Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական
Ի պատասխան Փաստերի ստուգման հարթակի՝ ս.թ. 28 ապրիլի «0 % գյուղվարկերի գաղափարը նոր չէ» վերնագրով հրապարակման, որը վերաբերում է Գ. Ծառուկյանի՝ վերջերս գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկին, կասեմ հետևյալը:
1. Որևէ մեկը մեր երկրում չի կասկածում, որ Գ. Ծառուկյանը տասնյակ տարիներ շարունակ կանգնած է գյուղացու կողքին ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ դա նշանակում է, որ նա քաջածանոթ է գյուղաբնակ մեր համաքաղաքացիների հոգսերին:
2. Ինչ վերաբերում է 0 % գյուղատնտեսական վարկեր տրամադրելու գաղափարի նոր կամ ոչ նոր լինելու հանգամանքին, ապա Գ. Ծառուկյանը և ԲՀԿ-ն դրա մասին խոսում են տարիներ շարունակ, և դա ներկայացված էր ԲՀԿ տարբեր տարիների նախընտրական ծրագրերում, որի հեղինակներից մեկն էլ ես եմ:
3. Փաստերի ստուգման հարթակը նշում է, որ կառավարությունը վերը նշյալ ծրագիրը նախկինում իրականացրել է թիրախային ձևով, օրինակ՝ 2019 թվականին 0%-ով վարկեր է տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, 5 %-ով վարկեր՝ այլ համայնքների բնակիչներին: Իսկ ս.թ. ապրիլի 9-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 0%-ով մինչև 2 միլիոն դրամ գյուղվարկեր կարող են տրամադրվել շուրջ 20.000 անձանց՝ ընդհանուր 40 միլիարդ դրամ ծավալով:
Դրանից էլ հենց բխում է, որ Գ. Ծառուկյանի առաջարկը եղել է և մնում է գերարդիական:
Այսպես, ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում գործում են ավելի քան 300.000 գյուղացիական տնտեսություններ: Ուստի, հաշվի առնելով այն, որ 20.000-ը 300.000-ի ընդամենը 7%-ն է՝ կարելի է արձանագրել, որ վերը նշյալ վարկից կարող է օգտվել գյուղացիական տնտեսությունների միայն մի չնչին մասը:
Այս իրավիճակը չի կարող ապահովել ոլորտի իրական զարգացում:
Իսկ արդյո՞ք Փաստերի ստուգման հարթակը արձանագրել է, թե 2019 թվականին սահմանամերձ համայնքներում քանի մարդ է օգտվել 0% գյուղվարկերից: Համոզված եմ, որ ոչ ավելին, քան 1000 անձ:
Ակնհայտ է, որ Գ. Ծառուկյանը հանդիպումների ընթացքում խոսում է նաև գյուղի և գյուղատնտեսության ընդհանուր վիճակի մասին՝ արձանագրելով մեծ մասամբ դրանց անմխիթար վիճակը:
Այսպես, 2015-16 թվականներին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՀ ՀՆԱ-ում եղել է 15%, 2025 թվականին՝ շուրջ 8%, այսինքն՝ գրեթե 2 անգամ կրճատվել է:
Հիմա սա լա՞վ է, թե վա՞տ է:
– Ավելին, էապես կրճատվել են գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի արտադրության ծավալները: Օրինակ՝ ցորենի բերքը 2024-25 թվականներին կազմել է 120-130.000 տոննա՝ 2015-16 թվականների 300-350.000 տոննայի փոխարեն:
– Էապես կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
Այսպիսով, ստացվում է, որ որքան ավելանում են գյուղատնտեսության աջակցության ծրագրերը, այնքան մեր երկրում գյուղերը «ծերանում» են և դատարկվում, կրճատվում է աշխատանքի արտադրողականությունը, իսկ գյուղացին ստանում է չնչին եկամուտ՝ մնալով վարկերի բեռի տակ:
Ուստի, խնդիրը գաղափարի նոր ու հին լինելու մեջ չէ: Խնդիրը դրա կիրառման արդյունավետության, ընդգրկման աստիճանի և ազդեցության գնահատականի մեջ է:
Միքայել Մելքումյան
Տնտեսագետ



