Բաժիններ՝

Աշխարհի տարբեր երկրներ ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը

Մի քանի երկիր, այդ թվում՝ Եգիպտոսը, Իրաքը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Մալայզիան, ինչպես նաև Օմանը, Ուկրաինան, Ավստրալիան և Նոր Զելանդիան ողջունել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնությունը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Եգիպտոսի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Պակիստանի և Թուրքիայի հետ համատեղ կշարունակի ջանքերը՝ «տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը X-ում գրել է. «Չնայած սա խրախուսական լուր է, սակայն առաջիկա օրերին դեռևս զգալի աշխատանք է պետք կատարել՝ երկարատև հրադադար ապահովելու համար»։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ապրիլի 8-ին մեկնում է Պարսից ծոց՝ աջակցելու նոր հայտարարված հրադադարին և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու ավելի լայն ջանքերին։

«Հրադադարը մի պահ թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին, բայց այն պետք է վերածվի երկարատև համաձայնագրի», – ասել է Սթարմերը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կոչ է արել Վաշինգտոնին նմանատիպ «վճռականություն» ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ առաջիկա օրերին նպատակը պետք է լինի դիվանագիտական ​​ուղիներով «պատերազմի երկարատև դադարեցման» շուրջ բանակցությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930