Տիկին Հակոբյան, լավ եղեք. դուք պետք է առողջ լինեք, որ Փաշինյանի հետ միասին պատասխան տաք. Նինա Կարապետյանց
«Տիկի՛ն Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ, մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր զզվանքը, անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ։ Դուք, վերջապես, այն կապտարյուն, զտարյուն, ազնվական ցեղից չեք, որ մնացածս էլ՝ նվաստներ․․․»,- Աննա Հակոբյանի «հրատապ ասուլիսին» այսպես է արձագանքում իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
Հանրային ու քաղաքական գործիչն Աննա Հակոբյանին նաև հիշեցրել է՝ լրագրողները, որոնց հետ նա արհամարհանքով շփվում էր, իր գործընկերներն են։
«Ճիշտ է, դուք արդեն էդպես բարձրաշխարհիկ տիկին եք, ձիարշավարաններ, թե ուր եք գնում, բայց, ամեն դեպքում, հիշեք, թե դուք ով եք։
Երբ խոսում եք կոնվենցիաների մասին, կոնվենցիաներով սահմանված իրավունքների մասին, անպայման հիշեք, տիկի՛ն Հակոբյան, որ դուք էն մարդկանցից մեկն էիք, կամ՝ գուցե և միակը, ով արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների ժամանակ, երբ մարդիկ 1 ամսից ավելի սովամահ էին լինում, ինչ-որ մի ճաշատեսակ էիք սարքում։
Տիկի՛ն Հակոբյան, երբ հղում եք անում Սահմանադրությանը, հիշեք նաև՝ էս երկրում, բոլոր ժամանակներում, բոլոր ժամանակներում Ձեր թանկագին ամուսնու, ՔՊ-ի, ձեր թիմակիցների, այդ թվում՝ ձեր նաև ղեկավար կազմի, ձեր կառույցի հոգաբարձուների ներկայացուցիչների մասնակցությամբ այնքան է խախտվել Սահմանադրությունը, որ երբեք այդչափ չի եղել ոչ մի իշխանության ժամանակ։
Որևէ իշխանություն Սահմանադրության վրա թքած չի ունեցել, ինչքան դուք եք դա արել, երբեք Հայաստանի Հանրապետությունում օրենքներն այսչափ չեն խախտվել, ինչքան խախտվում են հիմա, երբեք մարդիկ այդքան նվաստացած, արժանապատվությունները նվաստացած չեն եղել, ինչքան հիմա։
Ու երբ դու կեղտոտ կոշիկներով անցնում ես կոնվենցիաների վրայով, երբ դու քո նեղ խմբային շահերի համար ոտնահարում ես օրենքն ու Սահմանադրությունը, միշտ հիշի՛ր, տիկի՛ն Հակոբյան, բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել, ու բումերանգը վերադառնում է քեզ,- տեսաուղերձում նշում է Նինա Կարապետյանցը՝ մաղթանքով,- Տիկի՛ն Հակոբյան, լա՛վ եղեք. դուք պետք է առողջ լինեք, որ Փաշինյանի հետ միասին պատասխան տաք»։
Մանրամասները՝ տեսանյութում



