Սամվել Կարապետյանի՝ իշխանության գալուց հետո վենդետաներ չեն լինելու․ Այդ հեռախոսազանգն ընտրության հետ որևէ կապ չուներ, մոնտաժված էր․ Գոհար Ղումաշյան

«Իշխանական ռեպրեսիաների մեքենան շարունակում է աշխատել․ մենք դրան պատրաստ ենք»,- 168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի եթերում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հայտարարեց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Իսկ թե ինչո՞ւ են վերջին գործողություններն իրականացվել հենց Արտաշատ քաղաքում, Գոհար Ղումաշյանը պարզաբանեց՝ ապրիլի 19-ին այնտեղ նախատեսել են մեծ միջոցառում-հանրահավաք իրականացնել։

«Բնականաբար, դրա մասին հայտ ենք ներկայացրել, և այսօր առավոտյան արդեն իրենց մեքենան սկսել է աշխատել։ Մենք պատրաստ ենք իրենց կողմից այդ քայլերին, կանգ չենք առնելու և գնալու ենք մինչև վերջ»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Իր ձերբակալության դրվագին անդրադառնալով՝ կուսակցական գործիչը նկատեց, որ քննիչները չեն կարողացել գեթ մեկ փաստարկ բերել, որն իրականությանը համապատասխանում էր։

«Ի վերջո, ինձ ազատ արձակեցին վարչական հսկողության պայմանով,- նշեց նա, ապա անդրադառնալով հանրայնացված ձայնագրություններին՝ մանրամասնեց,- Այդ հեռախոսազանգն ընտրական գործընթացի հետ որևէ կապ չունի, ինձ զանգահարել էր ինձ շատ մտերիմ մարդ, հարազատ, որի հետ ես 10 տարուց ավելի բարեկամական հարաբերություններ ունեմ, և, իհարկե, այդ խոսակցությունը կտրտված է ներկայացվել, ոչ ամբողջական, մոնտաժված։

Գաղտնալսման 2-րդ դրվագը կապված էր գործարարի զանգի հետ, քանի որ ես Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենն եմ համարվում 2020 թվականից։ Այդ ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միտված է աջակցել հայ գործարարներին՝ իրենց արտադրանքն ավելի գրագետ ներկայացնելու, ավելի ընդլայնելու իրենց գործընկերային հարաբերությունները մի շարք այլ գործարարների հետ։

2-րդ զանգը հենց գործարարի կողմից էր, որին ես չեմ ճանաչել, ինքը ներկայանում է, և ես ասում եմ, որ մենք ծանոթ չենք, ինքը ներկայացնում է իր արտադրական հնարավորությունները, որպեսզի ես խորհուրդ տամ, թե ինչ պիտի լինի հետագայում, և ես ուղղորդում եմ մեր աշխատակցին և ասում եմ, որ՝ խնդրում եմ, կապվեք մեր աշխատակցի հետ, ինքը ձեզ մանրամասն կներկայացնի, թե ասոցիացիան ի՞նչ իրավասություններ ունի և ի՞նչ ձևաչափով կարող ենք համագործակցել։ Այդքանը; Ու ես կարծում եմ, որ եթե դատական նիստից հետո դատարանի մոտ կասկածներ մնային, ես այս պահին այստեղ նստած չէի լինի»։

Գոհար Ղումաշյանը վստահեցրեց՝ իրենց պայքարը հնարավոր չէ կանգնեցնել նմանատիպ դրվագներով, իսկ իրենց քաղաքական ուժի առաջնորդին համարեց մեկը, որը համահայկական միասնություն կարող է ապահովել։

«Սամվել Կարապետյանն իշխանության գալուց հետո, միանշանակ, հայերին չի բաժանելու սևերի և սպիտակների, վենդետաներ չեն լինելու, չեն լինելու հաշվեհարդարներ, մենք աշխատելու ենք պրոֆեսիոնալների հետ, ովքեր որ աշխատում են իրենց սկզբունքներին և երդումներին համաձայն։

Ես ուզում եմ, որպեսզի մենք ունենանք այն Հայաստանը, որ հայ մայրերը ստիպված չլինեն իրենց տղաներին երկրից փախցնել բանակում չծառայելու նպատակով։ Ես շատ ուզում եմ, որ հայ կանայք ստիպված չլինեն իրենց ամուսիններին արտագնա աշխատանքի ուղարկել և տարիներով նրանց սպասել։ Ես ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդներն իրենց ապագան չկապեն արտերկրի հետ, և ես ուզում եմ կրկնել իմ շատ սիրելի միտքը, որ այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը՝ անտեսված լինելու պատճառով։

Տնտեսությունը պետք է լինի կայուն, դիվանագիտությունը պիտի լինի ուժեղ, մեր երկիրը չպիտի օգտագործեն որպես գործիք, այլ մենք պետք է գործոն լինենք դիվանագիտության դաշտում նաև։ Ուզում եմ Հայաստանը հունիսի 8-ից դառնա ուժեղ, ազդեցիկ և արժանապատիվ երկիր»,- ամփոփեց նա։

Այսօր տեղեկացանք, որ մեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել:

Ապրիլի 14-ին էլ Դատարանի կողմից վարչական հսկողություն էր կիրառվել նույն կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ

Բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան էր բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։ Դատարանը թույլատրել էր բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար՝ քաղցած կամ մորը կարոտած։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930