Ոստիկանությունը սկսում է ստուգել թիկնապահներին
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման» հանձնաժողովը սկսել է որակավորման ստուգման անցկացման աշխատանքները: Ներկայումս հանձնաժողովին որակավորման ստուգմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 60 անձինք:
Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի` պահնորդի և թիկնապահի որակավորում ունեցող անձինք պետք է անցնեն համապատասխան որակավորման ստուգում, որից հետո միայն նրանք իրավունք կստանան աշխատանքային պայմանագրեր կնքել «մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ:
Բոլոր այն անձինք, ովքեր անցել են թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման դասընթացներ, ունեն համապատասխան որակավորման դիպլոմներ կամ վերապատրաստման վկայագրեր` կարող են դիմել Հանձնաժողովին` ներկայացնելով ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ սահմանված հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում (լրացվում է տեղում` փաստաթղթերի ներկայացման ժամանակ),
բ) անձնագիր և անձնագրի պատճենը,
գ) համապատասխան մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն):
դ) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
ե) երկու գունավոր լուսանկար՝ 3 X 4 չափի:
Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության վարչական շենք, հեռ. 59 68 30, 093 10 45 55:
ՀՀ Ոստիկանություն