Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը խոսել է մտածողության փոփոխության մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:
Այնուհետև վարչապետը Բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրել է մի քանի թեզ:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Վարչապետի դիտարկմամբ՝ դրա համար գոյություն ունի երկու պատճառ: «Առաջին պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք: Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում: Դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլև դրվի կասկածի տակ և իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում: Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը: Միաժամանակ, վարչապետն ավելացրել է, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի, ինչը ևս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի և դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջև և վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները:
«Սա վստահության ձևավորման կարևորագույն հիմքն է: Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացաման ընթացքում: Եթե մենք ապահովում ենք այս ամենի իրականացումը, ապա պարտավոր ենք ապահովել նաև պատախանատվություն և պրոֆեսիոնալիզմ, որը շատ հաճախ մեզանում բացակայում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների:
Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս