Պայմանագրայինի սպանությունից մոտ 2 տարի անց ՔԿ-ն ընդամենը բացառում է, որ հակառակորդի ձեռքի գործը լինի
168.am-ը մոտ երկու տարի փորձում է պարզել պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան հանգամանքները՝ արդյո՞ք նա սպանվել է հակառակորդի կրակոցից, թե՞ ոչ, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը սպանության հատկանիշներով է հարուցվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեից մեր գրավոր և բանավոր հարցումներին ու հարցադրումներին ի պատասխան՝ հայտնել են՝ որևէ բան դեռ չի պարզվել:
2024 թվականի հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որտեղ տեղեկացվում էր.
«2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:
Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»:
Իսկ մենք 2026 թվականի ապրիլի 18-ին այս թեմայով ևս մեկ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի սպանությունը հակառակորդի կրակոցի՞ց էր, թե՞ ոչ, եթե խնդիրը ներքին է, ապա ի՞նչ փուլում է քրեական վարույթը, արդյո՞ք կասկածյալ, մեղադրյալ կա:
Եվ վերջապես ապրիլի 27-ին մեզ ուղարկած իր պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն ավելի առարկայական տեղեկություն է հայտնել՝ նշելով.
«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային այլ գործողություններ, նշանակվել և ստացվել են մի շարք փորձաքննությունների եզրակացություններ, համաձայն որոնց՝ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճը, գնդակի կաղապարի հատվածը կրակված են եղել Արմեն Գասպարյանին ամրակցված ինքնաձիգից, իսկ վերջինիս գլխին առկա գլխարկի վրա նկարագրված վնասվածքները հրազենային են, գնդակային, առաջացել են պղինձ պարունակող գնդակով կատարված մեկ ընդհուպ կրակոցի հետևանքով, ինչն արդեն իսկ օբյեկտիվորեն բացառում է հակառակորդի կողմից կամ տվյալ ուղղությունից կրակոց արձակելու վարկածը։ Նախաքննությունը շարունակվում է»:
Արդյո՞ք Քննչական կոմիտեի բացառումը, որ հակառակորդը չի սպանել մեր պայմանագրայինին, կհաստատվի նախաքննության ավարտին, ցույց կտա ժամանակը:
ՊՆ զրահադաշտում ականանետային կրակոցի պայթյունին առնչվող եզրակացությունները դեռ պատրաստ չեն
Բայց ՀՀ քննչական կոմիտե ուղարկված մեր հարցման մեջ ներառել ենք նաև բանակում արձանագրված այլ դեպքերին առնչվող հարցեր ևս:
Մասնավորապես, ը,2025թ. հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյուն էր արձանագրվել, որի հետևանքով տուժածներ կային:
Դեպքի առթիվ 08.07.2025թ.-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մենք փորձել ենք ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանալ՝ ի՞նչ է պարզվել, արդյո՞ք խնդիրը միայն կանոնների խախտումներն էին, թե՞ խնդիր կար նաև զենք-զինամթերքի որակական հատկանիշների հետ կապված:
«2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ N զորամասի վարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթունի հետևանքով զինծառայողներին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասով և 550-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է ՔԿ պատասխան գրության մեջ:
Քննչական կոմիտեն՝ բանակում 2026 թվականին արձանագրված մահվան դեպքերի մասին
Եվ քանի որ 2026 թվականի սկզբից մինչև հիմա բանակում զինծառայության հետ կապված մահվան մի քանի դեպք է արձանագրվել, որոնց ոչ բոլորի մասին է ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածել, հնարավոր է, կան դրա համար օբյեկտիվ պատճառներ, ամեն դեպքում, մենք ՀՀ քննչական կոմիտեից խնդրել ենք նաև վիճակագրություն տրամադրել՝ 2026 թվականի զինծառայության հետ կապված՝ քանի՞ մահվան դեպք է եղել, դրանից քանի՞սն է եղել սպանություն և քանիսը՝ ինքնասպանություն:
«2026 թվականին արձանագրված զինծառայողների մահվան 6 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որոնցից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 1-ը՝ 523-րդ հոդվածով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը), 3-ը՝ 155-րդ հոդվածով (սպանությունը), 1-ը՝ 532-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ընդ որում, 3 սպանության՝ 155-րդ հոդվածով նախաձեռնված քրեական վարույթներից 1-ը՝ հանկարծամահության դեպք է, իսկ 1-ը՝ ըստ նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ինքնասպանության»,- հայտնել են մեզ Քննչական կոմիտեից:
Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված:



