«Գլխատումների պրակտիկան արտացոլվել է բացառապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. հանցագործներին պատժելը պետության պարտավորությունն է». Սիրանուշ Սահակյան
Կառավարության նախորդ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույցով հանդես եկավ, որի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային։
«Ինքս ինձ համար որոշել եմ, որ այս թեմաներին անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, ինչպես նախորդ հարցերին ի պատասխան՝ ասացի՝ այդ ամենը երկսայրի սուր է։ Մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը՝ «ինչ դատով դատեք, նույն դատով դատվելու եք, ինչ չափով չափեք, նույն չափով չափվելու եք»։ Համաձայն չեմ, որ հիմա ես ու դու նայենք իրար աչքերի մեջ ու խաբենք իրար ու, առավել ևս, խաբենք մեր ժողովրդին, որովհետև երկսայրի սուր է։ Այս խոսակցությունները հիմա գոյություն ունեն, իմիջիայլոց, փաստերը, որևէ մեկը դա չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց սա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ, իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այդ թակարդից դուրս գանք, և մենք դուրս ենք գալիս։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս՝ մեր յուղի մեջ»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, Ջերմուկի դիրքերում դիրքապահ կանանց գլխատումներ ու անդամահատումներ էր տեղի ունեցել, որն ադրբեջանցի զինվորները նկարահանել ու տարածել էին տելեգրամյան ալիքներում։ Նաև ժամկետային զինծառայողների էին սպանել ու նկարահանել, այդ թվում՝ գերեվարված հայ զինծառայողին սպանելու տեսարանները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց՝ արդարության համար պայքարը պետության պոզիտիվ պարտավորությունն է, երբ հանցագործություններ են տեղի ունենում, այդ հանցագործությունների քննությունը ճաշակի խնդիր չէ, իրավական հարց է, և դրա վերաբերյալ կան հանձնառություններ։
«Խոշտանգումների դեմ պայքարը նաև համընդհանուր իրավազորության է ենթարկվում՝ անգամ, եթե ոչ ՀՀ քաղաքացին ոչ ՀՀ տարածքում ենթարկվի խոշտանգումների, և հանցագործները կամ վկաները գտնվեն Հայաստանում, և այդ քննությունն ունենա արդյունավետության տարրեր, դրա չկատարումը կարող է հանգեցնել ՀՀ միջազգային իրավական պատասխանատվության՝ խոշտանգվածների իրավունքների տեսանկյունից։
Դրա համար խոշտանգումները կամ կյանքի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունները, որի քննությունը ենթադրում է հանցագործներին պատժելը, դա պետության պարտավորությունների շրջանակում է։ Եթե պետությունն այդ պարտավորությունները չի կատարում, դա հանգեցնում է տարբեր կոնվենցիաների խախտման՝ դատավարական, ընթացակարգային առումով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։
Նա շեշտեց՝ հասկանալի է, որ այս ամենի չիրականացումն ունի բացառապես քաղաքական պատճառներ երկկողմ հարաբերությունների տիրույթում, սակայն դա ևս չի ազատում պարտավորություններից. ոչ պատշաճ քաղաքական իրադրությունը չի կարող արդարացնել միջազգային պարտավորությունների չկատարումը։
«Հիմա պետությունը չի կարող հրաժարվել, մենք, իհարկե, չգիտենք, թե ինչպիսին կլինի դատարանի մոտեցումը։ Նշեմ, որ Եվրոպական դատարանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում այն գործերին, որոնք իրավական արժեք ունեն և որոնք կարող են ողջ եվրոպական տարածաշրջանում ազդեցություն թողնել։ Կարծում եմ՝ նման բնույթ ունեցող գործերը հենց այս կատեգորիայի մեջ են։
Լավ նորությունն այն է, որ երբ Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ էր ներկայացնում, թերևս, մասնագիտական համայնքը քաջ գիտակցում էր, որ դրանք կարող են քաղաքական բանակցությունների և սակարկությունների առարկա դառնալ, որտեղ ավարտը երաշխավորված չէ։ Կարող է մեկնարկել, բայց այնպիսի բազմագործոն ու բարդ իրավիճակ լինի, որ հանրային իշխանություն կրողների կամքը կարող է սահմանափակվել կամ չբխել իրավունքից, և դա հանգեցնի անգամ մեկնարկած իրավական գործընթացների ընդհատման։
Սա է պատճառը, որ բարձր, կարևոր արժեք ունեցող, պատերազմական հանցագործություններ բացահայտող գործերը ներկայացվել են անհատական գանգատի շրջանակներում։ Տուժողները համագործակցել են իրավապաշտպանների հետ, և այն հանցագործությունները, որի մասին մենք խոսում ենք, դրանք ներառված են անհատական գանգատներում՝ անկախ պետությունների ցանկություններից։ Անխուսափելի է, որ այս հարցերի վերաբերյալ մենք ունենալու ենք իրավական դիրքորոշումներ, և կարծում եմ՝ արդարությունը միջազգային հարթակներում կայանալու է»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։
Միջազգային հանրությունը հերքում է այն թեզը, որ կարելի է հասնել խաղաղության առանց արդարության։ Միակ ճանապարհը, որը երկարաժամկետ, կայուն ու վստահելի խաղաղություն կարող է ապահովել՝ դա արդարությունն է և տուժողների իրավունքների նկատմամբ հարգանքը։ Եթե այս որակական չափորոշիչը խաղաղություն չի ապահովում, ապա այն չի կարող վստահելիություն ունենալ։
«Կարծում եմ՝ հանրային այդ կոմունիկացիայում կարևոր է նաև քաղաքական դերակատարների ազդակները։ Օրինակ, երբ միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացվեց՝ ուղերձը հստակ էր, որ մեծանում է պաշտպանվածությունը, քանի որ այդ արարքները կատարածները կենթարկվեն պատասխանատվության իրենց հանցագործությունների համար։
Փաստաթուղթը վավերացվել է, որից հետո ՀՀ սուվերեն տարածքում տեղի են ունեցել դաժանագույն սպանություններ, խոշտանգումներ, որոնք անծանոթ են եվրոպական մայրցամաքին։ Նշեմ, որ գլխատումների այս պրակտիկան էլ, որը բացառապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտում է արտացոլվել, կրկին հատուկ չէ եվրոպական այլ երկրների, բայց այդ արարքների հետ կապված չեղավ հետևողականություն, որ միջազգային քրեական դատարանն անդրադառնա պատասխանատուներին և կանչի քրեական պատասխանատվության։ Կարծում եմ՝ միակ ճանապարհն այն է, որ այդ պատասխանատու բեռը ստանձնի և պատվով իրացնի իրավապաշտպան համայնքը՝ մշտապես հավատարիմ մնալով իրավունքին ու արդարությանը։



