Ի՞ՆՉ ԳՐԵՄ. ԳՐԵՄ՝ ԻՄ ՍԻՐՏԸ ԶԲԱՂՎԱԾ Է, ԿԱՄ՝ ԻՄ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է, ՀԱՄԵՑԵ՞Ք
168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ երգչուհի Մաշա Մնջոյանը խոստովանում է՝ երբեք իր առջև նպատակ չի դրել դառնալ ամենապահանջված կամ «ամենաթոփ» արտիստը Հայաստանում։ Նրա համոզմամբ՝ հայկական շոու-բիզնեսի շրջանակները փոքր են, իսկ «առաջին» և «երկրորդ» հասկացությունները՝ հարաբերական։

Մաշան ընդգծում է՝ ոլորտում յուրաքանչյուր արտիստ ունի իր լսարանը, իր ձևը և իր տեղը, իսկ մրցակցությունն ինքնանպատակ չի համարում.
«Ես երբևէ չեմ փորձել մտնել այդ մրցակցության մեջ, որովհետև իմ ընտրած ժանրն արդեն իսկ ամենապահանջվածներից չէ Հայաստանում, և դա շատ բան է ասում»։
Երգչուհու հիշողություններում հատուկ տեղ է զբաղեցնում հայ երգարվեստի լեգենդներից մեկը՝ Նադեժդա Սարգսյանը, ում հետ անցկացրած տարիները Մաշան անվանում է «կոփող և ձևավորող դպրոց»։
Նրա խոսքով՝ Նադեժդան ոչ միայն ուսուցիչ էր, այլ նաև խիստ մեթոդաբանությամբ առաջնորդվող բեմի մարդ, ով իր սաներին սովորեցնում էր բեմում լինել «զինվոր».
«Եթե դու բեմում ես՝ պետք է անես ամեն ինչ, անկախ հանգամանքներից։ Դա ինձ մնացել է մանկությունից մինչև այսօր»։

Նա առանձնացնում է նաև պատրաստվածության մասին Նադեժդայի հայտնի սկզբունքը՝ պատրաստվել ոչ թե 100 տոկոս, այլ 120, որպեսզի բեմում կարողանաս ցույց տալ գոնե 90 տոկոսը։
Մաշան հիշում է, որ Նադեժդա Սարգսյանը բեմ բարձրանալուց առաջ միշտ աջակցում ու ոգևորում էր, սակայն փորձերի ընթացքում չափազանց խիստ էր։
Ամենաբարձր գնահատականը, որը տալիս էր, եղել է՝ «3, նստի՛ր», ինչը, ըստ երգչուհու, իրականում մեծ գնահատական էր։
Նա նաև նշում է, որ այդ մեթոդը բոլորի վրա նույն կերպ չէր ազդում․
«Ես այն մարդկանցից եմ, որ կարող են ընկճվել։ Երբեմն այնքան էի նեղվում, որ երկար ժամանակ չէի ուզում երգել»։
Չնայած դժվարություններին՝ Մաշա Մնջոյանը մեծ երախտագիտությամբ է հիշում այդ փուլը։
Նրա խոսքով՝ հենց այդ խիստ դպրոցն է ձևավորել իր պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվության զգացումը բեմի հանդեպ։

«Վերջում մնում է այն, ինչ քեզ տվել են։ Եվ ես դրա համար շատ շնորհակալ եմ»։
Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև երգչուհու Ավստրալիա տեղափոխվելու, անձնական կյանքի և այլնի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։




