Բացառում եմ, որ Անտոն Քոչինյանը կամ Կարեն Դեմիրճյանն անհարգալից խոսեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին. Արամ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին։ Նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նա ընդգծում է՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելը, որի մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթ՝ Ավստիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին, աննախադեպ երևույթ է պատմության մեջ։

«Նման դեպք չի եղել։ Նման դեպք բացառված էր նույնիսկ խորհրդային, աթեիստական, կոմունիստական Հայաստանում։ Իմ կյանքի օրոք, դրանից առաջ՝ չգիտեմ։ Բացառում եմ, որ Անտոն Քոչինյանը կամ Կարեն Դեմիրճյանն անհարգալից խոսեին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, նրան ավազանի անունով կոչեին։ Բացառված էր դա։ Դա ինչ-որ մի «կարմիր գիծ է»՝ ինչպես հիմա ընդունված է ասել, որն անցել է իշխանությունը։ Ընդհանրապես, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները, որոնք տասնյակ-հազարավոր մարդիկ են, պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին, այսինքն՝ պատարագների միջոցով զանգվածային հակակաթողիկոսական ցույցեր կազմակերպել հնարավոր չէր։ Այո, բերում են վարչական ռեսուրսով, բայց զանգվածային հակակաթողիկոսական ցույցեր տեղի չեն ունենում, որովհետև փաշինյանական զանգվածն ասում է. «Մենք քեզ ընտրել ենք, դու թալանչիների դեմ ես պայքարում, շատ լավ ես անում, թալանչիներին՝ բոլորին պետք է գնդակահարել», սակայն Կաթողիկոսին փոխելու օրակարգն իր իսկ ընտրազանգվածի կողմից չի ընդունվում»,- մեկնաբանեց Արամ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Եվ երկրորդ, ինչպես նշում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը՝ զտում է տեղի ունենում Եկեղեցու ներսում։ Արամ Աբրահամյանի համար գոյություն չունեն այն հոգևորականները, որոնք լծվել են Փաշինյանի քարոզչությանը։

«Եթե նրանց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կտրիճ Ներսիսյան է, համենայն դեպս, նրանց շեֆի՝ Փաշինյանի համար, ապա նրանք էլ ինձ համար գոյություն չունեն որպես հոգևորականներ՝ անկախ այն հանգամանքից՝ կարգալույծ արված են, թե ոչ, և երբ գնամ եկեղեցի, որևէ ուշադրություն չեմ դարձնի նրանց վրա և կգտնեմ այն հոգևորականներին, որոնք հավատարիմ են Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական կարգին։ Իսկ ես կարծում եմ, որ մեծամասնությունը հավատարիմ է։ Հետևաբար՝ տեղի ունեցավ այսպիսի ջրբաժան, տվյալ դեպքում՝ հոգևորականների մեծամասնության և փոքրամասնության միջև։ Հիմա իր մտքում գուցե Հայաստանի բնակչության կեսը կամ կեսից ավելին նիկոլական եկեղեցականների այդ փոքրամասնության կողմն է, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ ես գիտեմ, թե որ հոգևորականների հետ պետք է շփվեմ և իմ հոգևոր պահանջմունքները կատարեմ»,- նշում է զրուցակիցը։

«Ռեվյու»-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի աղմկահարույց հայտարարությանը, թե մեր Եկեղեցում կա 4-5 հոգևորական, որոնք կապված են մանկապղծության հետ, Արամ Աբրահամյանը նշում է՝ եթե նա գիտի չորս մարդու անուն, թող ասի չորս մարդու անունները, եթե գիտի հինգ մարդու անուն՝ թող տա այդ հինգ հոգու անունները։

«Իրենց խոսքն անպատասխանատու է ընդհանրապես։ Ոչ միայն սուտ է, այլև անպատասխանատու է։ Տեսեք, նրանք ասում են, որ Կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ենթադրենք՝ դա ճիշտ է։ ԿԳԲ-ն արդեն 34 տարի՝ 1991 թվականից, գոյություն չունի։ Ի՞նչ կառույցի գործակալ է նա։ Գոյություն չունեցող կառույցի գործակա՞լ։ Բայց քանի որ նրանք, այնուամենայնիվ, չեն ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե ասեն՝ ФСБ-ի գործակալ է, ապա Ռուսաստանից կարող են, մեղմ ասած, «բոքսել» նրանց, ուստի ասում են՝ ԿԳԲ-ի գործակալ, և այն օգտագործում են որպես ինչ-որ քարոզչական միջոց»,- հավելեց Արամ Աբրահամյանը։

Խոսելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների նկատմամբ ճնշումների թեմայի շուրջ՝ Արամ Աբրահամյանը շեշտում է, որ որպես լրագրող՝ ինքը պարտավոր է արձանագրել, որ 2020 թվականի պատերազմում կրած պարտության մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Լրագրողների հանդեպ ատելության աճը ոչ մի ձևով արդարացված չէ, բայց ես կարծում եմ, որ դա բացատրություն ունի, որովհետև 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո, երբ ցանկացած նորմալ, սթափ մարդու համար պարզ էր, որ այդ պարտության մեղավորը Փաշինյանն է, ես չեմ կարող դա չասել, ես չեմ կարող ասել՝ մի քիչ Փաշինյանն է, մի քիչ էլ, ասենք՝ «5-րդ շարասյունը», չեմ կարող հավասարության նշան դնել։ Որպես լրագրող՝ ես պետք է արձանագրեմ այդ փաստը, հետևաբար՝ 2020 թվականից հետո քննադատության հեղեղն իշխանության հասցեին մեծացել է, բայց նրանք, կոպիտ ասած, «վիզ չեն առնում» իրենց պատասխանատվությունն ու մեղքը և ամեն կերպ փորձում են ինչ-որ մի պատճառ գտնել այս խայտառակ պարտության համար։ Դրա համար նրանք փորձում են ինչ-որ միջոցներ կիրառել լրատվամիջոցների դեմ»,- նշում է Արամ Աբրահամյանը։

Նրա կանխատեսմամբ՝ հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում, ի տարբերություն 2021-ի հունիսին տեղի ունեցած ընտրությունների, երբ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ ընդդիմախոսը չի լինելու «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ շատ ցանկալի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես չմասնակցի ընտրություններին, և մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը կարողանան ցույց տալ, որ իրենք կապ չունեն Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Արամ Աբրահամյանի խոսքով՝ իր համար ընդունելի են բոլոր քաղաքական ուժերն ու թեկնածուները, որոնք ցանկանում են, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս