«Պահանջս է՝ վերաորակավորեն հոդվածը՝ ոչ թե խուլիգանություն, այլ՝ դիտավորյալ սպանություն. Դեռ վկաների չհարցաքննած՝ նիստն ավարտվում է». Աիդա Գրիգորյան

2025թ. ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով  դատական հաջորդ նիստը նախատեսված է մայիսի վերջին։

Նախորդ տարվա սեպտեմբերի սկզբից մեկնարկած դատական նիստերն Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում տևում են 30 րոպեից մինչև 1,5 ժամ։

Պարգև Հակոբյանի մայրիկի՝ տիկին Աիդա Գրիգորյանի խոսքով՝ դատական պրոցեսում դեռևս որևէ առաջընթաց չկա։

«Դեպքի ամբողջ տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության, մեղադրյալների կողմը պնդում է, որ դեմքերի նույնականացում տեղի ունենա, ասում են՝ դուք որտե՞ ղ եք տեսնում, որ այս մարդիկ հարվածում են ձեր որդուն։ Դատախազը հայտարարեց, որ մեղադրյալների փաստաբանն անհնարին բան է պահանջում, քանի որ կադրը հեռվում է։ Սպասում ենք, որ այս փորձաքննությանն ընթացք տան։

Կարդացեք նաև

Մեղադրյալների փաստաբանը մշտապես դիմում է, որպեսզի իր պաշտպանյալների խափանման միջոց կալանավորումը փոխարինվի տնային կալանքով՝ 5 մլն դրամ գրավի դիմաց, դատարանը դեռ մերժում է այդ միջնորդությունները։ Դիմել էին նաև Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, նույնպես մերժում են ստացել։

Հիմա հասել ենք այն փուլին, որ արդեն վկաները պետք է հարցաքննվեն, բայց դեռ այդ դատական նիստերը տևում են 30 րոպե, գնում-հասնում եմ Արմավիր, հասցնում են քննել միայն խափանման միջոցի հարցը, վկաների հարցաքննությանը չհասած՝ նիստն ավարտվում է»,- 168.am հետ զրույցում ասաց Աիդա Գրիգորյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 29-ին, դատական նիստերը բաց են, սակայն այն տեսանկարահանել և լուսանկարահանելն արգելվում է, կարող են միայն ձայնագրել։

«Ես չգիտեմ՝ ինչն են այսքան երկար քննում, երբ կան հստակ փաստեր, չեմ կարողանում հասկանալ այս ամենի երկարաձգումը, դեռ հույսս չեմ կորցնում, որ ինչ-որ արդարություն կլինի։

Իմ պահանջն այն է, որ հոդվածը վերաորակավորեն ոչ թե խուլիգանություն՝ անզգուշությամբ հասցված մահվան, որը նախատեսում է 5-7 կամ 7-10 տարվա ազատազրկման, այլ դիտավորյալ սպանություն, որը նախատեսում է 15-20 տարվա ազատազրկման։ Ինքս՝ որպես մայր, կարծում եմ՝ իրենց նմանների համար մահապիտիժն էլ է քիչ։

Ապրիլի 23-ին այդ ողբերգական դեպքի օրն է, դատական նիստ էր նշանակված, սակայն մեղադրյալները դատարան չներկայացան, իբրև թե բանտում ընտանիքի անդամների հետ երկարատև հանդիպում էր նշանակված։ Մեղադրյալների փաստաբաններին խնդրեցի՝ գուցե հնարավորություն ունեն միջնորդելու, թեկուզ 5 րոպեով իմ որդուն տեսնեմ, իմանամ՝ ինչպես է տղաս, կկարողանա՞ն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Աիդա Գրիգորյանը շեշտեց, որ հույսը չի ուզում կորցնել, ուզում է հավատալ, որ արդար դատական գործընթաց կլինի։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2025 թվականի ապրիլի 23-ին, Էջմիածնում։

Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել էր կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930