակիայի հետ համագործակցության «մոդելով» ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել նաև Չեխիայի հետ:
Հավելենք, որ մայիսի 5-ին Երևանից Բաքու էր մեկնել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, և Ալիևի հետ բանակցությունների օրակարգում եղել է նաև պաշտպանության և անվտանգության ոլորտը: Եվ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա պաշտպանությունը և անվտանգությունը Բաքվի հետ համագործակցության կարևորագույն ոլորտներից է համարել, հատկապես օդատիեզերական արդյունաբերության, ծովային անվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և առաջատար տեխնոլոգիաների ուղղություններում, որտեղ Իտալիան ձեռքբերումներ ունի:
«Մենք առաջարկում ենք մի մոդել, որտեղ արդյունաբերական համակարգերի միջև համագործակցությունը հանգեցնում է գիտելիքների փոխանակման, համատեղ մշակումների»,- շեշտել է Մելոնին:
Ալիևը ևս Իտալիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խոստումնալից է համարել:
«Մենք ունենք կոնկրետ գաղափարներ համատեղ նախագծերի իրականացման, համատեղ արտադրության կազմակերպման, իտալական տեխնոլոգիաներն ու ադրբեջանական ֆինանսական միջոցները համադրելու վերաբերյալ»,- նշել է նա:



