«Նաիրիտում» ֆինանսների նախարարության բացահայտումները դեռ չեն գաղտնազերծվում
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն այսուհետ հանրության առջև հանդես է գալու «առավել թափանցիկ»: Նման հավաստիացում այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:
Սակայն դա չի նշանակում, որ տեսչությունը բացում է բոլոր խաղաքարտերը և, օրինակ, հրապարակելու է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքները: Ս. Ղարիբյանը հայտարարեց, որ «Նիրիտի» գործն ուղարկել է դատախազություն, և արդեն այդ մարմինն է իրավասու պատժել մեղավորներին: Ղարիբյանի խոսքով՝ իրենք մինչ օրս հաղորդագրություն չեն ստացել, թե գործն ինչ ընթացք ունի:
168.am-ի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է տեսչությունը շարունակել «Նաիրիտում» ստուգումները, քանի որ դրանք կիսատ էին մնացել, Ս. Ղարիբյանը հայտարարեց, թե ստուգումները կիսատ չեն եղել: Իրականացված ստուգման նպատակն էր գնահատել ընկերության 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը:
Սակայն հիշեցնենք, որ այն ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էր հայտարարել, թե տեսչությունը դեռ իր աշխատանքները կշարունակի «Նաիրիտում», իսկ հետո՝ 2013-ին քր.գործ հարուցվեց 2011-ի հայտնաբերածի հետ կապված: Տեսչությունը երկու լուրջ խախտում էր հայտնաբերել և 2 ակտ կազմել. մի ակտը վերաբերել է իրանական ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դոլար «Նաիրիտի» «պարտությանը», երկրորդ ակտը եղել է 2009-ին «Նաիրիտ» գործարանի տնօրեն, միևնույն ժամանակ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի՝ «Մեգատեքս» ընկերությունը գնելու համար Միջպետական բանկից վերցրած 10 մլն դոլար վարկին: Հիշեցնենք՝ «Մեգատեքսը» Rhinoville-ից գնել էր «Նաիրիտի» բաժնետոմսերը: Պարզվել է, որ 10 մլն վարկ վերցնելուց 4 ամիս հետո այն ժամանակ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանն այն վաճառել էր ընդամենը 900 հազար դոլարով: