«Զղջացե´ք». Արմեն Ռուստամյանի կոչը՝ իշխանությանը
ՀՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք է որդեգրում: Կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, թե այն, որ ՀՀԿ-ն սկսկել է իր աշխատանքը քննադատել, նոր չի նկատվում:
«Իշխանությունները այն տրամաբարության մեջ են, որ ամեն ինչ այս երկրում իրենցն է, ամեն տեղ պետք է իրենք լինեն, ամեն ինչ մոնոպոլիզացնեն, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում: Իրենք փորձում են ներկայանալ թե՛ իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է, բայց երկար ժամանակ է այս երևույթը տեսնում ենք: Դարձրել են իրենց աշխատաելաոճը, թե ավելի լավ է առաջինը մենք ներկայացնենք խնդիրները, քննադատենք, որ ընդդիմության համար տեղ չմնա, որ ավելի լավ կարող ենք անել, քան ընդդիմությունը: Ամեն տեղ իրենք լավն են… Մենակ խոստովանությունը չի, դրանից հետո գալիս է ապաշխարության մասը, բա դա ո՞վ պետք է անի: Զղջացեք, սկսեք մի պրոցես, որ մարդիկ տեսնեն մաքրման գործընթացի մեջ եք (դիմում է իշխանությանը,- Տ.Մ.): Այս ամենը կվերածվի ցինիզմի, եթե խոստավանություն կա, առանց ապաշխարհության: Հանցագործ աշխարհին բնորոշ էլեմենտներ են գտնում վարք ու բարքի մեջ: Իսկապես այնպիսի քննադատություններ են հնչում, որ բան չի մնում ասելու»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Հարցին, թե իշխանությունը գուցե ընդդիմության կեցվածք է որդեգրել, որովհետև ընդդիմությո՞ւնն է թույլ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դրա համար լուրջ, օբյեկտիվ պատճառներ կան: Ընդդիմությանը ես չեմ արդարացնում, որովհետև եթե ընդդիմությունը չի կարող միավորվել, իշխանությունն էլ լուրջ հնարավորություն է ձեռքբերում՝ ինչ ուզենալ անել»: