«Արցախում 7-րդ դեպքն է, երբ եկեղեցին հիմնահատակ ոչնչացվում է. Ադրբեջանի ձեռքը բռնող չկա, նույնիսկ մեր ԱԳՆ-ն խուսափում է թեթև ափսոսանքի խոսք ասել». Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։ Հուշարձանը վերջին 2 տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել, հուշարձանի վրա տարբեր գրառումներ են արվել ադրբեջանցիների կողմից, որոշ հատվածներում փորվել է։
Օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում արդեն ասել է, որ չի պատրաստվում հարցը դարձնել պետական մակարդակով քննարկման առարկա։
Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ի կողմից պետական մակարդակով հարցը չի բարձրաձայնվում, բայց ակադեմիական շրջանակների, հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից միջազգային տարբեր կոնֆերանսներում այդ հարցը մշտապես քննարկվել ու բարձրաձայնվել է։
«Խնդիրն այն է, որ այս հարցում չկա պետական քաղաքականություն, նույնիսկ մեր արտգործնախարարությունը խուսափում է թեկուզ թեթև ափսոսանքի կամ ցավի ինչ-որ խոսքի ասել։ Այսինքն՝ եթե այս հարցում պետական քաղաքականությունը բացակայում է և «Արցախ» բառի հետ միասին՝ խուսափում են Ամարաս, Գանձասր, Դադիվանք ասել, ինչի՞ մասին կարող է խոսքը լինել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ըստ նրա, եթե ակադեմիական շրջանակների հասարակական կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքների հետևում չկա պետական մակարդակով տարվող քաղաքականություն ու պետական աջակցություն, արդեն բախվում են լուրջ խնդիրների։ Այս հարցն այն հարցն է, որը լուծելու համար պետությունը պետք է լուրջ քայլեր իրականացնի։
«Ադրբեջանի ձեռքը որևէ մեկը բռնող չկա, կառույցները, որոնք կոչված են հակամարտությունների գոտիներում զբաղվել մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով, նրանք վաղուց դադարել են իրական իրենց դերը կատարելուց, հիմնականում վերածվել են քաղաքական մարմինների։ Հստակ քաղաքականություն է պետք ունենալ, որպեսզի այդ կառույցներին համոզեն, կամ ինչ-որ ձևով ստիպեն, որպեսզի Արցախ մշտադիտարկման խումբ այցելի և տեղում քայլեր ձեռնարկի, իրավիճակը ներկայացնի։ Այս ամենը չի արվում, Ադրբեջանն էլ իրավիճակից օգտվում, ինչ ուզում՝ անում է»,- հավելեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա դժվարացավ ասել, թե պետական քաղաքականության բացակայության պարագայում ինչ է սպասվում Արցախի այն հուշարձաններին, որոնք այս պահին գոնե կիսով չափ կանգուն են մնացել, սակայն մեկ բան հստակ գիտի, որ շարունակելու են թեկուզ անհատներով բարձրաձայնել ու առաջ մղել խնդիրը։
«Չգիտեմ՝ այս պայքարն ի՞նչ արդյունք կտա, բայց որ հարցը բարձրացվում է, քննարկվում է, արդեն իսկ մեկ քայլ առաջ է, բայց գետնի վրա իրական գործողություններ, ցավոք, չկան։
Արցախում վանդալիզմի, սրբապղծման դեպքերը հարյուրավոր են, բայց 7-րդ դեպքն է, երբ Արցախում եկեղեցիները հիմնահատակ ոչնչացվում են։ Բացի այդ, վանդալիզմի դեպքերի հստակ թիվ չկա, մենք հավաքագրում ենք տարբեր սոցհարթակներում եղած տեղեկությունները»,- ընդգծեց Լեռնիկ Հովհաննիսյանը։



